Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

08:28 22.3.2022

Ռուսաստանի ամենախոշոր օդանավակայանը՝ Մոսկվայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Շերեմետևո»-ն, գրեթե չի գործում:

Օդանավակայանի աշխատակիցների 40 տոկոսը մարտի 16-ից պարապուրդի է մատնվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների, կարգադրությունը ստորագրել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:

Հրամանագրում նշվում է, որ պարապուրդի պատճառն «ուղևորափոխադրումների ծավալի կրիտիկական նվազումն է»:

09:41 22.3.2022

Մոսկվան փորձում է «ոչնչացնել» Ուկրաինան, տեղական լրատվամիջոցներին ասել է Վլադիմիր Զելենսկին։ Կիևը չի կարող կատարել ռուսական վերջնագրերը, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

«Նախ մեզ պետք է ոչնչացնել, հետո նրանց վերջնագիրը կիրականացվի։ Ռուսները ցանկանում են, որ Ուկրաինան հանձնի Կիևը, Խարկովը, Մարիուպոլը, սակայն ո՛չ ուկրաինացի ժողովուրդը, ո՛չ ես՝ որպես նախագահ, չենք կարող դա անել», - հայտարարել է Զելենսկին:

Երեկ Պենտագոնը մեղադրել է ռուսական ուժերին Ուկրաինա արյունալի ներխուժման ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ հայտնելով, որ ապացույցները հավաքագրվում են։

10:12 22.3.2022

Կրեմլին մոտ կանգնած «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը Ուկրաինայում մարտերում զոհված ռուսաստանցի զինվորների թիվ հրապարակելուց վայրկաններ անց ջնջել է այդ տեղեկատվությունը։

Մի քանի վայրկան գոյություն ունեցած առցանց հրապարակումը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, նշում էր, որ փետրվարի 24-ին պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 9 հազար 861 ռուս զինվոր:

10:37 22.3.2022

Չեչեն գրոհայինները՝ շրջափակված Մարիուպոլում. Կադիրովը տեսանյութ է հրապարակել
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00


Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ուկրիանայի նախագահը տեղական լրատվական կայքին տված հարցազրույցում:

«Հետևաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին», - ավելացրել է Զելենսկին՝ վերահաստատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով» հանդիպելու անհրաժեշտությունը՝ մարտերը դադարեցնելու համար։

10:41 22.3.2022

Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս շաբաթ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտելու մասին հայտարարություն կդնի քվեարկության՝ մեղադրելով Կրեմլին «սարսափելի» հումանիտար իրավիճակ ստեղծելու մեջ:

ՄԱԿ-ի հայտարարությունը Մոսկվայից կպահանջի դադարեցնել մարտերը, դուրս բերել զորքերը և թույլ տալ, որ մարդասիրական օգնությունը հասնի խաղաղ բնակչությանը։

Քվեարկության օրը հայտնի չէ:

10:53 22.3.2022

Ռուս հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան Լատվիայում անցկացրած արձակուրդից հետո չի վերադարձել Ռուսաստան՝ իր երկրի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով:

YouTube-ով հեռարձակված հարցազրույցում 46-ամյա դերասանուհին, որ նաև ղեկավարում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի «Նվիրիր ինձ կյանք» բարեգործական հիմնադրամը, իր իրավիճակը որակել է աքսոր:

«Ստորագրեցի պատերազմի դեմ խնդրագիրը, հետո ինձ հասկացրին, որ անցանկալի կլինի վերադարձս: Ես գիտեմ, որ դավաճան չեմ, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը», - հայտարարել է դերասանուհին։

11:25 22.3.2022

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) վեց ամսով որակազրկել է ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը հրապարակայնորեն աջակցելու համար։

«Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ», - ասված է ՖԻԴԵ-ի հայտարարության մեջ։

Կարյակինը չի կարող մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որի մեկնարկը նախատեսվում է հունիսի 16-ին:

12:32 22.3.2022
Պայթյուններ Մարիուպոլի արդյունաբերական համալիրում. կադրեր ԱԹՍ-ից
please wait

No media source currently available

0:00 0:00:30 0:00

14:11 22.3.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ վերստին պնդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցությունների անհրաժեշտության մասին՝ ասելով, թե հնարավոր չէ ավարտել պատերազմն առանց Պուտինի հետ հանդիպման:

«Ես կրկնում եմ այն, ինչ տարիներ շարունակ առաջարկել եմ, ես համոզված եմ, որ առանց այդ հանդիպման դու չես կարող հասկանալ, թե իրականում նրանք ինչ են պատրաստում, ինչ են առաջարկում պատերազմը դադարեցնելու համար և ինչ կանեն, եթե մենք պատրաստ չլինենք փոխզիջման», - ասել է Զելենսկին:

15:12 22.3.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը և Հնդկաստանի պետական քարտուղար Հարշ Վարդհան Շրինգլան հանդիպել են Նյու Դելիում:

Երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են ամերիկա-հնդկական հարաբերությունների և Ուկրաինայի ճգնաժամի հարցերը:

Նուլանդը հանդիպել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմայամ Ջայշանկարին: Նուլանդն այդ հանդիպումներից հետո մեկնել է Շրի Լանկա:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն օրերս ասել է, թե Ուկրաինայի հարցում Հնդկաստանի դիրքորոշումը հստակ չէ:

Հնդկաստանը պատերազմի կապակցությամբ կողմերին զսպվածության կոչ է ուղղել և հորդորել է բանակցել, սակայն միանշանակ չի դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG