Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

11:08 18.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններ է վարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և երկրի ֆինանսական կայունության ապահովման շուրջ։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քննարկել են օգնության կոնկրետ ծրագրեր, և այժմ Կիևն ունի հստակ ծրագիր և հեռանկարների տեսլական այս ոլորտում:

Կիևի պաշտոնյաներն ասում են, որ Ուկրաինան մտադիր է ԱՄՀ-ից և Մեծ յոթնյակի երկրներից 50 միլիարդ դոլար խնդրել պատերազմի պատճառով առաջացած բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:

11:09 18.4.2022

Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել Լուգանսկի բնակիչներին տարհանվել առանց հապաղելու։

«Հաջորդ շաբաթը կարող է դժվար լինել: Այն կարող է լինել վերջինը, երբ մենք դեռ հնարավորություն ունենանք ձեզ փրկելու», - երեկ ասել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը: «Ողջ մնալը միակ բանն է, որ ձեզնից պահանջվում է», - ասել է նա:

11:10 18.4.2022

Ռուս զինվորականները շարունակում են Մարիուպոլի պաշարումը։ Երեկ առավոտյան նրանք առաջարկել էին հանձնվել քաղաքում մնացած ուկրաինական ուժերին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները պատսպարվում են «Ազովստալ» գործարանի տարածքում։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հանձնվելու մտադրություն չունեն, Մարիուպոլն էլ «դեռ չի ընկել»։

Երեկ ուկրաինացի քաղաքական գործիչները հայտարարել են նաև, որ ճակատամարտը հանուն Մարիուպոլի կարող է դառնալ «կարմիր գիծ» հետագա բանակցությունների համար։

11:11 18.4.2022

Այսօր առավոտյան տեղական իշխանությունները հաղորդել են Ուկրաինայի արևմտյան Լվով քաղաքին հասցված 4 հրթիռային հարվածի մասին։ Ռազմական ենթակառուցվածքների օբյեկտին 3 և անվադողերի տեղադրման օբյեկտին 1 հարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել, 8-ը վիրավորվել են, այդ թվում՝ մեկ երեխա։

13:02 18.4.2022

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից՝ փետրվարի 24-ից ի վեր երկրում 205 երեխա է զոհվել, ևս 362-ը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Սրանք վերջնական թվեր չեն, ասվում է հաղորդագրությունում։

Պաշտոնական տվյալներով՝ ամենաշատ երեխաներ տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում:

Ռմբակոծությունների ու հրետակոծությունների պատճառով Ուկրաինայում վնասվել է 1018 ուսումնական հաստատություն, որոնցից 95-ն ամբողջությամբ ավերվել է։

14:12 18.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է՝ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը Դոնբասում մեկնարկելու է մոտ ապագայում։ Սպասվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Զելենսկին կոչ է անում արևմտյան գործընկերներին ընդլայնել սպառազինության մատակարման ծավալները։

«Ռուսական բանակը պատրաստվում է մոտ ապագայում Արևելյան Ուկրաինայում հարձակողական գործողություն ձեռնարկել։ Նրանք ուզում են վերջնականապես քանդել Դոնբասը, վերացնել այն ամենը, ինչ կազմում է արդյունաբերական այս շրջանի փառքը։ Ռուսական ուժերը այժմ ոչնչացնում են Մարիուպոլը՝ ջնջելով այն աշխարհի երեսից։ Նրանք պատրաստվում են նույնն անել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզի քաղաքների հետ։ Մենք մեր հերթին անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք երկրի պաշտպանությունը։ Մենք շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, որոնք մեզ իրական օգնություն են ցուցաբերում։ Բայց այն պետությունները, որոնք ունեն մեզ անհրաժեշտ սպառազինությունն ու զինամթերքը, սակայն չեն շտապում այն մեզ տրամադրել, պետք է իմանան՝ առաջիկա ճակատամարտի ճակատագիրը նաև իրենցից է կախված», -հայտարարում է Վլադիմիր Զելենսկին։

16:27 18.4.2022

Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ դրանք ռուսական տնտեսության վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող, Կիև կատարած այցի ավարտին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Դրա հետ մեկտեղ վրացական խորհրդարանի նախագահը խոստանում է, որ Վրաստանը Մոսկվային չի օժանդակի պատժամիջոցների շրջանցման հարցում։

«Մենք ասել ենք մեր ուկրաինացի գործընկերներին, որ Վրաստանը չի դառնա այն տարածքը, որտեղ հնարավոր կլինի շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները», - հայտարարել է Պապուաշվիլին։

16:38 18.4.2022

Ուկրաինացի ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Մեդվեդչուկը կոչ է արել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին՝ փոխանակել իրեն Մարիուպոլի պաշտպանների և քաղաքում գտնվող խաղաղ բնակիչների հետ։ Մեդվեդչուկի տեսաուղերձը հրապարակել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։

«Դիմում եմ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով նրանց կազմակերպել իմ փոխանակումը Մարիուպոլի պաշտպանների և այն խաղաղ բնակիչների հետ, որոնք այսօրվա դրությամբ շարունակում են մնալ այդ քաղաքում և զրկված են մարդասիրական միջանցքներով այն լքելու հնարավորությունից», -հայտարարում էր Մեդվեդչուկը։

16:41 18.4.2022

Ռուսաստանցի ռազմական փորձագետներն արձանագրում են, որ «Մոսկվա» հածանավի խորտակումը ռուսական կողմի ամենամեծ կորուստն է Ուկրաինայում, որն անչափ զայրացրել է Պուտինին: Նույնիսկ քարոզչության հիմնական դերակատարներն են այս օրերին բարձրաձայնում՝ ինչպե՞ս պատահեց, որ ռուսական նավատորմի լեգենդը խոցվեց ու խորտակվեց և ո՞վ է սրա համար պատասխան տալու։

Իսկ Կրեմլից անկախ փորձագետներն ու լրագրողները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել անձնակազմի հետ: Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավի խորտակումից հետո ռուսական տարբեր աղբյուրներ սկսեցին հայտնել նաև անձնակազմի մի մասի մահվան մասին։

18:37 18.4.2022

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ուկրաինայի հատուկ ծառայություններին մեղադրել է «հեռախոսային ահաբեկչության» մեջ։ Այսօր Բելգրադում ունեցած ելույթում Սերբիայի ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած երկրի ազգային ավիափոխադրող ընկերության՝Air Serbia-ի՝ դեպի Մոսկվա չվերթներ իրականացնող օդանավերի ականապատման մասին կեղծ ահազանգերի թիկունքում։

Վուչիչը նշել է, որ այդ գործողություններին, Ուկրաինայից բացի, մասնակցել են նաև ԵՄ անդամ պետություններից մեկի հատուկ ծառայությունները։ Սերբիայի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե եվրոպական հատկապես որ պետության մասին է խոսքը։

Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն Բելգրադից հնչող մեղադրանքները «հիմնազուրկ» է անվանել

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG