Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:54 11.4.2022

Անցած գիշեր Ռուսաստանի զինված ուժերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ խոցված թիրախների թվում նշելով Նիկոլաևի մարզում գտնվող երկու զինապահեստները, ինչպես նաև Ուսպենովկա ավանի մերձակայքում տեղակայված C-300 հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկը։

Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, «գիշերային հարվածների հետևանքով օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ուկրաինական զինված ուժերին պատկանող «Բուկ-Մ1» և «ՕՍԱ» տեսակի զենիթային հրթիռային համակարգեր են ոչնչացվել»։

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ՝ Դոնեցկի մարզի տարածքում ռուսական ուժերին հաջողվել է 9 տանկ և 5 «Գրադ» կայանք ոչնչացնել։

12:56 11.4.2022

Ֆրանսիական Socie՛te՛ Generale-ը եվրոպական խոշոր ֆինանսական խմբերից առաջինն է, որը հայտարարեց ռուսական շուկայից դուրս գալու մասին։

Ռուսաստանում Socie՛te՛ Generale-ի հիմնական ակտիվը՝ «Ռոսբանկ»-ը, ինչպես նաև ապահովագրական բիզնեսը կվաճառվի «Ինտերռոս» խմբին, որը նախկինում արդեն իսկ եղել է «Ռոսբանկ»-ի համասեփականատեր։

Socie՛te՛ Generale-ն ավստրիական Raiffeisen Bank International-ի և իտալական UniCredit-ի հետ միասին Ռուսաստանի նկատմամբ ամենաբարձր ռիսկով եվրոպական բանկերից է:

12:58 11.4.2022

Տարվա արդյունքներով Ուկրաինայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ կարող է նվազել 45,1 տոկոսով։ Նման տվյալներ են բերված Համաշխարհային բանկի երեկ հրապարակած կանխատեսման մեջ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ՀՆԱ-ն տարվա կտրվածքով կարող է նվազել 11,2 տոկոսով, կարծում են վերլուծաբանները։ Սրա պատճառը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների էական հետևանքներն են, մասնավորապես՝ ներքին պահանջարկի կրճատումը։

Վերլուծաբաններն այս տարի ակնկալում են ՀՆԱ-ի անկում նաև երկու երկրներին սահմանակից Բելառուսում՝ 6,5 տոկոսով:

14:54 11.4.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ժամանակ, մեկնաբանելով Կիևից հնչող մի շարք հայտարարությունները, նշել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պայքարի երկրորդ ճակատ չի դառնա։

«Ուկրաինայում տեղի ունեցողը դժբախտություն է, ողբերգություն, պատերազմ։ Մենք, սակայն, պետք է պահպանենք խաղաղությունը, նպաստենք կայունության պահպանմանն ու զարգացմանը։ Վրաստանում որևէ երկրորդ ճակատ չի լինի։ Մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին ու մեր պետությունը», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։

20:16 11.4.2022

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին լիտվական կառավարության ղեկավարը հայտնել է Twitter-ի իր օգտահաշվում՝ տեղեկացնելով, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի ուղեկցությամբ այցելել է նաև Կիևից հյուսիս գտնվող Բորոդյանկա ավան։

Այս բնակավայրը մոտ մեկ ամիս գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության ներքո։

Շիմոնիտեն դարձավ եվրոպական երրորդ պետության վարչապետը, որ վերջին չորս օրերին այցելել է Կիև։ Հանսգտյան օրերին Ուկրաինայի մայրաքաղաքում էին գտնվում նաև Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ավստրիայի կանցլերը։

20:18 11.4.2022

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին լիտվական կառավարության ղեկավարը հայտնել է Twitter-ի իր օգտահաշվում՝ տեղեկացնելով, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի ուղեկցությամբ այցելել է նաև Կիևից հյուսիս գտնվող Բորոդյանկա ավան։

Այս բնակավայրը մոտ մեկ ամիս գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության ներքո։

Շիմոնիտեն դարձավ եվրոպական երրորդ պետության վարչապետը, որ վերջին չորս օրերին այցելել է Կիև։ Հանսգտյան օրերին Ուկրաինայի մայրաքաղաքում էին գտնվում նաև Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ավստրիայի կանցլերը։

08:17 12.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր գարնանային զորակոչը չեղարկելու մասին:

Փաստաթուղթը ենթադրում է փոփոխություններ զորակոչի օրենքում, որից հանվում է զորակոչը 2022 թվականի ապրիլ-մայիսին անցկացնելու մասին դրույթը:

Նախագահի հրամանագրով նաև հետաձգվում է ծառայության զորակոչվածների զորացրումը:

Ուկրաինայի ամբողջ տարածքում փետրվարի 24-ին ռազմական դրություն է հայտարարվել: Հետագայում խորհրդարանը՝ Գերագույն ռադան, ընդունել է որոշում մարտի 26-ից այն ևս 30 օրով երկարաձգելու որոշում:

11:00 12.4.2022

Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ լավատես չէ Ուկրաինայում ռազմական գործողությունների մոտ ժամանակներս դադարեցման հարցում: Այդ գնահատականով Կարլ Նեհամերը հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ անցկացրած բանակցություններից հետո։

«Ռուսաստանի Դաշնության նախագահը բոլորովին այլ գնահատական ունի, քան մենք, քան ԵՄ կառավարությունների ղեկավարները: Ինձ համար կարևոր էր նայելով նրա աչքերի մեջ՝ մատնանշել պատերազմի սարսափները, տառապանքները, որ ինքս եմ տեսել. պատերազմական հանցագործությունները Բուչայում և Ուկրաինայի այլ գյուղերում», - Մոսկվայից տեսակապով ասել է Նեհամերը։

Կանցլերը հայտնել է, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր է «լուծել» Դոնբասի հարցը՝ չնայած պատժամիջոցներին։

11:01 12.4.2022

Ճապոնիայի իշխանությունները հաստատել են լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի 398 քաղաքացիների և 28 կազմակերպությունների նկատմամբ։

Ճապոնիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում և տարածվում են նաև Պետդումայի 385 պատգամավորների վրա: Ցանկում ներառված են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրերը՝ Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, արտգործնախարար Սերգեյ Լավրովի կինը և դուստրը՝ Մարիա Լավրովան և Եկատերինա Վինոկուրովան։

11:45 12.4.2022

Ուկրաինացի երեխաների գրեթե երկու երրորդը՝ 4,8 միլիոնը լքել են իրենց տները ռուսական ներխուժման 6 շաբաթների ընթացքում, մահացել է 142 երեխա, ևս 229-ը վիրավորվել է, ՄԱԿ-ում ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթենը։

Նրա փոխանցմամբ՝ խոսքը միայն հաստատված դեպքերի մասին է, իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել։ «Ես վերադարձել եմ անցյալ շաբաթ Ուկրաինա առաքելությունից: 31 տարվա ընթացքում՝ որպես մարդասիրական ծառայող, ես հազվադեպ եմ տեսել, որ նման վնաս հասցվի այսքան կարճ ժամանակում», - ասել է Ֆոնթենը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG