- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը կիրակի երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Յավորովի ռազմաբազային հասցված հարվածներով ոչնչացվել են 180 օտարերկրացի վարձկաններ ու օտարերկրյա սպառազինության մեծ խմբաքանակ։ Ուկրաինա ժամանած օտարերկրացի վարձկանների ոչնչացումը շարունակվելու է, վստահեցրել է ռուս գեներալը։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր շարունակվելու են։ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները մշտապես ընթանում են տեսակոնֆերանսների ձևաչափով։ Կողմերը նախնական արդյունքները կամփոփեն այսօրվա նիստում, Թվիթերում երեկ գրել է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական աղբյուրները հայտնում են նոր պայթյունների մասին Ռովնոյի մերձակայքում և Կիևի արվարձաններում։
Հղում անելով Ռովնոյի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալին` հաղորդվում է, որ ռուսական հրթիռի ավիահարվածի հետևանքով վնասվել է Ռովնոյի մերձակայքում գտնվող հեռուստաաշտարակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր խաղաղ բնակչության տարհանում չի լինի, հայտնել է Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։
Իր տելեգրամյան ալիքում նա գրել է ․ - «Երթուղիներից («կանաչ միջանցքներից») և ոչ մեկն այսօր համաձայնեցված չէ, բանակցությունները շարունակվում են»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուսական հրթիռային հարձակումը Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ուսումնամարզական հավաքակայանի վրա, կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ փակել Ուկրաինայի երկինքը։
«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է նա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիևում բնակելի շենքի և «Անտոնով» գործարանի հրետակոծություններից, նախնական տվյալներով, 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Մոտ 70 մարդ տարհանվել է բնակելի շենքից, որի մոտ պայթել է արկը։
«Անտոնով» գործարանում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ «Բայրաքթար» և 187 օբյեկտ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին դիմել է տեսաուղերձով, որով հավաստիացրել է, որ Ուկրաինան կհաղթի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե «հատուկ օպերացիան ընթանում է ըստ ծրագրի»:
«Ռուսաստանն ունի ինքնաբավ կարողություններ այդ հատուկ օպերացիան իրականացնելու համար, այն զարգանում է ըստ կազմված ծրագրի և ամբողջ ծավալով կավարտվի նախատեսված ժամկետում», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ չնշելով որևէ հստակ կամ մոտավոր ժամկետ: