- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար, այս մասին նախօրեին ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Վաշինգտոնում կազմակերպած հավաքին` հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ուկրաինական կառավարության ղեկավարը միջազգային ֆինանսական կառույցների անդամներին կոչ է արել Կիևին նվիրաբերել իրենց պահուստային ակտիվների 10 տոկոսը։ Շմիգալի խոսքով` կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային անհրաժեշտ է ամսական 4-5 միլիարդ դոլար, իսկ երկարաժամկետ հեռանկարում երկրին պետք է «Մարշալի պլանի» պես ռազմավարություն:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի պատերազմի պատճառով Վատիկանը չեղարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Այս մասին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է արգենտինական La Nación թերթի հետ զրույցում։
Ֆրանցիսկոս պապը ափսոսանք է հայտնել հանդիպումը չեղարկելու համար, սակայն, ինչպես հավելել է, պատերազմի ընթացքում հանդիպելը կարող է «մեծ շփոթություն» առաջացնել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի տարածքում աշխատող ՄԱԿ-ի առաքելությունը Բուչայում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների հինգ տասնյակ կանխամտածված սպանության դեպք է արձանագրել։ Նման գործողությունները հավասարվում են պատերազմական հանցագործություններին, ասվում է առաքելության զեկույցում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին Ժնևում կայացած ճեպազրույցում միևնույն ժամանակ նշել է, որ ՄԱԿ-ը դեռևս տեղեկություններ չունի ռուսական զինուժի կողմից ցեղասպան գործողությունների վերաբերյալ։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էր Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների մասին խոսելիս օգտագործել «ցեղասպանություն» բառը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կարծիքով` ռուսական գազի կտրուկ էմբարգոն չի կանգնեցնի Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, այլ ընդամենը կհանգեցնի Ռուսաստանում և ամբողջ Եվրոպայում լրջագույն տնտեսական ճգնաժամի։
«Եթե Պուտինը ընդուներ տնտեսական փաստարկները, նա երբեք չէր սկսի այդ խելահեղ պատերազմը»,- Der Spiegel-ի հետ զրույցում ասել է գերմանական կառավարության ղեկավարը։
Շոլցի խոսքով` Գերմանիայի իշխանությունները ցանկանում են խուսափել տնտեսական ճգնաժամից, միլիոնավոր աշխատատեղերի և գործարանների կորստից։ Էմբարգոյի արդյունքում կարող է տուժել ողջ եվրոպական տնտեսությունը, ինչը դժվարություններ կառաջացներ Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի օրը կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի նախագահի, արտգործնախարարի հետ։ Ապրիլի 28-ին նա կուղևորվի Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Գուտերեշը մտադիր է երկու երկրների ղեկավարների հետ քննարկել զինված հակամարտության խաղաղ կարգավորումը և բազմակողմ հարաբերությունների ապագան։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի իշխանությունները այսօր հերթական անգամ կփորձեն ռուսական ուժերի կողմից պաշարված Մարիուպոլից տարհանել խաղաղ բնակիչներին, այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Անցած օրերին Մարիուպոլից և քաղաքում գտնվող «Ազովստալ» գործարանից տարհանումը բազմիցս ձախողվել է։ Կողմերը միմյանց են մեղադրում, ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինացի զինվորականները խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս օգտվել հումանիտար միջանցքներից, ինչը պաշտոնական Կիևը հերքում է։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ռուսական կողմը սաստկացրել է հարձակումները Մարիուպոլում ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ գտնվող «Ազովստալ» գործարանի վրա։
Քաղաքը շուրջ ութ շաբաթ է գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ՝ բացի հսկայական գործարանից, որտեղ, ինչպես հաղորդվում է՝ թաքնված են ուկրաինացի հարյուրավոր զինվորականներ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական ուժերը մի շարք հրթիռներ են արձակել Սև ծովի նավահանգստային Օդեսա քաղաքի ուղղությամբ, ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն, թիրախավորվել են ինչպես ռազմական օբյեկտներ, այնպես էլ բնակելի շենքեր։ Զոհերի մասին չի հաղորդվում։
Այս հրթիռակոծությունը հաջորդում է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարությանը, որի համաձայն Մոսկվան ծրագրում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
«Եթե Մարիուպոլում մեր մարդիկ ոչնչացվեն, եթե օկուպացված տարածքներում պսևդոհանրաքվեներ անցկացվեն, Ուկրաինան դուրս կգա ցանկացած բանակցություններից», - հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Երեկ երեկոյան Կիևի մետրոպոլիտենի կայարաններից մեկում ասուլիսի ժամանակ Զելենսկին ասել է, որ այժմ, չնայած Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը և խաղաղ բնակիչների սպանություններին, նախկինի պես կողմ է բանակցություններին և պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես ցանկանում եմ կանգնեցնել պատերազմը և ավարտել այն։ Կա դիվանագիտական ճանապարհ, կա ռազմական ճանապարհ։ Ցանկացած առողջ մարդ միշտ ընտրում է դիվանագիտական ճանապարհը», - նշել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնել պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները․ - «Հենց որ մենք ավելի շատ զենք ունենանք, կգնանք առաջ և կվերադարձնենք մեր տարածքները։ Եվ դա տասը տարի հետո՛ չի լինի»։
Զելենսկու վկայությամբ՝ նույն օրը Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, որոնցից մեկը՝ երեք ամսական երեխա։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ապրիլի 24-ին՝ առաջին անգամ պատերազմի սկսվելուց ի վեր, Կիև կժամանեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։