Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:45 29.3.2022

Ռուս-ուկրաինական այսօրվա բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայլո Պոդոլյակն ասել է, որ համաձայնագրի նախագիծ է փոխանցվել ռուսական կողմին՝ քննարկման համար։

Նրա ասելով՝ ուկրաինական համաձայնագրի նախագծում հստակ նշված են արդեն մեկ ամսից ավելի ձգվող պատերազմի դադարեցման միջոցները, Ռուսաստանը կուսումնասիրի դրանք և իր առաջարկները կանի։

12:24 30.3.2022

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների նոր հանդիպում հնարավոր է միայն Ուկրաինայում ռուսական գործողությունների «նկատելի դեէսկալացիայի» և Մոսկվայի կողմից դիվանագիտությանը անկեղծ հավատարմության դրսևորման դեպքում։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել էր, որ չի բացառում իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ նոր դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ բանակցություններում, նաև աջակցել Կիևի մասնակցությանը այս դիվանագիտական գործընթացին։

12:26 30.3.2022

Այսօր առավոտյան կրկին պայթյուններ են լսվել Կիևի արվարձաններում։ Տեղեկություններ կան Հոստոմելի, Բուչայի և Իրպենի շրջանում մարտերի և գնդակոծությունների մասին։

Չեռնիգովի վարչակազմի ղեկավարը հայտնել է քաղաքի և շրջակա տարածքների գիշերային գնդակոծությունների մասին։ Նրա փոխանցմամբ՝ գնդակոծության հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, գրադարաններ, առևտրի կենտրոններ։

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8։30-ի սահմաններում Դոնեցկում արկը հարվածել է բազմահարկ բնակելի շենքին։ Հաղորդվում է երկու մարդու մահվան մասին։

Հրթիռակոծությունների մասին տեղեկություններ են ստացվում նաև Լիսիչանսկից, Ավդեևկայից, Մարինկայից, Կրասնոգորովկայից։ Հաղորդվում է Նովոմիխայլովկայի վրա հնարավոր ավիահարվածի մասին։

Պայթյուններն ու հրետակոծությունները շարունակվում են Խերսոնի շրջանի տարբեր հատվածներում։

Մարիուպոլում իրավիճակն անփոփոխ է՝ շրջափակում և փողոցային մարտեր։ Քաղաքում մնացել են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի փոխանցմամբ՝ երեկ երեք հումանիտար միջանցք է համաձայնեցվել։

12:26 30.3.2022

Լեհաստանը որոշել է արգելել Ռուսաստանից ածխի ներկրումը։ Այս մասին հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Պիտեր Մյուլերը։ Նա պարզաբանել է, որ այդ քայլն ուղղված է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային հակազդելուն։

Ճապոնիան հրապարակել է ապրանքների թարմացված ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստան ապրիլի 5-ից արգելվելու է։ Ցանկում ներառված են ոսկու ձուլակտորները, ոսկե մետաղադրամները, նաև՝ թղթադրամները։

12:27 30.3.2022

Միացյալ Նահանգները ողջունում է ռուսական հետախուզության ենթադրյալ աշխատակիցների արտաքսումը եվրոպական երկրներից՝ նրանց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի գործունեության համար։

Եվրամիության չորս երկրներ՝ Նիդերլանդները, Բելգիան, Իռլանդիան և Չեխիան, երեկ հայտարարեցին, որ արտաքսում են ընդհանուր առմամբ 43 ռուս դիվանագետների, ովքեր կասկածվում են լրտեսության մեջ:

Որպես կանոն, պաշտոնական Մոսկվան հակադարձում է դիվանագետների արտաքսումներին հայելային քայլերով։

12:28 30.3.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Չինաստանի Թունսի քաղաքում հանդիպում է այդ երկրի արտգործնախարար Վան Իի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Լավրովի բացման խոսքը, ով իր չինացի գործընկերոջն անվանել է «թանկագին բարեկամ»՝ շարունակելով. - «Մենք միջազգային հարաբերությունների պատմության մեջ լուրջ փուլ ենք անցնում։ Համոզված եմ, որ դրա արդյունքում միջազգային իրավիճակը շատ ավելի պարզ կդառնա։ Ձեր և մեր մյուս համախոհների հետ մենք շարժվելու ենք դեպի բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ»։

12:42 30.3.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում երկրի քաղաքացիներին զգուշավոր մոտեցում որդեգրել Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մոսկվայից հնչող դրական ազդակների հանդեպ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում։

«Այո, մենք կարող ենք ասել, որ բանակցային հարթակից հնչող ազդակները դրական են։ Դրանք, սակայն, չեն լռեցնում ռուսական արկերի պայթյունները։ Բնական է, որ մենք տեսնում ենք բոլոր ռիսկերը, բնական է, որ մենք չենք վստահում այն պետության ներկայացուցիչների խոսքերին, որը շարունակում է քանդել մեր երկիրը։ Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն։ Ռազմական գործողությունների 34 օրերի և Դոնբասում ընթացող պատերազմի 8 տարիների ընթացքում մենք արդեն սովորել ենք, որ հարկավոր է վստահել միայն փաստերին», - հայտարարում էր Զելենսկին։

16:18 30.3.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնում առայժմ որևէ նշույլ չեն տեսնում, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում խաղաղություն հաստատել։

Մեկնաբանելով նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց ավարտին Ռուսաստանը հայտարարեց Կիևի և Չեռնիգովի ուղղություններում ռազմական ակտիվության սահմանափակման մասին, Բլինքենը նշել է՝ «Ռուսաստանի կողմից իրական լրջության նշաններ առայժմ նկատելի չեն»։

«Գուցե [ռուսական ուժերը] փորձում են վերախմբավորվել՝ հաշվի առնելով նրանց կրած ծանր կորուստները, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, մենք հետևում ենք նրանց գործողություններին։ Կուզեի, սակայն, հավելել՝ եթե ռուսներին թվում է, որ իրենց հաջողվելու է ինչ-որ կերպ իրենց ենթարկել Ուկրաինայի արևելյան կամ հարավային շրջանները, ապա նրանք խոր մոլորության մեջ են», - պնդել է ԱՄՆ պետքարտուղարը։

18:15 30.3.2022

Ուկրաինան հայտարարել է «Ռուսաստանի ներկայացրած սկզբունքային պահանջները կատարելու պատրաստակամության մասին», հայտարարել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Եթե այն պահանջները, որոնց կատարման վրա վերջին տարիներին պնդում էր Ռուսաստանը, կյանքի կոչվեն, ապա ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի պլացդարմի ստեղծման վտանգը կչեզոքացվի», - հայտարարել է Մեդինսկին։

18:36 30.3.2022

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի այսօր կեսօրին տարածած հաղորդագրության համաձայն` երկրի հյուսիսում ռուսաստանյան ստորաբաժանումների ակտիվ վերատեղակայում է տեղի ունենում։

«Խարկովից հարավ գտնվող Իզյումի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի կազմում գործող 20-րդ համազորային և 1-ին տանկային բանակների ստորաբաժանումների շարժ և կուտակումներ են նկատվում։ Կիևից հյուսիս ռուսական զորքերը ամրացնում են իրենց դիրքերը՝ կուտակվելով Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում», - հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG