- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարելի է անհարմար դարձնել, մեկուսացնել նրան, բայց չի ստացվի դուրս թողնել և զրկել անդամակցությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր ելույթ ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում և կոչ արել հեռացնել Ռուսաստանին Անվտանգության խորհրդի կազմից, ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնել, ԱԽ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները և եվրոպացի դաշնակիցները ապրիլի 6-ին նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով մեծացնել երկրի տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացումը:
Համատեղ գործողությունը կներառի նոր պատժամիջոցներ ֆինանսական հաստատությունների նկատմամբ, Ռուսաստանում նոր ներդրումների արգելք կլինի, պետական ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների խստացում և ավելի շատ պատժամիջոցներ Ռուսաստանի պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների նկատմամբ:
«Նպատակն է ստիպել նրանց ընտրություն կատարել», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին: Նրա խոսքով՝ հիմնական նպատակն է սպառել այն ռեսուրսները, որոնք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Ուկրաինային մինչև 100 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Բուխարեստում մարդատար ավտոմեքենան մխրճվել է Ռուսաստանի դեսպանատան դարպասների մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով վարորդը մահացել է։ Տեսանյութում, որը նկարահանվել է մինչև հրշեջների ժամանումը, երևում է, որ մեքենան այրվում է։
Դեռևս հայտնի չէ՝ վթարը դժբախտ պատահա՞ր է, թե՞ միտումնավոր է արվել։ Վարորդի ինքնությունը պարզվում է։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նշելով, որ «դրանով պատժամիջոցների ընդունումը բնավ չի ավարտվի»:
Նա ասել է, թե, ըստ Բուչայի սպանդը վերապրածների, ռուսներն այնտեղ կրակ են բացել ցանկացած պատահած մարդու վրա: «Սա է պատահում Պուտինի կողմից գրավված Ուկրաինայի տարածքում: Ռուսները դա անվանում են «ազատագրում»: Ո՛չ: Մենք դա «պատերազմի հանցագործություն» ենք անվանում, մենք պարտավոր ենք ճիշտ եզրույթը կիրառել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը նշել է, որ էներգետիկան նույնպես կհայտնվի պատժամիջոցների թիրախում:
«Նոր փաթեթում կլինի ածխի ներկրման արգելքը, և, կարծում եմ, վաղ թե ուշ միջոցներ կձեռնարկվեն նավթի և նույնիսկ գազի վերաբերյալ»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստորեն դատապարտել է Բուչայում խաղաղ մարդկանց կոտորածը: Նա բարձրացրել է Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը, որը ստացել է Բուչայից:
Պապի խոսքով՝ աշխարհը ցանկանում է Ուկրաինայից ստանալ լուրեր, որոնք թեթևացում և հույս կբերեն, բայց փոխարենը լսում է կոտորածների և դաժանության մասին հաղորդագրություններ:
«Վայրագություններ անօգնական կանանց և երեխաների նկատմամբ: Նրանք այս արյունահեղության զոհերն են, նրանց անմեղ արյունը բարձրանում է երկինք և այնտեղից աղաչում՝ «Վե՛րջ տվեք պատերազմին, վա՛յր դրեք զենքը, վե՛րջ տվեք մահ ու ավեր տարածելուն», - ասել է Հռոմի պապը:
Կաթոլիկ քահանայապետը Վատիկանում իր նստավայրում ուկրաինացի երեխաներին է ընդունել ապրիլի 17-ին նշվելիք Զատկի կապակցությամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
El Pais իսպանական օթաթերթի փոխանցմամբ՝ եվրոպական երկրների իշխանությունների կարգադրությամբ կալանքի տակ հայտնված և ենթադրաբար ռուս մեծահարուստներին պատկանող շքեղ զբոսանավերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 800 միլիոն եվրո:
Անցած հինգ շաբաթների ընթացքում եվրոպական տարբեր երկրներում կալանքի տակ են հայտնվել տասնյակ գերթանկ զբոսանավեր:
Այդպիսի որոշումերեր են կայացվել Վիկտոր Վեկսելբերգին, Ալեքսեյ Կուզմիչյովին, Իգոր Սեչինին, Ալեքսանդր Միխեևին, Սերգեյ Չեմեզովին, Ալիշեր Ուսմանովին և ռուսաստանցի այլ օլիգարխներին ենթադրաբար պատկանող զբոսանավերի վերաբերյալ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների 20 տոկոսը սպայական կազմից է:
Ըստ ռուսաստանյան պաշտոնական տվյալների, փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել են 1084 ռուսաստանցի զինծառայողներ, որոնց անունները պաշտոնապես հրապարակվել են:
Զոհերի թվում 217 սպաներ են՝ կրտսեր լեյտենանտից մինչև գեներալ: Դա գերազանցում է զոհերի ընդհանուր թվի 20 տոկոսը:
BBC-ն ընդգծում է, որ խոսքն ամբողջական թվերի մասին չէ և դրանք, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր են:
Վերջին անգամ Մոսկվան մարտի 25-ին է հրապարակել վիճակագրությունը, որի համաձայն, Ուկրաինայում սպանվել է 1351 զինծառայող:
Այսօրվա դրությամբ, ըստ BBC-ի, զոհերի թվում են 10 գնդապետ, 20 փոխգնդապետ, 31 մայոր, 155 կրտսեր սպա, ինչպես նաև 7 գեներալ: Մոսկվան պնդում է, որ զոհվել է ընդամենը մեկ բարձրաստիճան սպա՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից վտարելու Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը:
Ռուսաստանը խորհրդից կվտարվի, եթե առաջարկի օգտին քվեարկի Գլխավոր ասամբլեայի 193 պետությունների առնվազն երկու երրորդը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը ռուսական բանակի անդադար հարվածներից ավերված Մարիուպոլն այսօր համեմատել է ֆաշիստական Գերմանիայի օդուժի կողմից ռմբահարված Գեռնիկայի հետ:
Մարիուպոլը գրոհների է ենթարկվել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 24-ից: