- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետերը Ստոկհոլմում այսօր կայացած հանդիպմանը քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակահարմարությունը։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումն ու շարունակվող պատերազմը այս չեզոք երկրներին ստիպում է մտածել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին։
Ստոկհոլմում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ասել է, որ պատերազմը արմատապես փոխել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, և նշել, որ դա Ֆինլանդիային ստիպել է վերլուծել ՆԱՏՕ-ի հանդեպ դիրքորոշումը։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է. «Մենք իսկապես պետք է մտածենք՝ ինչն է լավ Շվեդիայի, մեր անվտանգության և մեր աշխարհի համար այս նոր իրավիճակում»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է սատարել Կիևին:
«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկուն, որ հայտնի նրան ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի շարունակական աջակցության մասին», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտնել է, որ շարունակում է «մշտական երկխոսությունը նախագահ Բայդենի հետ»:
«Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային պաշտպանության և մակրոֆինանսական բնագավառներում օգնության լրացուցիչ փաթեթներ հատկացնելու հնարավորությունները: Պայմանավորվել ենք խստացնել [Ռուսաստանի նկատմամբ] սանկցիաները», - գրել է Զելենսկին Թվիթերում:
Բայդենը Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային կփոխանցի ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ ուղղաթիռներ, զրահամեքենաներ և հրետանի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ պատասխան «հայելային» պատժամիջոցներ սահմանելու մասին:
Պատժամիջոցների ցուցակում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան 398 օրենսդիրները, ներառյալ այդ պալատի բոլոր ղեկավարները և մշտական հանձնաժողովների նախագահները:
Ցուցակում հայտնված պաշտոնյաները չեն կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:
«Հաշվի առնելով նոր պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների գործելակերպը, Ռուսաստանը ծրագրում է առաջիկայում նոր հակաքայլեր ընդունել և ընդարձակել մուտքի արգելքի տակ հայտնված անձանց ցուցակը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Մոսկվան մուտքի արգելք է սահմանել նաև Կանադայի խորհրդարանի 87 պատգամավորների նկատմամբ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Գերմանիայի նախագահի այցը Կիև չեղարկվելուց հետո կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինա մեկնելու իմաստ չի տեսնում։ Inforadio rbb24 ռադիոկայանի հետ զրույցում Շոլցը հիշեցրել է, որ այնտեղ էր մինչև պատերազմը, և հավելել, որ այս փուլում նոր այց չի պլանավորում։
Գերմանական կառավարության ղեկավարի այս հայտարարությունը հնչում է Կիևի և Բեռլինի միջև աննախադեպ դիվանագիտական սկանդալի ֆոնին։ Գերմանիայի նախագահն անցած օրերին Վարշավա է ժամանել՝ այնտեղից Լեհաստանի և Բալթյան երեք երկրների իր պաշտոնակիցների հետ Կիև մեկնելու նպատակով, վերջին պահին, սակայն, ինչպես հայտարարել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ուկրաինայի իշխանություններից տեղեկացել է, որ իրեն չեն ցանկանում տեսնել Կիևում։
Ուկրաինայի նախագահը երեկ ի պատասխան հայտարարել է, թե իբր ինքն ու իր գրասենյակը Գերմանիայի նախագահի այցի վերաբերյալ որևէ դիմում չեն ստացել։ Մինչդեռ սկանդալից առաջ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը բազմիցս է քննադատել 66-ամյա նախագահ Շտայնմայերին, նրան մեղադրել Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու մեջ՝ մատնանշելով «Հյուսիսային հոսք 2» ռուս-գերմանական գազատարը, որի կառուցման ջատագովներից մեկը, ըստ ուկրաինացի դիվանագետի, Շտայնմայերն է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Չորեքշաբթի օրը Օդեսայի վարչակազմի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավին «Նեպտուն» թևավոր հրթիռների հարվածի մասին։
Արդեն կեսգիշերից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Մոսկվա»-ի վրա տեղի ունեցած հրդեհն ու պայթյունը, սակայն չի նշել դրանց պատճառը։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ անձնակազմը տարհանվել է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Չեխիայի արտգործնախարարությունը հայտարարել է իր դիվանագետներին Կիևում դեսպանատուն վերադարձնելու մասին, որտեղից նրանք տարհանվել էին։
Նախարարության հայտարարությունում ասվում է, որ սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ քայլերից, որոնք պատրաստ են ձեռնարկել Չեխիայի իշխանությունները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ուկրաինային:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ևս 13 ռուսական ընկերությունների, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի և «Տրանսնեֆտ»-ի դեմ:
Այսպիսով, այսօրվա դրությամբ ավստրալական պատժամիջոցները վերաբերում են 38 ռուսական ընկերությունների։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիպրոսը Ռուսաստանից չորս միլիարդատերերի և նրանց ընտանիքների 17 անդամների քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ է սկսել։ Պատճառը գործարարների հայտնվելն է Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում՝ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով։
Ըստ պարբերականի՝ Միխայիլ Գուցերիևը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Վադիմ Մոշկովիչը և Ալեքսեյ Կուզմիչևը կզրկվեն քաղաքացիությունից։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամենաակտիվ մարտերն ընթանում են Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի մարզերում։
Խարկովը պարբերաբար հրետակոծության է ենթարկվում՝ այնտեղ գիշերը 4 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել: Մարտերը շարունակվում են Խարկովի մարզի Իզյումի շրջանում։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ասել է, որ այսօր մարդասիրական 9 միջանցք է լինելու։ Դրանք բոլորը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակավայրերից, այդ թվում՝ Մարիուպոլից, տանում են դեպի Զապորոժիե կամ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաք։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինա այցի հնարավորությունը: Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կիև՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության, չորեքշաբթի օրն ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։ Պատվիրակությունը կարող է գլխավորել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը դժվար թե անձամբ այցելի Ուկրաինա։