- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Այսօր Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը պետք է հեռախոսով քննարկեն մի շարք կարևոր միջազգային թեմաներ: Ենթադրվում է, որ առանցքայինը կլինի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը:
Պեկինն առայսօր պաշտոնապես չի դատապարտել ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա և այն չի անվանել «պատերազմ»: Չինացիները չեն ճանաչել Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը:
Պեկինն ափսոսանք է հայտնել պատերազմում մարդկային կորուստների կապակցությամբ և պնդել, որ ռուս-ուկրաինական առճակատումը պետք է կարգավորել միայն բանակցային եղանակով, հատուկ ընդգծելով, որ լուծումը պետք է հիմնվի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա:
Բայց, մյուս կողմից, Պեկինը նշել է, որ ռուս-ուկրաինական առճակատումը նոր ծագած խնդիր չէ, և դրա պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի անդադար ընդարձակումն է դեպի արևելք՝ Ռուսաստանի սահմաններ:
Պեկինն այս կոնֆլիկտի ընթացքում մի քանի անգամ պնդել է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած քաղաքական և տնտեսական պատժամիջոցները միայն վատթարացնում են իրավիճակը և մեծ հարված են հասցնում աշխարհի կայունությանն ու տնտեսական-ֆինանսական համակարգին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։ Փաստաթղթին աջակցել է 424 օրենսդիր, դեմ է քվեարկել 8-ը։
Օրինագիծը կփոխանցվի Սենատ:
Նորմալ առևտրային հարաբերությունների կասեցումը նշանակում է, որ Ռուսաստանից և Բելառուսից ներմուծումներն ամերիկյան շուկայում կկորցնեն իրենց բարենպաստ դիրքը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսական կողմի գործողությունները վկայում են, որ այն տրամադրված չէ ուկրաինական իշխանությունների հետ դիվանագիտական համագործակցության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պետքարտուղարն իր աջակցություն է հայտնել լարվածության թուլացմանն ուղղված Ուկրաինայի ջանքերին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ մարդասիրական միջանցքներով Ուկրաինայի քաղաքներից տարհանվել է գրեթե 4 հազար մարդ, ինչը շատ ավելի քիչ է, քան նախորդ օրը:
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը ճեպազրույցում ասել է, որ մարտի 17-ին մոտ 2 հազար մարդու հաջողվել է լքել շրջափակված Մարիուպոլ քաղաքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մարտի 16-ին մի շարք քաղաքներից և ավաններից տարհանվել է ավելի քան 60 հազար մարդ։
Մարիուպոլի ավագանու հայտարարությունում ասվում է, որ մինչ այժմ մոտ 30 հազար բնակիչ կարողացել է հեռանալ, սակայն ավելի քան 350 հազարը մնացել է պաշարված քաղաքում՝ առանց բավարար սննդի, ջրի կամ բժշկական պարագաների։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանը խնդրել է այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել՝ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ քննարկում անցկացնելու համար: Այդ մասին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ դեսպանն ասել է, որ շտապ հանդիպում են խնդրում՝ քննարկելու Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների թեման, հաշվի առնելով նոր փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել «հատուկ ռազմական գործողության» ընթացքում:
Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքում «ռազմական հատուկ գործողության» ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվերով գործող ավելի քան երեք տասնյակ կենսաբանական լաբորատորիաների ցանց է հայտնաբերվել:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը որոշել է չեղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ իր ներկայացրած բանաձևի նախագծի քվեարկությունը։ Մոսկվան հանում է նախագծի քվեարկության խնդրանքը, սակայն հետ չի վերցնում փաստաթուղթը, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Լվովի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքի օդանավակայանի մերձակա տարածքը ենթարկվել է ռուսական ուժերի հրթիռային հարվածների, սակայն հրթիռները չեն խոցել հենց օդանավակայանը։ Ավերվել է ինքնաթիռների վերանորոգման գործարանը, սակայն աշխատողներ չեն եղել ներսում, և տուժածներ չկան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առավոտյան Լվովում պայթյուններ են լսվել, քաղաքի վրա ծուխ է տարածվում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ռուսական օդուժը բարձր ճշգրտության հրթիռային զինատեսակներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի, զենքի և զինամթերքի պահեստներին։
«Հրթիռային սպառազինության մարտական կիրառումն իրականացվել է միջին և ցածր բարձրություններից», - ասված է հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ յոթնյակի երկրները պատրաստակամություն են հայտնել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինա զինված ներխուժման ֆոնին։ Այս մասին ասվում է G7-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած հայտարարությունում։
Տեսակոնֆերանսի արդյունքների համաձայն՝ կողմերը միակարծիք են եղել, որ կիրառվող պատժամիջոցները «էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա», ասվում է հաղոդագրության մեջ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:
Պատժամիջոցները վերաբերում են 15 ֆիզիկական անձի և 9 ընկերությունների:
Ճապոնիայի արտգործնախարարության այսօր հրապարակած հայտարարության համաձայն՝ նոր ցուցակում ներառված են, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ պաշտպանության 8 փոխնախարարներ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միայն պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում զոհվել կամ վիրավորվել է 450 խաղաղ բնակիչ: «Խարկովում Ռուսաստանի զինված ուժերն անտեսում են խաղաղ բնակիչների կյանքը՝ բազմիցս հարձակվելով բնակավայրերի վրա», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ կազմակերպության զեկույցում։
Զեկույցում ասվում է, որ ավիահարվածներ են հասցվել և գնդակոծվել են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ և խանութներ: Մարդիկ մնացել են առանց սննդի և դեղորայքի:
Հրթիռակոծությունը վնասել է քաղաքի ենթակառուցվածքը՝ բնակիչներին զրկելով կենսական ծառայություններից, ինչպիսին են էլեկտրամատակարարումը, ջեռուցումը և ջրամատակարարումը: