- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլի մարտերին մասնակցող ուկրաինացի հրամանատարը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի առաջնորդներին կոչ է արել փրկել իր զինվորներին և «Ազովստալ» գործարանի տարածքում նրանց հետ մնացած խաղաղ բնակիչներին։
«Սա կարող է լինել մեր վերջին կոչը: Մեզ, հնարավոր է, մնացել ընդամենը մի քանի օր կամ ժամ», - ասել է մայոր Սերգեյ Վոլինան այս գիշեր Facebook-ում հրապարակած տեսաուղերձում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում պատսպարվող ուկրաինացի զինվորականերին կոչ է արել այսօր դադարեցնել մարտական գործողությունները և վայր դնել զենքերը՝ երաշխավորելով նրանց կյանքը։
Նույն առաջարկն արվել էր նաև նախօրեին, բայց ուկրաինացիները չէին արձագանքել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում ռուսական զորքերի ներխուժման սկզբից ի վեր զոհվել է 2072 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 169 երեխա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը։ Նրա խոսքով՝ ավելի քան 2800 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 272 երեխա։
Զոհերի մեծ մասը Դոնբասում է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կանադան Ուկրաինա կուղարկի խոշոր տրամաչափի հրետանի, լրագրողներին հայտնել է երկրի վարչապետը։
«Կանադան ծանր հրետանի կուղարկի Ուկրաինա։ Մանրամասները կհայտարարվեն մոտ օրերս», - ասել է Ջասթին Թրյուդոն։
Երեկ ՆԱՏՕ-ի միանգամից մի քանի երկրներ հայտարարեցին Կիևին նոր զինատեսակներ տրամադրելու մասին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի իշխանություններին հաջողվել է պայմանավորվել ռուսաստանյան զորքերի կողմից շրջափակված Մարիուպոլից հումանիտար միջանցքի շուրջ։ «Հաշվի առնելով Մարիուպոլում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը՝ մենք այսօր կկենտրոնացնենք մեր ջանքերը հենց այդ ուղղությամբ: Մեզ հաջողվեց նախնական համաձայնության գալ կանանց, երեխաների և տարեցների համար մարդասիրական միջանցքի շուրջ», - այսօր հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
Տարհանվածները Մարիուպոլից կտեղափոխվեն Զապորոժիե։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը կրկին կոչ է արել քաղաքացիներին տարհանվել, քանի որ իրավիճակն ամեն ժամ վատթարանում է։ Գայդայը Թվիթերում գրել է, որ այսօր Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից, Ռուբեժնոյեից, Գոռնիից և Պոպասնայայից մարդկանց դուրս բերելու «հերթական փորձն» է լինելու։
«Իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, մենք ավտոբուս և մարդասիրական օգնություն ենք ուղարկում, օրինակ, Պոպասնայա, և վստահ չենք, որ դրանք կհասնեն իրենց նպատակակետին: Սնունդ, ինչպես նաև դեղորայք գնելու տեղ գրեթե չկա։ Տարհանվեք և համոզեք ձեր հարազատներին՝ կարող է գալ մի օր, երբ մենք չկարողանանք դեղորայք և սնունդ հասցնել: Պաշտպանեք ձեզ՝ մոտեցեք տարհանման տրանսպորտին և հեռացեք», - գրել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ ռուսական բանակի հարձակումը երկրի արևելյան շրջաններում շարունակվում է։ «Ռուսական ստորաբաժանումների հարվածների հիմնական ուղղությունը Դոնբասում է», - հայտարարում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։
«Թշնամին փորձում է խորանալ Պոպասնայա բնակավայրի տարածքում։ Ռուբեժնոյե և Սևերոդոնեցկ քաղաքների ուղղությամբ իրականացված գրոհներից հետո շուրջ 130 վիրավոր ռուսաստանցի զինվորականներ տեղափոխվել են այդ շրջանում գտնվող Նովոայդար քաղաքի հիվանդանոց։ Ռուսական կողմի գրոհների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Մարիուպոլը։ Ռուսական բանակը շարունակում է հարձակումը «Ազովստալ» գործարանի տարածքում», - հայտարարում է Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շպուտունը։
Ուկրաինական բանակի հրամանատարության տվյալներով՝ անցած 24 ժամերին ռուսական բանակը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում կորցրել է 12 տանկ, 28 հետևակի մարտական մեքենա և մեկ հրետանային համակարգ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Առաջիկա օրերին ուկրաինական բանակը կստանա ամերիկյան սպառազինության հերթական խմբաքանակը, մասնավորաբար, հզոր հրանոթներ՝ հաուբիցներ», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Հաուբիցների պահով կարող եմ միայն ասել, որ դրանց մատակարարումը իրականացվելու է շատ շուտով։ Նախօրեին արդեն նշել էի, որ [Ուկրաինա մատակարարման համար] հավաքագրված հաուբիցների ընդհանուր թիվը հասնում է 18-ի։ Դրանք ուղարկվում են Միացյալ Նահանգներից, և ես կարծում եմ, որ այդ սպառազինության տեղ հասնելը օրերի հարց է», - ասել է Քիրբին։
Ամերիկյան ռազմական գերատեսչության խոսնակը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՆԱՏՕ-ն Կիևին է տրամադրել շուրջ 50 միլիոն միավոր փոքր տրամաչափի զենք և զինամթերք։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մոսկվան ուկրաինական կողմին է փոխանցել երկկողմ համաձայնագրի իր տարբերակը, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ փաստաթուղթը շատ հստակ, մշակված ձևակերպումներ է պարունակում։ Այժմ գնդակը ուկրաինացիների դաշտում է, սպասում ենք նրանց պատասխանին», - ասել է նա։
Հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմը հստակ ժամկետներ է սահմանել իր առաջարկին արձագանքի համար, Կրեմլի խոսնակը միայն նշել է. «Դա կախված է ուկրաինական կողմից»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Աշխատանքային այցով Կիևում է Եվրամիության ղեկավար մարմնի՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուց անմիջապես հետո եվրոպացի պաշտոնյան այցելել է Կիևի մերձակայքում գտնվող Բորոդյանկա ավան։ Այստեղ կատարած շրջայցից հետո Միշելը Twitter-ում գրել է. «Պատմությունը չի մոռանա այստեղ կատարված ռազմական հանցագործությունները։ Առանց արդարության խաղաղություն լինել չի կարող»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, Ուկրաինայի տարածքը ավելի քան 5 միլիոն խաղաղ բնակիչ է լքել։ Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Այս կառույցի հրապարակած վիճակագրության համաձայն` վերջին երկու ամիսներին 2 միլիոն 800 հազար ուկրաինացիներ հատել են Լեհաստանի հետ սահմանը, ավելի քան 700 հազար մարդ տեղափոխվել է Ռումինիա։
«Հունգարիան և Մոլդովան ավելի քան 400 հազարական ուկրաինացի փախստական են ընդունել», - նշում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները։