Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

10:06 16.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 2.5-ից 3 հազար զինծառայող, վիրավորների թիվը մոտ 10 հազար է:

«Առայժմ դժվար է ասել, թե վիրավորներից քանիսը ողջ կմնա»,- ասել է Վլադիմիր Զելենսկին հարցազրույցում:

11:40 16.4.2022

Գիշերը ռուս զինվորականները գնդակոծել են Կիևի մի քանի թաղամասեր, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Կլիչկոյի խոսքով՝ տեղում աշխատում են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։

Ավելի վաղ տեղացիները հայտնել էին Ուկրաինայի մայրաքաղաքի թաղամասերից մեկում պայթյունի մասին, սոցցանցերում հայտնվել էր լուսանկար, որում ծուխ է երևում։

13:18 16.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում միջազգային հանրությանը Կիևին փոխանցել այն բոլոր զինատեսակները, որոնց տրամադրման խնդրանքով ուկրաինական կառավարությունը դիմել է արևմտյան պետություններին։

Զելենսկին այս մասին հայտարարել է անցած գիշեր հեռարձակված ուղերձում՝ պնդելով, որ մատակարարվող սպառազինության ծավալների ընդլայնումը կնպաստի ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը։

«Որքան շուտ և որքան շատ զենք ստանանք, այնքան մեր դիրքերն ավելի ուժեղ կլինեն, և խաղաղությունը շատ ավելի արագորեն կհաստատվի», - հայտարարել է Զելեսնկին։

15:13 16.4.2022

Վատիկանը Ուկրաինայի ճնշման ներքո փոխել է Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ Ավագ Ուրբաթ մատուցվող պատարագի նախապես հաստատված կարգը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վատիկանում Ուկրաինայի դեսպանի, ինչպես նաև Ուկրաինայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկի վրդովմունքի պատճառը պատարագին հետևած խաչակրաց երթին ռուսաստանցի և ուկրաինացի կանանց մասնակցությունն էր։

Վատիկանում հաստատված սցենարի համաձայն` Քրիստոսի թաղման կարգ կոչվող արարողության ընթացքում Փրկչի խաչելությունը խորհրդանշող մեծ փայտյա խաչը կրում էին Հռոմում ավելի քան 20 տարի բնակվող ռուս և ուկրաինացի երկու կանայք։ Նրանք նաև համատեղ ուղերձի մի տեքստ էին պատրաստել, որում խոսում էին համամարդկային արժեքների կորստի և հաշտության անխուսափելիության մասին։

15:14 16.4.2022

Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ձեռնարկած «աննախադեպ թշնամական քայլերի պատճառով» անհատական պատժամիջոցներ է սահմանում այդ երկրի մի շարք ղեկավարների նկատմամբ։

Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն` Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և կառավարության ևս վեց անդամների մուտքը երկրի տարածք այսուհետ արգելվելու է։

Ռուսաստանի տարածք չեն կարող այցելել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյլը, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջընը, Անգլիայի և Ուելսի Գլխավոր դատախազ Սուելա Բրավերմանը։

20:03 16.4.2022

Օրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, այսօր դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ առաջարկելով կազմակերպել իր ամուսնու փոխանակումը Մարիուպոլում գերեվարված այն բրիտանացիների հետ, որոնք ուկրաինական բանակի կազմում մասնակցում էին ռազմական գործողություններին։

«Դիմում եմ Էյդեն Էսլինի և Շոն Փիների հարազատներին։ Ձեր հնարավորությունների շրջանակում է դիմել վարչապետ Բորիս Ջոնսոնին, որպեսզի նա ազդի ուկրաինական ղեկավարության վրա և հասնի Էյդենի և Շոնի ազատմանը՝ փոխանակելով նրանց իմ ամուսնու` ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ», - հայտարարել է Մարչենկոն։

Այս հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտգործնախարարությունը ակնարկել է, որ պաշտոնական Մոսկվան կարող է քննարկել նման փոխանակում կազմակերպելու հարցը։

20:03 16.4.2022

Ռուսաստանցիների ձեռքում գտնվող ուկրաինացի ռազմագերիների թիվը հասնում է 700-ի, այսօր ուկրաինական հեռուստաալիքների միասնական եթերում հայտարարել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։

Նրա խոսքով` գրեթե նույնքան ռուսաստանցի ռազմագերիներ էլ այս պահին գտնվում են Ուկրաինայի տարածքում։ «Այս առումով գործնականում հավասարություն է առկա», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։

13:28 17.4.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկի պատարագի ժամանակ հիշել է ուկրաինական պատերազմը և ուկրաիներեն ասել` «Քրիստոս հարություն առավ»։

Պատարագին մասնակցել է Ուկրաինայի պատվիրակությունը՝ Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի գլխավորությամբ։ Այս քաղաքը գրավվել է պատերազմի առաջին օրերից։

Վատիկանի տվյալներով՝ Սուրբ Պետրոսի տաճարում տոնական պատարագին մասնակցել է մոտ 5500 հավատացյալ։

13:28 17.4.2022

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ բանկային և էներգետիկ ոլորտների նկատմամբ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ հատկապես ուշադրության կենտրոնում «Սբերբանկն» է, որին բաժին է ընկնում այս հատվածի 37 տոկոսը:

Բացի այդ, ըստ ֆոն դեր Լայենի, Եվրահանձնաժողովն այժմ «խելացի մեխանիզմների մշակման գործընթացում է», որոնց միջոցով պատժամիջոցների հաջորդ փաթեթը կազդի ռուսական նավթի վրա։

13:30 17.4.2022

Եվրահանձնաժողովը ևս 50 միլիոն եվրո է հատկացնելու` 45 միլիոն եվրո կուղղվի Ուկրաինայում հումանիտար ծրագրերին, իսկ 5 միլիոն եվրո՝ Մոլդովայում։

Ըստ եվրոպացի պաշտոնյայի` սա «կօգնի մարդկանց հաղթահարել եղած խնդիրները»:

ԵՄ մարդասիրական օգնության ֆինանսավորման ընդհանուր ծավալն արդեն կազմել է 143 մլն եվրո։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG