Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:53 17.3.2022

Ռուսաստանի նախագահը պնդում է, թե Ուկրաինայի դեմ իր հատուկ գործողությունն ընթանում է ըստ ծրագրվածի, իսկ նրանք, ովքեր ընդդիմանում են, «դավաճաններ են երկրի ներսում»։

Պատերազմի մեկնարկից ուղիղ երեք շաբաթ անց Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան աննախադեպ պատժամիջոցները հսկայական վնաս են հասցրել տնտեսությանը, ինչն անխուսափելիորեն ազդելու է բնակչության վրա։ Ռուսաստանի նախագահը կրկին մեղադրել է Արևմուտքին ու արևմտյան արժեքները դավանող ռուսներին։ Ընդ որում, խոսելով հինգերորդ շարասյան մասին` Պուտինը պնդեց, թե դավաճանները մեծամասամբ լավ ապրող ռուսաստանցիների շրջանում են:

«Անշուշտ, նրանք` Արևմուտքը, կփորձեն օգտագործել այսպես կոչված նացիոնալ դավաճաններին, նրանց, ովքեր փող են աշխատում այստեղ Ռուսաստանում, իսկ ապրում են այնտեղ` Արևմուտքում։ Եվ ապրում են ոչ այնքան աշխարհագրական իմաստով, այլ իրենց մտքերով, իրենց ճորտական գիտակցությամբ։ Ես, իհարկե, չեմ դատապարտում նրանց, ովքեր վիլլաներ ունեն ֆրանսիական Ռիվիերայում կամ Մայամիում, խնդիրը պարզապես այն է, որ նրանցից շատերն իրենց էությամբ մեր ժողովրդի, Ռուսաստանի հետ չեն», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

«Հասարակության այդ բնական ու անհրաժեշտ ինքնամաքրումը միայն կամրապնդի Ռուսաստանը», - ասել է Պուտինը՝ հավելելով, թե ռուս ժողովուրդը «միշտ կարողացել է իրական հայրենասերներին տարբերել տականքներից ու դավաճաններից»։

15:57 17.3.2022

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումը Ուկրաինա հակասում է օլիմպիական ոգուն, և ժամանակը կգա որոշելու՝ արդյոք նրա երկիրը կարո՞ղ է մասնակցել 2024 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերին։

«Օլիմպիական խաղերը նույնպես այս մոլորակի աշխարհաքաղաքական մաս են կազմում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Ռուսաստանին չի դասում խաղաղ երկրների խմբում։ Վլադիմիր Պուտինն անարդարացի պատերազմ է վարում։ Նա խախտում է, չի ճանաչում միջազգային օրենքները։ Մենք պետք է դա հաշվի առնենք», - ասել է Փարիզի քաղաքապետը Reuters-ի հարցազրույցում։

16:29 17.3.2022

Ռուսաստանը չի կատարի Ուկրաինայում մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

17:26 17.3.2022

Ռուսաստանի բռնազավթած որոշ տարածքներում պարտիզանական պատերազմ է սկսվել զավթիչների դեմ, հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ուկրաինացի դիվանագետը նշեց՝ ռուսական զինուժի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքին հարվածելուց հետո գրեթե մեկ օր է անցել, սակայն հնարավոր չէ ո՛չ փրկարարական աշխատանքներ սկսել այնտեղ, ո՛չ հաշվել զոհերի, վիրավորների թիվը, քանի որ քաղաքը շրջապատված է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։

17:47 17.3.2022

Մոսկվայից արտասահման մեկնելու համար ամրագրած տոմսերը վկայում են, որ Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած երկրներից մեկն է։ «Ինտերֆաքսը», վկայակոչելով «Авиасейлс» ծառայության տվյալները, հաղորդում է, որ մարտի կեսերին մեկ ուղղությունով Մոսկվայից դուրս մեկնելու համար դեպի Թուրքիա ամրագրվել է ընդհանուր արժեքով 38,5 հազար ռուբլու, իսկ դեպի Հայաստան՝ 27,1 հազար ռուբլու տոմսեր։

Մյուս ուղղությունները Կենտրոնական Ասիայի երկրներն են՝ Ուզբեկստան, Ղրղըզստան, Տաջիկստան։ Այդ երկրներ մեկնելու համար ամրագրված տոմսերը համեմատաբար քիչ են՝ 15 հազարից մինչև 21,5 հազար ռուբլի։

Տվյալները վերաբերում են մարտի 10-16-ը տոմսերի որոնմանն ու ամրագրմանը, որոնց թռիչքները նախատեսված են առաջիկա չորս շաբաթների ընթացքում։

19:04 17.3.2022

Այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Բանակցություններին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն վճռական է կանգնեցնելու Ուկրաինայի պատերազմի հետագա սրացումը։

«ՆԱՏՕ-ն պատասխանատու է կանխելու այդ հակամարտության հետագա սրացումը, որը կլինի ավելի վտանգավոր և կպատճառի ավելի շատ տառապանքներ, մահ ու ավերածություններ»,- ասել է նա։

Օլաֆ Շոլցը կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի պատերազմին։

20:01 17.3.2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո այսօր Ուկրաինայի Լվով քաղաքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային։

20:01 17.3.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդման համաձայն՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրադարձությունները և հումանիտար իրավիճակը տեղերում։

Էրդողանը Պուտինին կրկին հրավիրել է Թուրքիա` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու նպատակով։ Նա ասել է, թե մի շարք հարցեր համաձայնեցնելու համար հավանաբար կարիք կա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպում ունենան։

20:07 17.3.2022

Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր առնվազն 780 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը հաղորդում է, որ փետրվարի 14-16-ը Ուկրաինայի սահմաններից դուրս է եկել 3 միլիոն 169 հազար 897 մարդ։ Ուկրաինացի փախստականների կեսից ավելին անցել են Լեհաստան։

20:27 17.3.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունենալու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Նրանք մտքեր են փոխանակելու ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։ Քննարկվելու է նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև մրցակցության կարգավորմանը առնչվող հարցեր և այլ թեմաներ։

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունենալու ուրբաթ օրը՝ մարտի 18-ին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG