Մատչելիության հղումներ

«Փաշինյանին մաքրագործել և հրեշտակի թևեր հագցնել չի հաջողվել». ի՞նչ է կարդացել Գեղամ Մանուկյանը 44-օրյա պատերազմի զեկույցում


44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին խորհրդարանի գաղտնի բաժնում առաջինը ծանոթացած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսպես է բնութագրում 215 էջից բաղկացած փաստաթուղթը: «Հայտնի խոսք կա՝ հանցագործության բացահայտման մեջ ամենակարևորը ինքդ քո հետքի վրա չհելնելն է: Այդ նախադասությունը հատուկ եմ օգտագործում», - ասաց նա:

Ի վերջո, զեկույցում տրվե՞լ են գլխավոր հարցերի պատասխանները, ո՞րն էր 2020-ի պատերազմի պարտության պատճառը, և ո՞վ էր գլխավոր պատասխանատուն, արդյոք գնահատականներ տրվե՞լ են պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար, վարչապետ Փաշինյանի գործողություններին:

Փաստաթղթի գաղտնիության ռեժիմը հաշվի առնելով՝ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորը փակագծեր չբացեց, բայց նշեց, որ զեկույցին ծանոթանալուց հետո սկսել է իրավապահներին հարցումներ ուղարկել:

«Գլխավոր դատախազ երեկ երկու հատ ուղարկել եմ, Քննչական կոմիտե երկու հատ ուղարկել եմ, այսօր ուղարկելու եմ Ազգային անվտանգության ծառայություն խիստ կարևոր երկու հաստատման հետ կապված, որը կարող է ատոմային ռումբի ազդեցություն ունենալ Հայաստանում: <> Հարցադրումներ շատ կան {վարչապետի} և՛ կադրային նշանակման, և՛ ռազմավարական որոշումներ կայացնելու», - նշեց նա:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ 2022-ին, երբ ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, իշխանության քաղաքական նպատակն էր այլոց մեղավոր կարգելով՝ «հրեշտակի թևեր հագցնել ու մաքրագործել» Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա պնդմամբ՝ քննիչ հանձնաժողովի զեկույցում դա անել չի հաջողվել:

«Ազատության» հարցին, թե զեկույցում «մաքրագործվա՞ծ էր» Նիկոլ Փաշինյանը, Մանուկյանը պատասխանեց. «Չէ, ես պատահական չձևակերպեցի, հանցագործության բացահայտման մեջ ամենակարևորը սեփական հետքի վրա դուրս չգալն է»:

Իսկ արդյոք դա՞ է պատճառը, որ խորհրդարանի լիագումար նիստում չընդգրկվեց զեկույցը, պատգամավորն արձագանքեց. «Դա դիմեք Ալեն Սիմոնյանին, որը ներկայացնում է, թե ժամկետներ են խախտվել: Ժամկետներն արդեն 2 տարի խախտել են»:

44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը ըստ սահմանված կարգի պետք է ներկայացվեր խորհրդարանի լիագումար նիստում, ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվեց գաղտնի բաժին:

Ալեն Սիմոնյանի բացատրությունն այն էր, որ քննիչ հանձնաժողովի զեկույցի ժամկետները խախտվել են, և հետևաբար այն անհնար է ներառել լիագումար նիստերի օրակարգում: Մինչդեռ, երբ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հետաձգում էր զեկույցի հրապարակման ժամկետները, իշխանության որևէ ներկայացուցիչ չէր ահազանգում, որ ժամկետներ են խախտվում:

Քննիչ հանձնաժողովի զեկույցը իշխանական բոլոր պատգամավորները չեն ստորագրել

Այս որոշման դրդապատճառներին չցանկանալով անդրադառնալ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորն ամեն դեպքում նկատում է՝ առանց Նիկոլ Փաշինյանի որևէ որոշում չի կայացվում. «Ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի իշխանական համակարգում որևէ ճանճ բզզա»

Ի դեպ, քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալիս Գեղամ Մանուկյանն արձանագրել է, որ փաստաթղթի տակ ստորագրել են հանձնաժողովի իշխանական ոչ բոլոր պատգամավորները: Զեկույցի տակ դրված է ընդամենը 4 պատգամավորի՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, նրա տեղակալ Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի ու Գագիկ Մելքոնյանի ստորագրությունները:

Ինչո՞ւ քննիչ հանձնաժողովի իշխանական մյուս պատգամավորները՝ Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, չեն ստորագրել զեկույցը. նրանցից մենաբանություն ստանալ այսօր չհաջողվեց, նրանք անպատասխան թողեցին մեր զանգերը: Քրիստինե Պողոսյանն օրերս «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրեն առաջարկել են զեկույցի տակ ստորագրել առանց բովանդակությանը ծանոթանալու: Այդ առաջարկը, սակայն, մերժել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG