- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կփորձի վերախմբավորել իր ուժերը՝ առաջիկա օրերին հարձակումը վերսկսելու համար։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ զգուշացնելով՝ դա կարող է ներառել նաև «Կիևի դեմ գործողություններ»։
Maxar ընկերության արբանյակային լուսանկարների համաձայն, ռուսաստանյան ռազմական տեխնիկայի հսկայական շարասյունը կենտրոնացվել է Կիևից դեպի հյուսիս։
Associated Press գործակալությունը, վկայակոչելով Maxar-ի տվյալները, նշում է, որ տեխնիկայի մի մասը, այդ թվում՝ հրետանին, դիրքավորվել է անտառային գոտում՝ հավանաբար պատրաստվելով հարվածի։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի նախագահը համաձայնել է Ուկրաինայի հետ պատերազմում ներգրավել նաև կամավորներին։
«Եթե տեսնում եք մարդկանց, որոնց ցանկանում են կամավորական հիմունքներով, առավել ևս՝ ոչ փողի դիմաց, մեկնել և օգնել Դոնբասի բնակիչներին, դե ինչ, պետք է ընդառաջ գնալ և օգնել նրանց հասնել մարտի դաշտ», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ՝ շարունակելով․ - «Ուկրաինայի, ուկրաինական ռեժիմի արևմտյան հովանավորները չեն թաքցնում՝ նրանք դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»:
Ռուսաստանի նախագահը հավանություն է տվել նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ Դոնբասի ռուսամետ անջատական ուժերին փոխանցել ուկրաինական զինուժից առգրավված հակաօդային պաշտպանության և հակատանկային հրթիռային համակարգերը, այդ թվում՝ Javelin-ները և Stinger-ները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմել ցանկացող կամավորների ամենամեծ թիվը Մերձավոր Արևելքից է։ «Արդեն 16 հազար հայտ ունենք», - ասել է Շոյգուն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մարտի 11-ի դրությամբ ՄԱԿ-ի տվյալներով 2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ևս 2 միլիոնը ներքին տեղահանվածներ են։ Փախստականների մեծ մասը՝ ավելի քան 1,5 միլիոնը, ապաստանել է հարևան Լեհաստանում։
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Փոլ Դիլոնի խոսքով՝ 2,5 միլիոն փախստականների թվում 116 հազար օտարերկրյա քաղաքացիներ կան:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախօրեին հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի մայրաքաղաքից հեռացել է յուրաքանչյուր երկրորդ բնակիչ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին բանտից կոչ է արել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և երկրի այլ քաղաքների բնակիչներին՝ շաբաթավերջին կրկին դուրս գալ փողոց՝ ընդդեմ Ուկրաինայի պատերազմի։
«Խելագար, մոլագար Պուտինին ամենաշուտը կարող է կանգնեցնել Ռուսաստանի ժողովուրդը, եթե դուրս գա ընդդեմ պատերազմի։ Սա ծանր մարաթոն է, հյուծող պայքար է՝ վախով, ձերբակալություններով: Բայց սա հաստատ անօգուտ պայքար չէ», - հայտարարել է Նավալնին։
Ռուսաստանում հակապատերազմական գործողությունների համար փետրվարի 24-ից ի վեր ձերբակալվել է շուրջ 14 հազար մարդ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ։
Վերսալում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները փոխարենը պայմանավորվել են ավելացնել Ուկրաինային հատկացվող «մարդասիրական, բժշկական և ֆինանսական» օգնությունը, աջակցել փախստականներին, մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։
Դաշինքը Կիևին խոստանում է նաև պատերազմի ավարտից հետո «աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը»։
Ինչ վերաբերում է Կիևի՝ անդամակցության մասին դիմումին, ինչպես հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ գործընթացը ժամանակատար է, և ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա․ - «Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան ժամանակ սպասում էին անդամակցության գործընթացին»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևը պնդում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում գտնվող Բելառուսի բնակավայրի ուղղությամբ կրակ է արձակել` փորձելով Մինսկին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմին։
Ուկրաինայի ռազմաօդային հրամանատարության հաղորդագրության համաձայն` ռուսական ինքնաթիռը Բելառուսի օդանավակայանից օդ է բարձրացել, անցել Ուկրաինայի օդային տարածք, ապա կրակել բելառուսական Կոպանի գյուղի ուղղությամբ:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին: