- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկացի հետախուզական կառույցների վերլուծաբանների համոզմամբ՝ ռուսները թերագնահատել են դժվարությունները, որոնց կարող էին հանդիպել Ուկրաինայում:
«Նրանք այնտեղ ուկրաինացիների կողմից հանդիպել են սպասվածից շատ ավելի համառ դիմադրության, ինչի հետևանքով լուրջ խնդիրների առաջ են կանգնել», - ասել է Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կազմակերպված լսումների ընթացքում:
Նրա փոխանցմամբ՝ ռուսները չեն կարողացել միանգամից գրավել Կիևը, ջախջախիչ հարված հասցնել ուկրաինացիներին և արագ հաղթանակ ապահովել ու դրանով Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին զրկել Ուկրաինային լուրջ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունից:
«Համաձայն մեր գնահատականի, Մոսկվան թերագնահատել է Ուկրաինայի դիմադրողականության աստիճանը և իր ներքին դժվարությունները ռազմական տեսակետից: Դա վատ կազմված ծրագիր է, ակնհայտ են մարտական ոգու, ինչպես նաև լոգիստիկայի հետ կապված խնդիրներ», - ասել է Հեյնսը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում պատերազմի 14-րդ օրն է։ Կիևից առավոտյան տեղեկություններ էին ստացվում մայրաքաղաքում ուժեղ պայթյունների մասին։ Կիևում, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում, ինչպես նաև Կիևի մոտակայքում գտնվող Վասիլկով քաղաքում օդային տագնապ էր հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևում պայթյուններ հնչելուց անմիջապես հետո հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինայի ժամանակով առավոտյան ժամը 9-ից պահպանել լռության ռեժիմ։ Սա նշանակում է, որ մարդասիրական միջանցքները կշարունակեն աշխատել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։
Ուկրաինայի իշխանություններին նախօրեին հաջողվել է Սումիից տարհանել 5 հազար մարդու՝ դա առաջին հաջող զանգվածային տարհանումն էր։
1100 օտարերկրացի ուսանողի Սումիից առանձին գնացքով տարհանել են Լվով։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարն անվանել է «ծովի հատակին ննջող մետաղի կտոր»։
«Կարծում եմ, որ «Հյուսիսային հոսք 2»-ն այժմ մեռած է: Չեմ կարծում, որ որևէ մեկը երբևէ դրան հարություն կտա», - ասել է Նուլանդը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Բրիտանիան հայտարարել է, որ մինչև 2022 թվականի վերջ կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը:
Միացյալ Թագավորության տրանսպորտի նախարար Գրանթ Շափսը հայտարարել է, որ ռուսական օդանավերի մուտքը Բրիտանիայի օդային տարածք և վայրէջքը բրիտանական օդանավակայաններում քրեական հանցագործություն է համարվում:
PepsiCo ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գազավորված ըմպելիքների վաճառքը Ռուսաստանում։ Հայտարարությունը հաջորդեց ընկերության գլխավոր մրցակից Coca Cola-ի որոշմանը՝ դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում։
McDonald's-ը, Starbucks-ը, Universal Music-ը և այլ խոշոր ընկերություններ ևս հեռանում են Ռուսաստանից:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօրվանից մինչև սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Բանկը արտարժութային ավանդներից կամ քաղաքացիների հաշիվներից միջոցների օգտագործման նոր կարգ է սահմանել։ Ըստ այդմ՝ հաճախորդը կարող է իր ավանդից կանխիկացնել մինչև 10 հազար դոլար, իսկ մնացած միջոցները կանխիկացնել ռուբլով՝ օրվա շուկայական փոխարժեքով։
Փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը հաջորդած միջազգային պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվել է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ի լրումն Սումիում ռմբակոծությունների հետևանքով 22 զոհվածների մասին հաղորդագրությունների, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը չորեքշաբթի առավոտյան ավելացրել է հաղորդում նախորդ օրը այլ վայրերում զոհված ևս 7 խաղաղ բնակիչների մասին:
ՆԳՆ-ը հայտնում է, որ երեքշաբթի երեկոյան Ժիտոմիրի շրջանի Մալին քաղաքում ավիահարվածի հետևանքով ավերվել է 7 առանձնատուն, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, իսկ Խարկովի մարզի Դինեց գյուղում արկը ընկել է բնակելի շենքի վրա և սպանել 2 մարդու, այդ թվում՝ երեխայի։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսները պնդում են, թե ըստ իրենց հայթայթած գաղտնի ուկրաինական փաստաթղթերի, Ուկրաինան, իբր, մտադիր էր այս ամսվա ընթացքում հարձակվել Դոնբասի շրջանի վրա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 6-էջանոց փաստաթուղթ, որում շարադրված է ենթադրյալ հարձակման ծրագիրը: