Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

10:59 8.3.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով հետախուզության տվյալները, հայտարարում է, որ Խարկովի մերձակայքում մարտերի ընթացքում սպանվել է ռուս բարձրաստիճան զինվորական գեներալ Վիտալի Գերասիմովը: Ռուսական կողմը չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Գիշերն ակտիվ հրթիռակոծվել է Սումի քաղաքը: Սումիի շրջանի ղեկավարի վկայությամբ՝ տուժել են նաև բնակելի թաղամասեր։

11:00 8.3.2022

Ռուս զինվորականները հերթական անգամ հայտարարել են հրադադարի ռեժիմի և Ուկրաինայի մի քանի քաղաքներից խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու մասին։

Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից միջանցքներ կբացվեն Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից քաղաքացիական անձանց ելքը ապահովելու համար։

11:01 8.3.2022

Ուկրաինան Համաշխարհային բանկից գրեթե 500 միլիոն դոլարի շտապ օգնություն է ստացել: Գումարը հատկացվել է այս գիշեր։

Բանկը 350 միլիոն դոլար շտապ օգնություն էր խոստացել թոշակները և բուժանձնակազմի աշխատավարձերը վճարելու համար, սակայն Նիդերլանդներից և Շվեդիայից հավելյալ ներդրումներից հետո գումարը կազմել է 489 միլիոն եվրո:

12:07 8.3.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կմեկնի Փարիզ՝ բանակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, ով կանոնավոր հեռախոսային կապ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

12:09 8.3.2022

Եվրահանձնաժողովը այսօր կներկայացնի ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու փուլային ծրագիր, որը կազմում է ԵՄ բոլոր մատակարարումների 40 տոկոսը։

«Ծրագիրը զգալիորեն կնվազեցնի մեր կախվածությունը ռուսական գազից արդեն այս տարի, և մի քանի տարվա ընթացքում թույլ կտա մեզ ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ներմուծումից», - Եվրախորհրդարանի պատգամավորներին ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը՝ հավելելով․ - «Հեշտ չի լինի, բայց հնարավոր է»։

12:10 8.3.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեռ որոշում չի կայացրել ռուսական նավթի ներկրումն արգելող օրինագիծը ստորագրելու մասին: Այն այժմ քննարկվում է Կոնգրեսում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին։

12:11 8.3.2022

Ճապոնիան արգելել է նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան և պատժամիջոցներ է հայտարարել ևս 20 ռուսաստանցիների նկատմամբ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։

Պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում ներառված են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, գործարարներ։

12:13 8.3.2022

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Ես լավ հասկանում եմ, որ Դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ Դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ձեզանից դա սպասում են Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում։ Ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում Ձեր գործընկերները երախտապարտ կլինեն Ձեզ»,- ասել է Յանուկովիչը Զելենսկուն ուղղված ուղերձում։

Նախկին նախագահը խոստովանել է, որ բացի աղոթքից ոչնչով չի կարող օգնել իր երկրին։

12:43 8.3.2022

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ այս գիշեր և վաղ առավոտյան գնդակոծությունների ժամանակ կրկին խաղաղ բնակիչներ են զոհվել։

Սումի քաղաքում օդային ռմբակոծության հետևանքով ավերվել են բնակելի շենքեր, հրդեհվել է բազմաբնակարան շենք։ Հաղորդվում է, որ 9 մարդ զոհվել է, այդ թվում՝ երկու երեխա, մի կին վիրավորվել է։

Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաևում բնակելի թաղամասերում մի քանի տեղ հրդեհ է բռնկվել։ Գնդակոծության հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 5-ը դուրս է բերվել փլատակների տակից և տեղափոխվել հիվանդանոց։

Խարկովում հրետակոծությունից հետո հրդեհվել է բնակելի շենքի 9 հարկ։ Առնվազն 4 մարդ մահացել է։

13:23 8.3.2022

Ռուսական կողմը երրորդ օրն անընդմեջ հայտարարում է «լռության ռեժիմի» և հումանիտար միջանցքների մասին՝ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։ Կիևը շարունակում է պնդել, որ հումանիտար միջանցքները համաձայնեցված չեն ուկրաինական կողմի հետ, որը դեմ է բացառապես Ռուսաստան և Բելառուս տանող այդ ուղղություններին։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հաստատել է միայն մեկ մարդասիրական միջանցքի բացումը` Սումի քաղաքից Պոլտավա, որտեղ ռուս զինվորականներ չկան:

Հաղորդվում է, որ խաղաղ բնակչությանը տարհանելու համար Պոլտավայից Սումի է մեկնել 35 ավտոբուս։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG