Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:21 25.3.2022

Ուկրաինայի պատերազմի հետևանքով Ռուսաստանում աննախադեպ ավելացել է հակադեպրեսանտների և քնաբեր հաբերի սպառումը:

DSM Group միջազգային վերլուծական խմբի մոսկովյան մասնաճյուղը երեկ հրապարակել է զեկույց, որի համաձայն, մարդիկ երկու շաբաթում գնել են այնքան հակադեպրեսանտ և քնաբեր, որքան պատերազմից առաջ սովորաբար գնում էին մեկ ամսվա ընթացքում:

21:00 25.3.2022

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե երկրին հայտարարել են տոտալ հիբրիդային պատերազմ:

«Այսօր մեզ հայտարարել են իսկական հիբրիդային պատերազմ, «տոտալ պատերազմ», այդ եզրույթն են օգտագործել հիտլերական Գերմանիայում, և այն հիմա կիրառում են եվրոպացի գործիչներից շատերը, երբ ասում են, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ: Նպատակները չեն թաքցնում և հրապարակավ են հնչեցվում՝ քանդել, ավերել, ոչնչացնել, խեղդել ռուսաստանյան տնտեսությունը և Ռուսաստանն ընդհանրապես»,- ասել է նախարարը:

09:42 26.3.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մարտի 25-ին Լեհաստանում ասել է, որ ի պատասխան Ուկրաինայի վրա հարձակման Վաշինգտոնը «Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատմության ընթացքում երբևէ ընդունված ամենակոշտ պատժամիջոցները»:

Բայդենը՝ չմանրամասնելով, նշել է, որ առաջիկայում սանկցիաները դեռ կխստացվեն:

ԱՄՆ ղեկավարը Լեհաստանում այցելել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Ռժեշուվ ավան, որտեղ գտնվող մեծ պահեստ է հասցվում մարդասիրական օգնությունը և ռազմական նշանակության բեռն Ուկրաինայի բանակի համար:

14:53 26.3.2022

Պատերազմի 31-րդ օրը Ռուսաստանի Զինված ուժերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Կիևի մերձակա շրջաններին, ինչպես նաև մայրաքաղաքից արևմուտք գտնվող Ժիտոմիրի մարզի մի շարք բնակավայրերին։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ ինչպես և նախորդ մի քանի օրերին, այսօր ևս հարվածների թիրախներից են եղել Ուկրաինայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստները։

Կիևին հասցված նոր հարվածների ֆոնին ուկրաինական մայրաքաղաքի վարչակազմը այսօր հաղորդել է Կիևում ևս մեկ 36-ժամյա պարետային ժամ հայտարարելու մասին։ Այն ուժի մեջ է մտնելու այսօր երեկոյան ժամը 8-ից և գործելու է մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 7-ը։

15:25 26.3.2022

ԵՄ անդամ պետությունները հաստատակամ են ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հարցում։ Մի քանի ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո երեկ ուշ երեկոյան Բրյուսելում նման հայտարարությամբ են հանդես եկել դաշինքի ղեկավարները։

Եվրոպական կառույցներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն ԵՄ անդամ պետությունները նախօրեին մի փաստաթղթի նախագիծ են պատրաստել, որի համաձայն եվրոպական պետությունները շարունակելու են ջանքեր գործադրել Ռուսաստանում արդյունահանված գազից, նավթից և ածխից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

17:12 26.3.2022

Վարշավայում այսօր կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Սա ԱՄՆ նախագահի առաջին հանդիպումն է պաշտոնական Կիևի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ փետրվարի 24-ին ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումից ի վեր։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը։

17:48 26.3.2022

Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զոհված վրաց կամավորների թիվը հասել է չորսի։ Այսօր այդ մասին է հայտնել է երկրի հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին։

Դիվանագետի խոսքով` վրաց կամավորականը զոհվել է Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքում։ Վրացական կողմի փոխանցմամբ` զոհված կամավորականի ինքնությունը հայտնի է, բայց առայժմ չի հանրայնացվում։

21:40 26.3.2022

Հազարավոր մարդիկ այսօր Պրահայում մասնակցել են ցույցի, որով բողոք են հայտնել Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ: Ցույցը կազմակերպել են Չեխիայում բնակվող ռուսաստանցիները:

Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ՝ «Ռուսաստանցիները դեմ են պատերազմին», «Ո՛չ պատերազմին», «Պուտինը պատերազմ է» կարգախոսներով, որոնք գրված էին ռուսերեն, չեխերեն և անգլերեն:

Ցույցի մասնակիցները հակապատերազմական գաղափարը խորհրդանշող սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշներն ու պաստառները պահած՝ երրթով անցել են քաղաքի կենտրոնով, Խաղաղության հրապարակից անցել են Վացլավի հրապարակ և հասել Հին քաղաք:

Ցույցի մասնակիցները վանկարկել են «Պուտինին՝ Հաագա» և պատերազմի դեմ այլ կարգախոսներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս իր երախտագիտությունն է հայտնել պատերազմը դատապարտող ռուսաստանցիներին:

22:40 26.3.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վարշավայում մարտի 26-ին ուկրաինացի փախստականների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «դահիճ» (butcher):

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Բայդենի վիրավորական մեկնաբանությունները սահմանափակում են երկու երկրների հարաբերությունները մեղմելու հնարավորությունը:

00:16 27.3.2022

Եվրոպական ուղևորությունն ավարտող Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր Վարշավայում՝ Թագավորական ամրոցում ունեցած ելույթում աննախադեպ սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ռուսաստանը երբեք չի հաղթի Ուկրաինայում, որովհետև ազատ մարդիկ հրաժարվել են ապրել անհուսության և խավարի աշխարհում: Մենք ունենք ուրիշ՝ ավելի լուսավոր և դեմոկրատիայի վրա հիմնված ապագա», - ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը Եվրոպայում են գտնվում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու, այլ ոչ թե ռուսական զինված ուժերի հետ առճակատվելու նպատակով: Բայդենի խոսքով՝ պաշտպանական դաշինքը երբեք չի փորձել խախտել Ռուսաստանի սահմանները:

ԱՄՆ նախագահն ասել է, որ Ռուսաստանը չի կարողանա հասնել այն նպատակներին, որոնք ծրագրել է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակվելիս:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG