- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուսաստանը կողմ է Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների միջազգային քննարկումներին՝ ամենաբարձր մակարդակում», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ «Այս պահին, սակայն, այդ փորձերն արգելափակվել են», - նշել է Պեսկովը։ «Մեր դիվանագետները շարունակում են ամենաակտիվ ջանքերը, գործադրել որպեսզի այս հարցն ընդգրկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում։ Թեման չափազանց կարևոր է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները նոր պատժամիջոցներ են պահանջում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
«Նոր պատժամիջոցների հարցով մենք այժմ խորհրդակցում ենք մեր եվրոպացի գործընկերների, մասնավորաբար Գերմանիայի հետ», - նշել է Մակրոնը։
«Ես կողմ եմ, որ այնպիսի պատժամիջոցներ սահմանվեն, որոնք թույլ կտան մեզ ազդեցություն գործադրել [ռուսական] նավթի և ածխի [ներկրումների] վրա։ Մենք գիտենք, որ դա բավական ցավոտ կլինի ռուսների համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները նոր պատժամիջոցներ են պահանջում, France Inter ռադիոկայանի եթերում այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
«Նոր պատժամիջոցների հարցով մենք այժմ խորհրդակցում ենք մեր եվրոպացի գործընկերների, մասնավորաբար Գերմանիայի հետ», - նշել է Մակրոնը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հերքել է Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորախմբի թվաքանակի ավելացման մասին տեղեկությունները։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` Սանդուն այս մասին հայտարարել է այսօր Քիշնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսաստանցի զինվորականները Մոլդովա մուտք են գործում երկրի սահմանադրորեն ճանաչված իշխանությունների կողմից վերահսկվող հսկիչ-անցագրային կետերով։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք պնդել, որ ռուսական զորախմբի թվաքանակը չի մեծացել։
Մերձդնետսրում զորքերի տեղաշարժի կամ այլ ակտիվ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները ևս չեն հաստատվում», - հայտարարել է Սանդուն՝ ընդգծելով, որ Քիշնևում շարունակում են մոնիտորինգի ենթարկել իրավիճակը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լիտվան և Լատվիան արտաքսում են Ռուսաստանի դեսպաններին՝ Ուկրաինա ներխուժմանն ու Բուչայում տեղի ունեցած իրադարձություններին ի պատասխան։
Պաշտոնական Վիլնյուսի կայացրած որոշման մասին երեկ հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ հավելելով, որ որոշում է կայացվել Կլայպեդայում գործող ռուսաստանյան հյուպատոսարանի փակման մասին։
Լատվիան ևս հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման և Մոսկվայից դեսպանի հետկանչի մասին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է Բուչայի ողբերգության մասին:
«Կհիշեք, ինձ քննադատել էին, երբ ես ասել էի, որ Պուտինը պատերազմի հանցագործ է, դե ճշմարտությունը տեսաք Բուչայում: Դա վկայում է, որ նա պատերազմի հանցագործ է: Բայց հարկ է ինֆորմացիա հավաքել», - ասել է Բայդենը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել: Նա ասել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի մանրամասն տեղեկություններ հայթայթել Բուչայի իրադարձությունների մասին:
«Ուստի, դա կարող է դառնալ դատավարություն պատերազմի հանցագործության մեղադրանքով: Այդ տղան դաժան է, և այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսան», - ասել է Բայդենը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բուչայում տեղի ունեցածը ցեղասպանություն է, Բայդենն ասել է, թե իր համոզմամբ, դա ոչ թե ցեղասպանություն է, այլ պատերազմի հանցագործություն: Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Այն, ինչ տեսել ենք Բուչայում և դրա մերձակայքում, մեզ թույլ է տալիս առանց չափազանցության փաստել, որ Ռուսաստանն «Իսլամական պետություն»-ից վատն է», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կիևի մերձակայքում գտնվող ավաններում խաղաղ բնակիչների սպանությունների կապակցությամբ Եվրոպական միությունը ծրագրում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:
Եվրոպական միության լիդերները պնդում են, որ Ուկրաինայի տարածքում այս սպանությունները և մի շարք այլ պատերազմական հանցագործություններ ռուսաստանցի զինծառայողներն են կատարել:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է Եվրամիությանն ընդհանրապես հրաժարվել Ռուսաստանում արդյունահանված ածխից և նավթից: Նոր պատժամիջոցների խնդիրը կքննարկվի ապրիլի 6-ին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է արտաքսել 40 ռուսաստանցի դիվանագետներ: Այդ մարդիկ պետք է 5 օրվա ընթացքում լքեն Գերմանիայի տարածքը:
«Բուչայից ստացված լուսանկարները վկայում են ռուսաստանյան ղեկավարության և դրա պրոպագանդայով առաջնորդվողների աներևակայելի դաժանության մասին: Նրանց միավորում է ոչնչացման անսահման ձգտումը»,- Der Spiegel հանդեսին ասել է նախարար Աննալենա Բերբոկը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանին վտարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից:
Այդ առաջարկով երկու երկրները հանդես են եկել Ուկրաինայում ռուսական բանակի բիրտ գործողությունների և մասնավորապես Բուչա ավանում պատերազմի ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկատվության հրապարակման կապակցությամբ: