- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է բանաձև, որը կոչ է անում հետաքննել Ռուսաստանի կառավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ ռազմական հանցագործությունները:
Փաստաթուղթը, որն ամերիկյան Կոնգրեսում վերին պալատում ներկայացրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, խստորեն դատապարտում է «բռնությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները», որոնք, ըստ նախագծի հեղինակների, իրականացվել են Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից՝ Պուտինի ղեկավարությամբ։
Բանաձևը կոչ է անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել Պուտինի, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև ռուսական զինված ուժերի հրամանատարության գործողությունները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները հավելյալ 186 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել ուկրաինացիներին, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշում է, որ «ԱՄՆ-ը տրամադրում է ավելի քան 186 միլիոն դոլար հավելյալ մարդասիրական օգնություն՝ երկրի ներսում տեղահանվածներին և ավելի քան 3 միլիոն փախստականներին աջակցելու համար»։
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր կհայտարարի Ուկրաինային ևս մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիան գրեթե 300 անուն ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ցուցակ է կազմել, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս կարգելվի մարտի 18-ից։
Բացի այդ, Ճապոնիան ամբողջությամբ արգելում է ցանկացած գործարար հարաբերություն Ռուսաստանի և Բելառուսի մոտ հինգ տասնյակ ռազմական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկում է Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղապահ առաքելություն տեղակայել։
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է խաղաղապահ առաքելություն ձևավորել ՆԱՏՕ-ի կամ մեկ այլ՝ ավելի լայն ներգրավվածություն ունեցող միջազգային կառույցի հովանու ներքո, որն ի վիճակի կլինի պաշտպանել ինքն իրեն և գործել Ուկրաինայի տարածքում», - հայտարարել է Կաչինսկին անցած գիշեր Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Յարոսլավ Կաչինսկին Կիև էր ժամանել Եվրամիության բարձրաստիճան պատվիրակության կազմում, որում ընդգրկված էին նաև Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի հետ բանակցությունները դժվար են ընթանում, բայց կարևոր են, քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով»,- անցած գիշեր հեռարձակված ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են և կողմերի նախնական մոտեցումներում որոշակի փոփոխություններ են զգացվում։ «Ինձ տեղեկացրել են, որ բանակցությունների ընթացքում ավելի իրատեսական մոտեցումներ են հնչում։ Ամեն դեպքում, էլի ժամանակ կպահանջվի որպեսզի կայացվող որոշումները բխեն Ուկրաինայի շահերից», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Պատերազմի 21-րդ օրը Ուկրաինայի մայրաքաղաքը կրկին հրթիռակոծվել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ լուսադեմին իրականացված հարվածների հետևանքով տուժել է քաղաքի արմուտքում գտնվող Շևչենկոյի շրջանը։
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ, երկու բազմաբնակարան շենք է վնասվել, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին այսօր հայտարարել է,որ Կիևի պաշտպանությունը ռազմավարական խնդիր է։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունները դժվար են ընթանում սակայն «փոխզիջման որոշակի հույս առկա է»։
Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ իր մոտ նման կարծիք է ձևավորվել ելնելով ռուսաստանյան պատվիրակության անդամների գնահատականներից։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքը, որի քննարկման առանցքային թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու դաշինքի՝ դրանից բխող գործողություններն են։
«Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում մենք շարունակում ենք միասնաբար հանդես գալ։ Մենք դատապարտում ենք Ուկրաինայի վրա Ռուսաստանի անարդարացի հարձակումը։ Ուկրաինան ինքնիշխան և լեգիտիմ կառավարություն ունի, որը օժտված է սեփական երկիրը պաշտպանելու լիարժեք իրավունքով։ Մենք շարունակելու ենք պաշտպանել ուկրաինացիների այդ իրավունքը», - ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքից առաջ հայտարարում էր Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը։