- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար մեղավորները կպատժվեն, և ողջունել են Միջազգային քրեական դատարանի որոշումը հետաքննություն սկսելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը, չսպասելով Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի պաշտոնական դիմումի քննարկման արդյունքներին, կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ ասել է, որ ԵՄ-ն Ուկրաինային խոստանում է նաև քաղաքական, ֆինանսական, նյութական և հումանիտար աջակցություն՝ վստահեցնելով, որ ամբողջ ուժով կօգնի պատերազմից հետո ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։
Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, սակայն նշվում է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ուղղված են «ռուսական տնտեսության թուլացմանը»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Air Astana-ն հայտարարել է, որ դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան։
Ղազախստանյան ավիանկերությունը բացատրել է, որ ապահովագրական ընկերությունները չեղարկել են Ռուսաստանի օդային տարածքում թռիչքների ապահովագրությունը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական ալիքները՝ հղում անելով Վոլինի շրջանային վարչակազմի ղեկավարին, հայտնում են, որ Լուցկի մերձակայքում գտնվող օդանավակայանի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Փրկարարները մարում եմ բռնկված հրդեհը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը, վկայակոչելով տեղական կոմունալ ծառայություններին, հայտնում է, որ Չեռնիգովի ջրամատակարարման ցանցը վնասվել է, ինչի հետևանքով քաղաքը մնացել է առանց ջրի։ Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգովը շրջափակված է ռուսական բանակի կողմից և գտնվում է կրակի տակ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը օրենսդրության նախագիծ է մշակել, որն ուղղված է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից միջազգային ձեռնարկությունների աճող ելքը կանխելուն և դրանց ազգայնացման համար պոտենցիալ հիմքեր ստեղծելուն:
«Իզվեստիա»-ի տվյալներով՝ ՌԴ էկոնոմիկայի նախարարությունն արդեն կառավարություն և գլխավոր դատախազություն է ուղարկել մոտ վեց տասնյակ օտարերկրյա ընկերությունների ցուցակ, որոնք լքել են ռուսական շուկան և կարող են պետականացվել։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին, մեկնաբանելով Ռուսաստանը լքած արևմտյան ընկերությունների արտադրությունն ազգայնացնելու հնարավորության քննարկումը, հայտարարել է․ - «Ռուսական իշխանությունների ցանկացած անօրինական որոշում՝ բռնագրավելու այդ ընկերությունների ակտիվները, ի վերջո միայն լրացուցիչ տնտեսական տառապանք կբերի Ռուսաստանի համար: Դա կուժեղացնի արդեն առանց այդ էլ հստակ ազդանշանները համաշխարհային գործարար հանրությանը, որ Ռուսաստանում բիզնեսով զբաղվելն անվտանգ չէ»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Լուցկի վրա ռուսական ուժերի հարվածի հետևանքով 2 ուկրաինացի զինվոր է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են, հայտնել է Վոլինի շրջանային վարչակազմի ղեկավար Յուրի Պոգուլայկոն։ Ավելի վաղ ուկրաինական ալիքները նրան հղումով գրել էին, որ զոհեր չկան։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսական բանակի կողմից շրջափակված Մարիուպոլը կրիտիկական իրավիճակում է, քաղաքը ռմբակոծվում է կես ժամը մեկ, հաղորդում է UNIAN-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյին։