- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ապրիլի 19-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այդ մասին Մակրոնն ասել է France 5 հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ինքն ամեն ինչ կանի «պատերազմի մեջ չներքաշվելով այն ավարտելու համար»:
Մակրոնն ասել է, թե «չկա և ոչ մի խողովակաշար, որը Ռուսաստանից կհասներ Ֆրանսիա, սակայն որոշ երկրներ կախվածության մեջ են», և հավելել․ - «Եվրոպական շուկան փոխկապակցված է, պետք է հիմա պատրաստվել հաջորդ ձմռանը, գուցե կգա մի օր, որ ստիպված կլինենք մի փուլում հրաժարվել ռուսական գազից»:
Նրա փոխանցմամբ՝ ռուսական ածխի և նավթի նկատմամբ սահմանափակումները կարևոր են և թույլ են տալիս դադարեցնել ռուսական ագրեսիայի ֆինանսավորումը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը երեկ ասել է, որ Ռուսաստանը սկսել է գրոհը երկրի արևելյան շրջանում:
«Սա պաշտոնական հայտարարություն է: Այսօր առավոտյան ամբողջ ռազմաճակատի գծով Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի շրջաններում զավթիչները փորձել են ճեղքել մեր պաշտպանությունը: Բարեբախտաբար, մեր զինծառայողները դիմանում են, միայն երկու քաղաքներում են նրանք [ռուսական բանակը] անցել` դա Կրեմեննայան է և մի ուրիշ փոքրիկ քաղաք», - ասել է Դանիլովը:
Նրա խոսքով, մարտերը շարունակվում են: Ռուսների նպատակն է մինչև ապրիլի 24-ը՝ ուղղափառների Զատիկը, ամբողջությամբ գրավել Դոնեցկի և Լուգանսկի շրջանները:
Ուկրաինայի արևելքում ռուսների գրոհի մեկնարկի մասին է հայտնել նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Համաշխարհային բանկը նվազեցրել է 2022 թվականին 4,1 տոկոս համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը և դարձրել 3,2 տոկոս՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։
Ավելի վաղ ՀԲ-ը կանխատեսել էր, որ այս տարի Ուկրաինայի տնտեսությունը գրեթե կիսով չափ անկում կգրանցի։
Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ընդհանուր առմամբ Արևելյան Եվրոպային ավելի մեծ տնտեսական վնաս կպատճառի, քան կորոնավիրուսի համաճարակը։
ՀԲ-ն արդեն գրեթե 1 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային օգնելու համար և խոստանում է ևս 2 միլիարդ դոլար տրամադրել առաջիկա ամիսներին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Հիմա արդեն կարող ենք փաստել, որ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի համար մարտը, որին երկար ժամանակ են պատրաստվում», - երեկ երեկոյան ասել է նա։
Ուկրաինացի զինվորականներն արդեն ներկայացրել են առաջին տվյալները երկրի արևելքում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրանց՝ ռուսական զորքերը փորձում են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում՝ տարածաշրջանում լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Ռուսաստանը նաև շարունակում է օգտագործել Բելառուսի տարածքը ուկրաինական բնակավայրերը գնդակոծելու համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Եվրամիության պատվիրակության ղեկավարին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որն անհրաժեշտ քայլ է երկրի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է իրեն «Եվրոպայի մաս զգալ, Եվրամիության մաս»։
«Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք և կդառնանք անդամակցության թեկնածու, դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է բանակցություններ վարել հումանիտար հարցերի, այդ թվում՝ հրադադարի և մարդասիրական միջանցքների բացման շուրջ։
Նա ասել է, որ Կիևը համաձայնել է իր առաջարկին։ Գրիֆիթսը մտադիր է այցելել Մոսկվա՝ քննարկելու այդ թեման Ռուսաստանի իշխանությունների հետ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին ասել է, որ վերջին օրերին Ռուսաստանը համալրել է մարտական ուժերը Դոնբասում։
Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության մասին Քըրբին հայտնել է, որ ուկրաինական զորքերում առաջիկա օրերին վարժանքներ կանցկացվեն ամերիկյան հաուբիցներին տիրապետելու համար։
«Այդ վարժանքները տեղի կունենան Ուկրաինայի սահմաններից դուրս»,- նշել է Պենտագոնի մամուլի խոսնակը, պարզաբանելով, որ ուկրաինացիների մի փոքր խումբ կմասնակցի վարժանքներին, ինչից հետո վերադառնալով Ուկրաինա գործընկերներին կսովորեցնեն՝ ինչպես օգտագործել հրետանային այդ միջոցը։
ԱՄՆ-ն Ուկրաինային խոստացել էր 18 հաուբից տրամադրել։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Մոլդովայի իր պաշտոնակից Նիկու Պոպեսկուի հետ՝ հիմնականում քննարկելով պատերազմը Ուկրաինայում։
Ուկրաինացի մոտավորապես 400 հազար փախստական ապաստանել էր Մոլդովայում, հիմա մնացել են շուրջ 100 հազարը, որը մեծ թիվ է 2 միլիոն 600 հազար բնակչություն ունեցող փոքր երկրի համար։
Մոլդովայի արտգործնախարարն ասել է, որ այսօրվա դրությամբ երկրի բնակչության 4 տոկոսը փախստականներ են։ Նա ասել է, որ պատերազմի առաջին օրից Մոլդովան «վճռական դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ» և խաղաղ հանգուցալուծման հույս է հայտնել։ Նիկու Պոպեսկուի խոսքով՝ այն բացարձակապես չարդարացված պատերազմ է, որը նվազեցրել է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է Ուկրաինային զինելու մեջ, որպեսզի նա «շարունակի պայքարը մինչև վերջին ուկրաինացին»։
Ռուսաստանի բանակի բարձրաստիճան զինվորականների հետ երեկ կայացած հանդիպմանը Շոյգուն ասել է, թե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները ինչ կարող են՝ հնարավորն անում են «Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը ձգձգելու համար»։
«Ռուսաստանը հետևողականորեն իրականացնում է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ամբողջովին ազատագրելու պլանը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին երեկ ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթվա ընթացքում կարող է ընդունել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:
«Մենք դեռ քննարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը, գործադիր իշխանությունն ուսումնասիրում է այդ հարցը, սանկցիաներ կարող են ընդունվել առաջիկա օրերին», - ասել է խոսնակը:
Սաքին նաև նշել է, որ նախագահ Ջո Բայդենի և Արևմուտքի լիդերների տեսակապով կայացած քննարկման թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաների հարցը․ - «Նրանք խոսել են համակարգված գործողությունների մասին, որոնք թույլ կտան պատասխանատվության կանչել Ռուսաստանին և տնտեսական լուրջ դժվարությւններ ստեղծել այդ երկրի համար: Նրանք պայմանավորվել են համակարգումը շարունակել Մեծ յոթնյակի, Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում»: