- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանը նոտա է հղել Միացյալ Նահանգներին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«800 միլիոն դոլար՝ այս գումարի չափով Վաշինգտոնը զենք կմատակարարի Կիևին: Սա հսկայական թիվ է, դա չի նպաստում իրավիճակի դիվանագիտական լուծում գտնելուն», - "Интерфакс"-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։
Անտոնովի խոսքով՝ ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինա «փորձ է՝ բարձրացնելու խաղադրույքները, է՛լ ավելի սրելու իրավիճակը, տեսնելու ավելի շատ կորուստներ»:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինան կկարողանա հաղթել պատերազմում, եթե ստանա անհրաժեշտ սպառազինությունը», - Կիև կատարած այցի ավարտին նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարը Ուկրաինայի մայրաքաղաք էր ժամանել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ միասին։ Կիևում ամերիկյան պատվիրակության անդամները հանդիպել էին նախագահ Զելենսկու և ուկրաինացի մյուս բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանը այսօր կրկին մարդասիրական միջանցք է բացում «Ազովստալ» գործարանի շրջակայքում՝ հնարավորություն տալով ձեռնարկության նկուղներում գտնվող քաղաքացիական անձանց լքել տարածքը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության տակ գործող Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Քաղաքացիական անձանց տարհանման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի Կիևի իշխանությունների և այդ մարդկանց որպես կենդանի վահան օգտագործող ազգայնական ստորաբաժանումների հրամանատարների սկզբունքային որոշումներից բացի», - հայտարարել է Միզինցևը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) պնդում է, որ կարողացել է կանխել հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։
Գերատեսչության պնդմամբ, մահափորձը պետք է իրականացնեին Ռուսաստանի տարածքում արգելված "National Socialism/White Power" նեոնացիստական խմբավորման անդամները։
Ռուսաստանի հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ որպես սպանության պատվիրատու հանդես էր գալիս Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
«Հանցավոր խմբի անդամները այժմ խոստովանական ցուցմունքներ են տալիս՝ նշելով, որ Սոլովյովի սպանությունից հետո պատրաստվում էին թաքնվել արտերկրում», - նշված է Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանը արտաքսում է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան 40 աշխատակցի։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ որոշումը փոխանցվել է Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայերին։
Վերջինս հատուկ դրա համար հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ։
«Այս քայլը իրականացվել է որպես Գերմանիայի կառավարության [ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին] որոշման համաչափ պատասխան», - հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այսօր ժամանել է Անկարա, որտեղ նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Գուտերեշի և Էրդողանի բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայում ստեղծված կացությունն է և այն դերակատարությունը, որ կարող է խաղալ Թուրքիան՝ Մոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունների դադարեցման գործում։
Վաղն արդեն Գուտերեշը կուղևորվի Մոսկվա, որտեղ ուկրաինական վերջին զարգացումները կքննարկի նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հինգշաբթի օրն արդեն Գուտերեշը կմեկնի Կիև։ Այստեղ նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Գերագույն Ռադայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աջակիցներին միավորող «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան դիմել է Միացյալ Նահանգների և ԵՄ ղեկավարությանը՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու պահանջով։
«Արախամիան եվրոպացիներին և ամերիկացիներին կոչ է անում արգելանք դնել Իվանիշվիլիի՝ Արևմուտքում գտնվող ունեցվածքի վրա», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։
«Իվանիշվիլին սերտ կապեր ունի Ռուսաստանի իշխող շրջանակների հետ և վերածվել է վրացական Յանուկովիչի։ Ուկրաինայի հանդեպ նրա վարած քաղաքականությունը աջակցություն չունի այդ երկրի քաղաքացիների շրջանում», - հայտարարել է Զելենսկու թիմակիցը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Նախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Բրիջիթ Բրինքի թեկնածությունը, որն այժմ ղեկավարում է Սլովակիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը։
Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2019 թվականից՝ Մարի Յովանովիչի պաշտոնանկությունից հետո։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինային ռազմական օգնության համակարգումն է լինելու 40-ից ավելի պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպումը կանցկացնի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում։
«Առաջիկա մի քանի շաբաթները շատ, շատ կարևոր են լինելու: Ուկրաինան մշտական աջակցության կարիք ունի մարտի դաշտում հաջողության հասնելու համար: Դա է հանդիպման նպատակը», - հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին։
Փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,7 միլիարդ դոլարի զենք, որոնց թվում նաև՝ հրթիռներ, անօդաչու սարքեր, հաուբիցներ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում պատերազմում զոհվել են 2 հազար 665 խաղաղ բնակիչներ, որոնցից 195-ը՝ երեխաներ։ Այս տվյալներն է հրապարակել երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով էլ՝ պատերազմի սկզբից ի վեր երկրում մահացել է 217 երեխա, վիրավորվել է 391-ը։
Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։