- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան խստորեն դատապարտել է խաղաղության պայմանագրի կնքմանն ու Կուրիլյան կղզիների շուրջ վեճի կարգավորմանն ուղղված բանակցությունները դադարեցնելու, ինչպես նաև համատեղ տնտեսական ծրագրերը սառեցնելու Ռուսաստանի որոշումը:
Մոսկվան այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ Տոկիոն Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ միացել է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին:
«Ներխուժելով Ուկրաինա՝ Ռուսաստանն է ստեղծել այս ամբողջ իրավիճակը: Դրան խառնելով ռուս-ճապոնական հարաբերությունները՝ Մոսկվան չափազանց անարդար քայլի է դիմել: Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի այդ որոշումը», - հայտարարել է Ֆումիո Կիշիդան:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Նոբելյան Խաղաղության մրցանակի 2021 թվականի դափնեկիր, «Նովայա գազետա» ռուսական պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը մեդալը կներկայացնի աճուրդի և ստացված եկամուտը կփոխանցի ուկրաինացի փախստականներին:
Մուրատովը ռուս-ուկրաինական պատերազմի կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, փոխանակել գերիներին և զոհվածների դիակները, բացել մարդասիրական միջանցքները և օգնություն տրամադրել փախստականներին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆինլանդիայի մաքսային ծառայությունը կալանքի տակ է վերցրել 21 թանկ զբոսանավեր, որոնք, ենթադրաբար, պատկանում են Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանցի մեծահարուստներին: Այդ տեղեկությունը հրապարակել է Helsingin Sanomat պարբերականը:
Եթե մաքսային ծառայությունները պարզեն, որ նավերն իսկապես պատկանում են պատժամիջոցների ցանկում գտնվող ռուս մեծահարուստներին, ապա պարտքերի հավաքագրման տեղական գործակալությունները կարող են ընդունել նավերի վրա արգելանք դնելու որոշում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Իտալիայի իշխանությունները սառեցրել են Եվրամիության կողմից պատժամիջոցների ցանկում ներառված ռուս գործարարների ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվներ: Այդ մասին հայտնել է վարչապետ Մարիո Դրագին:
Իտալիան այդ քայլին է դիմել խորհրդարանի ստորին պալատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձից հետո:
«Ռուս օլիգարխներին պատկանող ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվներ սառեցվել են, մենք պատրաստ ենք նոր որոշումներ կայացնել, մենք ի սկզբանե ասել ենք, որ պատրաստ ենք ֆինանսական և մարդասիրական օգնություն ցույց տալ և մեր գործընկերների հետ միասին արձագանքել ենք Ուկրաինայի կառավարության խնդրանքներին», - հայտարարել է Դրագին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուց և Ուկրաինան անվերջ զինելու քաղաքականությունից:
Այդպես նա արձագանքել է Վաշինգտոնի այն հայտարարությանը, որ երկու գերտերությունները պետք է պահպանեն դիվանագիտական կապերը:
«Բուն հարցադրումն, անշուշտ, ճիշտ է, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի սրումը, դա կարևոր է թե՛ հռետորաբանության և թե՛ Կիևի ռեժիմին զենք փոխանցելու առումով: Հարկ է դադարեցնել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու գործելակերպը», - հայտարարել է Ռյաբկովը: - «Միացյալ Նահանգների քայլերը որևէ կերպ չեն ազդում Ուկրաինայում հատուկ օպերացիան հաջողությամբ ավարտելու մեր վճռականության վրա»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորներին: Նա ասել է, որ իր երկիրը հիմա մահուկենաց կռիվ է մղում և գոյատևման եզրին է:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նշում են, որ պատերազմի պատճառով Ուկրաինան լքած ավելի քան 3.5 միլիոն փախստականներից մոտ կես միլիոնի մոտ սթրեսից և վախից հոգեկան խնդիրներ են առաջացել, և նրանց մասնագիտական օգնություն է պետք:
Լեհաստան հասնող ուկրաինացի փախստականներից շատերը լուծ և ջրազրկում ունեն, բայց թիվ մեկ խնդիրը նրանց հոգեկան քայքայված վիճակն է:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունում քննարկում են Ուկրաինայի դեմ պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին Բրյուսելում Եվրամիության խորհրդի ընդհանուր հարցերին նվիրված նիստից հետո ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Կլեման Բոնը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սլովակիայում քննարկում են երկրի տարածքում գտնվող ռուս ձեռներեցների սեփականության վրա Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ կալանք դնելու հնարավորությունը: Այդ մասին ասել է Սլովակիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իգոր Մատովիչը:
Նրա խոսքով, Ռուսաստանի իշխանության հետ առնչություն ունեցող և Սլովակիայում հարստություններ պահող ռուսների սեփականության թվում են բանկային ակտիվները, անշարժ գույքը և այլ տեսակի սեփականությունը: