Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Մովսես Հարությունյանը «Ազատությանը» հայտնեց, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է խորհրդարանի առաջին բաժին:
Առաջին բաժինն իրականացնում է պաշտոնական գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթաշրջանառության գործի կազմակերպման, գաղտնի փաստաթղթերի հաշվառման, առաքման, պահպանման, արխիվացման աշխատանքները:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին», - ասաց Հարությունյանը:
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, ակնկալում էր, որ Ազգային ժողովի խորհուրդը առաջիկա նիստում զեկույցը դնի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը:
Անցած հինգշաբթի օրը Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» ասել էր, որ զեկույցը կքննարկվի, բայց փակ լսումների ընթացքում։
Մանրամասները տե՛ս այստեղ