- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը մարտի 30-ին ասել է, թե իր երկիրը պատրաստ է պատերազմից հետո Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ:
«Եթե պետք են երաշխիքներ, ապա Գերմանիան դրանք կտրամադրի: Մենք 100 տոկոսով համերաշխ ենք Ուկրաինայի հետ», - ARD հեռուստակայանի թղթակցին ասել է Բերբոկը:
Նա նշել է, որ դա վերաբերում է նաև բանակցություններին և ավելի ուշ հնարավոր խաղաղ ժամանակաշրջանին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկվել են, մասնավորապես, երեքշաբթի օրը Ստամբուլում կայացած Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները։
Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է բյուջեից 500 միլիոն դոլար օգնություն հատկացնել Ուկրաինային։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեկ նշանակել է հանձնաժողովի երեք անդամների, որոնք ապացույցներ կհավաքեն Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։
Reuters-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը ստեղծվել է Ուկրաինայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջարկով: Այն պետք է հարցաքննի վկաների և հավաքի ապացույցներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել դատական գործընթացներում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն ասել է, որ ռուսական հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով քաղաքում ավերվել է բնակելի շենքերի 15 տոկոսը։
Խարկովը Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ պատերազմից առաջ մոտ 1 միլիոն 400 հազար մարդ էր բնակվում: Բնակչության մոտ մեկ երրորդը լքել է բնակավարը:
Քաղաքը գտնվում է Ռուսաստանի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա, այն հրետակոծվել ու ռմբակոծվել է պատերազմի առաջին օրերից։
Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն էլ հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր տարածաշրջանում զոհվել է 134 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, վիրավորվել է 415 խաղաղ բնակիչ։
Լուգանսկի շրջանի Ուկրաինայի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հրապարակել է Լիսիչանսկում այրվող նավթի պահեստի լուսանկար։ Գայդայի խոսքով՝ վառելիքի պահեստը գնդակոծվել է նախորդ գիշեր։ Վարչակազմի ղեկավարը գրում է, որ Լիսիչանսկն ամբողջ օրը գնդակոծության է ենթարկվել, տասնյակ տներ ավերվել ու վնասվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 մարդ մահացել է, սակայն դրանք դեռ վերջնական տվյալներ չեն։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հայտարարել է, որ ուկրաինական ուժերը պատրաստվում են ռուսական նոր հարձակման երկրի արևելքում, քանի որ Մոսկվան այնտեղ զորքեր է կուտակում Կիևի մոտ ձախողված գործողությունից հետո։
Առավոտյան իր տեսաուղերձում Զելենսկին հայտնել է Կիևի և Չեռնիգովի շրջաններից ռուսական զորքերի դուրսբերման մասին և ընդգծել, որ դա ավելի շուտ «մեր պաշտպանների աշխատանքի հետևանքն է»։
Զելենսկին հավելել է, որ «ռուսական ուժեր են կուտակվում Դոնբասի դեմ նոր հարվածների համար, և մենք պատրաստվում ենք դրան»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի և Լեհաստանի իշխանությունները բանակցություններ են վարում լեհ-բելառուսական սահմանի փակման շուրջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշիցան։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան նմանատիպ խնդրանքով դիմել է նաև Լիտվային, Լատվիային և Էստոնիային՝ փակել սահմանները Ռուսաստանի և Բելառուսի հետ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարտի 31-ին մարդասիրական միջանցք կբացվի, որով Մարիուպոլի բնակիչները կկարողանան շարժվել դեպի Բերդյանսկ՝ մոտ 80 կիլոմետր դեպի արևմուտք:
45 ավտոբուս է պատրաստվում անցնել այս երթուղով։
Բացի այդ, համաձայնեցվել են միջանցքներ մարդասիրական օգնության և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլից մարդկանց տարհանման, նաև Էներգոդարից մարդկանց անձնական տրանսպորտով Զապորոժիե տեղափոխելու համար:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին ասել է, որ հետախուզության տվյալների համաձայն՝ ռուսական ուժերը դուրս չեն բերվել, ինչպես խոստացել էին, այլ վերախմբավորվում են հետագա հարձակողական գործողությունների համար։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ասել է, որ հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումների նոր կարգի մասին։
«Նման (ոչ բարեկամական) երկրների կապալառուներին մենք առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա։ Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլու հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից պետք է կատարվեն գազի վճարումները՝ սկսած վաղվանից՝ սույն թվականի ապրիլի 1-ից»,- ասել է Պուտինը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանցի Միխայիլ Պոդիվիլովը դիմել էր Ռուսաստանի քննչական կոմիտեին՝ խնդրելով հետաքննել Վլադիմիր Պուտինի հանցավոր գործողությունները Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ սկսելու և վարելու համար։
Մարտի 31-ին Տելեգրամի իր էջում նա հրապարակել է Քննչական կոմիտեից ստացված պատասխանը, ուր ասված է, որ դիմումը տվյալներ չի պարունակում, որոնք կվկայեն որևէ հակաօրինական գործունեության մասին։
Ավելի վաղ քաղաքացի Պոդիվիլովը Պուտինին կոչ էր արել դադարեցնել «եղբայրասպան պատերազմը» Ուկրաինայում։