- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ալբանիան, Իռլանդիան և Նորվեգիան Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու հայտ են ներկայացրել:
Ենթադրվում է, որ նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին օրվա երկրորդ կեսին: Օրակարգում Ուկրաինայում հումանիտար ծանր ճգնաժամի հարցն է:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միջազգային քրեական դատարանն Ուկրաինայի իրավիճակը քննարկելու նպատակով Ռուսաստանի իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպելու պաշտոնական դիմում է ուղարկել Մոսկվա:
«Մենք մեր աշխատանքը կատարում ենք անկախ, անաչառ և բարեխղճորեն, ընդգծեմ՝ մենք ցանկանում ենք համագործակցել բոլոր կողմերի հետ, դրանից ելնելով ես պաշտոնական հայտ եմ ուղարկել Ռուսաստան՝ այդ երկրի իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպելու և ներկայիս իրավիճակը քննարկելու համար: Շատ կարևոր է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցի հետաքննությանը, և ես պատրաստ եմ հանդիպել նրանց [Ռուսաստանի ներկայացուցիչների] հետ»,- հայտարարել է դատախազ Քարիմ Խանը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգների նախագահը Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել։ Նախօրեին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենն ասել է․ - «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անընդունելի և աններելի հռետորաբանություն» է անվանել Բայդենի խոսքերը։ «Մենք անընդունելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը մի պետության ղեկավարի, որի ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Զելենսկին ուկրաինացիներին խոստացել է վերականգնել պատերազմի հետևանքով ավերված բոլոր տները։
Մեկնաբանելով Ռուսաստանի հետ բանակցությունները Զելենսկին որպես առաջնահերթություն նշել է պատերազմի ավարտը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականության վերականգնումը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Չեռնիգովում հացի հերթում զոհվածների թիվը հասել է 13-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնել է շրջանի ոստիկանության պետ Վլադիմիր Նիդզելսկին։
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհվածների մասին։
Երեկ Չեռնիգովի բնակելի թաղամասում կրակի տակ է ընկել բարձրահարկ շենքը, որի մոտ մարդիկ հերթում կանգնած են եղել:
Ուկրաինան պնդում է, որ ռուսական զորքերն են կրակել հացի հերթում կանգնած մարդկանց վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, «ազգայնականների սադրանք» է անվանում տեղի ունեցածը։ «Չեռնիգովում ռուս զինծառայողներ չեն եղել և չկան», - հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Ուկրաինայի հիվանդանոցներին և բժշկական հաստատություններին հասցված 43 թիրախային հարվածների մասին։
ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ բժշկական հաստատությունների վրա անընդունելի հարձակումները «դառնում են պատերազմի ռազմավարության և մարտավարության մաս»:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կանադայի կառավարությունն արգելել է ռուսական Russia Today և Russia Today France հեռուստաալիքների հեռարձակումը երկրում։ Փաստաթղթում նշվում է, որ այդ ալիքների հաղորդումները «չեն համապատասխանում կանադական հեռարձակման չափանիշներին»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի անդամների առջև, կոչ էր արել Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու ռեժիմ սահմանել։
Սաքին նշել է, որ Վաշինգտոնի մերժումը կապված է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի հետ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի օրը պահանջել է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ռազմական ներխուժումը Ուկրաինա։
«Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական բռնությունը, որը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում», - ասվում է դատարանի վճռում, որը հրապարակվել է երեկ Հաագայում։ Հրապարակմանը ներկա չեն եղել Ռուսաստանի ներկայացուցիչները։
Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, որը Կիևը ներկայացրել էր երկու շաբաթ առաջ՝ բողոքելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի խախտման մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է դատարանի որոշումը։ «Ուկրաինան ամբողջական հաղթանակ տարավ Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի դեմ գործով», - գրել է Զելենսկին Twitter-ում։
Դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, սակայն փորձագետները կասկածում են, թե Ռուսաստանը կկատարի այն՝ մատնանշելով, որ Մոսկվայի ներկայացուցիչները բոյկոտել էին դատական նիստը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում ավելի քան 3 միլիոն մարդ փախստական է դարձել, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Ուկրաինայի ժողովրդին անսահմանորեն խաղաղություն է պետք, և մարդիկ ամբողջ աշխարհում պահանջում են դա: Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը հենց հիմա», - գրել է Գուտերեշը Twitter-ում։