Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ի պատասխան ահաբեկչական պայթյունի 40 զինյալ է ոչնչացվել


Եգիպտոս - Ոստիկանները զննություն են կատարում ավտոբուսի պայթեցման վայրում, Գիզա, 28-ը դեկտեմբերի, 2018թ.
Եգիպտոս - Ոստիկանները զննություն են կատարում ավտոբուսի պայթեցման վայրում, Գիզա, 28-ը դեկտեմբերի, 2018թ.

Երեկ Եգիպտոսում Գիզայի բուրգերի մոտակայքում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունից սպանվել են երեք վիետնամցի զբոսաշրջիկներ և նրանց եգիպտացի էքսկուրսավարը: Եվս 11 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ի պատասխան այդ գրոհի՝ եգիպտացի ոստիկաններն այսօր նախաձեռնել են զինյալների չեզոքացման գործողություն, որի ընթացքում, ըստ իշխանության, սպանվել է 40 զինյալ:

Եգիպտոսի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ «հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների երեք հենակետեր Գիզայում և Հյուսիսային Սինայի շրջանում»:

Եգիպտոսի պետական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն՝ «ահաբեկիչները մտադիր էին հարձակվել պետական հաստատությունների, եկեղեցիների և զբոսաշրջության համակարգի հիմնարկների վրա»:

Ոստիկանները հաղորդում են ահաբեկիչների հենակետերում մեծ քանակով զենք ու զինամթերք առգրավելու մասին:

Զբոսաշրջությունը Եգիպտոսի եկամուտի հիմնական աղբյուրներից մեկն է: Այդ բնագավառը նախագահ Հոսնի Մուբարաքին 2011 թվականին գահընկեց անելուն հաջորդած քաղաքական անկայունության և զանգվածային անկարգությունների հետևանքով հայտնվել է ճգնաժամի մեջ, սակայն վերջին մի քանի ամսում սկսել է աստիճանաբար վերականգնվել:

Եգիպտոսում դեմոկրատական եղանակով ընտրված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին 2013 թվականին գահընկեց անելուց հետո, զինյալները թիրախ են դարձրել անվտանգության համակարգի զինծառայողներին, քրիստոնյա փոքրամասնությանը և օտարերկրացի զբոսաշրջիկներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG