- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Համերաշխության այցով նախօրեին Կիև մեկնած Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում կոչ են արել ավելացնել օգնությունը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինային:
Նախքան Զելենսկուն հանդիպելը չորս նախագահներն այցելել են Կիևի մարզի այն շրջանը, որտեղ արձանագրվել են ռուսական բանակին վերագրվող պատերազմական հանցագործությունների փաստերը: Մոսկվան կտրականապես հերքում է պատերազմի հանցագործությունների հետ առնչությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սև ծովում պայթյունից և հրդեհից վնասված Ռուսաստանի ռազմական նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում իրականացվող քարշակման ընթացքում սուզվել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեպի նշանակված նավահանգիստ քարշակման ընթացքում փոթորկի պայմաններում նավը կորցրել է կայունությունը և խորտակվել է», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Ռուսները հավատացնում, են, որ «Մոսկվա» հածանավի անձնակազմը տարհանվել է:
Կիևը հայտնել է, որ ուկրաինացիները «Մոսկվան» խոցել է «Նեպտուն» տեսակի հականավային երկու թևավոր հրթիռներով: Ռուսներն ուկրաինացիների այդ հաղորդագրությունը չեն մեկնաբանել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ չի մերժել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու հնարավորությունը:
«Ուկրաինական կողմի հետ քննարկումներում մենք նշել ենք, որ նախագահը սկզբունքորեն չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպելուց, բայց դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, ավելի ստույգ՝ ստորագրվելիք փաստաթղթի տեքստը», - ասել է Պեսկովը, նշելով, որ այդ առումով որևէ նորություն դեռ չկա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է նպաստել ռուս - ուկրաինական բանակցություններում առաջխաղաղում ապահովելուն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի հետաքննությունների պետական վարչությունը հայտնել է օրերս ձերբակալված ամենահայտնի ռուսամետ քաղաքական գործչին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամի համբավ ունեցող Վիկտոր Մեդվեդչուկին և նրա տիկնոջը՝ Օքսանա Մարչենկոյին պատկանող անշարժ և շարժական գույքի 154 միավոր բռնագանձելու մասին:
Կալանքի տակ հայտնված սեփականության ցանկում են Մեդվեդչուկին և նրա կնոջը պատկանող 26 ավտոմեքենաներ, 30 հողամասեր, 23 տներ, 32 բնակարաններ, 17 կայանման հրապարակներ և մեկ զբոսանավ:
Կալանքի տակ են նաև փաստացի Մեդվեդչուկի կամ նրա կնոջ սեփականությունը հանդիսացող 25 ընկերությունների կանոնադրական դրամագլխի մասնաբաժինները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան կմիանա Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին այն դեպքում, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության:
«Թուրքիան հետևում է միջազգային իրավունքին և հավասարակշռված քաղաքականություն է վարում: Եթե ՄԱԿ-ը հավանություն տա այդ պատժամիջոցներին, Թուրքիան ստիպված կլինի միանալ դրանց»,- ասել է Չավուշօղլուն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, պատերազմի ընթացքում Ռուսաստանի բանակի, քաղաքական և զինվորական ղեկավարների գործելակերպը որակել է որպես «ցեղասպանություն»: Օրինագիծն ընդունվել է 363 կողմ քվեներով:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գործողությունները ոչ միայն ագրեսիայի հանցագործություն է, այլ հետապնդում է ուկրաինացի ժողովրդի և նրա ինքնության համակարգային և հետևողական ոչնչացման, ինքնորոշման իրավունքից և ինքնուրույն զարգացումից զրկելու նպատակ: Դա պահանջում է 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերջին փուլում Ռուսաստանի Զինված ուժերի գործողություններն անհապաղ ճանաչել որպես Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանություն»,- ասվում է Գերագույն ռադայի ընդունած բանաձևին կից բացատրական գրությունում:
Ուկրաինայում Ռուսաստանի բանակի գործողությունները ցեղասպանություն ճանաչելու ուղերձներով Գերագույն Ռադան դիմելու է ՄԱԿ-ին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներին, արտասահմանյան պետությունների կառավարություններին և խորհրդարաններին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Բլինքենն այդ հարցերը քննարկել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
The New York Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինա են այցելել ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամներ:
Մոնտանա նահանգից սենատոր Սթիվ Դեյնսը և Ինդիանայից կոնգրեսական Վիկտորիա Սփարցը եղել են Կիևում և Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում, այդ թվում՝ Բուչայում և Բորոդյանկայում։ Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ կոնգրեսականները գնացքով Կիև են ժամանել Արևմտյան Ուկրաինայի տարածքից։
Սա ԱՄՆ պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական Տելեգրամ ալիքների փոխանցմամբ՝ Կիևում այս գիշեր մի շարք հզոր պայթյուններ են տեղի ունեցել։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լեսյա Վասիլենկոն Twitter-ում գրառմամբ հայտնել է երեք հզոր պայթյունների մասին, որոնք հնչել են մայրաքաղաքում «մեկը մյուսի հետևից»։ «Ամենայն հավանականությամբ, Պուտինը զայրացած է «Մոսկվա»-ի [հածանավի] խորտակման պատճառով», - գրել է նա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 198 երեխա է մահացել, ավելի քան 355-ը վիրավորվել են, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը զգուշացնում է, որ վիրավորների և զոհերի ճշգրիտ թիվը դեռ ճշտվում է. դատախազները դեռևս ամբողջական տվյալներ չունեն այն շրջաններից, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում։
Երեխաների մեծ մասը տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։