Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

11:40 28.4.2022

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) կողմ է քվեարկել Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելուն՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով:

Ենթադրաբար կանխատեսելով այս կասեցումը՝ Ռուսաստանը նիստի սկզբում էր հայտարարել, որ դուրս է գալիս կազմակերպությունից։

11:41 28.4.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կիևում է՝ Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով։

Գուտերեշը ժամանել է երեկ ուշ երեկոյան՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

«Մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ընդլայնելու հումանիտար աջակցությունը և ապահովելու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից», - գրել է Գուտերեշը Twitter-ում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից առաջ նա ասել է․ - «Որքան շուտ ավարտվի այս պատերազմը, այնքան լավ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և աշխարհի համար»։

15:06 28.4.2022

Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիության էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջին, կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։

Ֆոն դեր Լայենը երեկ ասել է, որ Եվրամիության դիրքորոշումը «շատ պարզ է»: «Ռուբլով վճարումը, եթե նախատեսված չէ պայմանագրով, մեր պատժամիջոցների խախտում է»,- նշել է նա՝ մանրամասնելով․ - «Մեր պայմանագրերի մոտ 97 տոկոսն ուղղակիորեն նախատեսում է եվրոյով կամ դոլարով վճարում, այնպես որ այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Ռուսական կողմի՝ ռուբլով վճարելու պահանջը միակողմանի որոշում է, որը չի համապատասխանում պայմանագրերին»։

15:14 28.4.2022

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել է, որ Արևմուտքը պարտավոր է կրկնապատկել ջանքերը Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարող Ուկրաինային սատարելու գործում:

Թրասի խոսքով` Կիևին անհրաժեշտ է տրամադրել ծանր զինատեսակներ, այդ թվում` տանկեր և օդանավեր:

Արտգործնախարարի փոխանցմամբ, այժմ Եվրոպայում ընթանում է Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենաարյունալի և լայնածավալ պատերազմը։ «Եկեք պարզ ասենք՝ եթե Պուտինին հաջողվի հաղթել, ապա Եվրոպայում սոսկալի վիճակ կստեղծվի, և դա կունենա սարսափելի հետևանքներ ամբողջ աշխարհում», - հայտարարել է Լիզ Թրասը։

15:15 28.4.2022

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»:

Բանաձևում ասվում է, որ «Ռուսաստանն Ուկրաինայում զանգվածային վայրագություններ է կատարել, գրանցվել են խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր»:

15:20 28.4.2022

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, քվեների մեծամասնությամբ ընդունեց որոշում Ուկրաինային ծանր զինատեսակներ տրամադրելու մասին:

Պատգամավորները նշել են, որ ռազմական օգնությունը պետք է շարունակվի և հնարավորինս հզորանա:

Վերլուծաբաններն այս քվեարկության արդյունքը «պատմական» են անվանում, քանի որ Գերմանիան տասնամյակներ շարունակ պնդել է, որ ռազմական գործողությունների գոտիներ զենքի փոխադրումը միայն սրում է հակամարտությունները:

Բունդեսթագի որոշման դեմ են քվեարկել Ձախ կուսակցությունը և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որի համոզմամբ` զենքի տրամադրումը գրեթե հավասարազոր է Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն:

Կանցլեր Օլաֆ Շոլցը նախկինում ասել է, թե Ռուսաստանը կարող է Ուկրաինա ծանր տեխնիկայի փոխադրումը որակել որպես ՆԱՏՕ-ի ներքաշում այս պատերազմի մեջ:

Այսօր Շոլցը ներկա չի եղել Բունդեսթագի նիստին, քանի որ պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա:

20:40 28.4.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ռուսներին էներգակիրների հարցն օգտագործել սահմանված պատժամիջոցներից խուսափելու նպատակով:

Այդ մասին Բայդենն ասել է Սպիտակ տանն Ուկրաինայի հարցին նվիրված ելույթում: Նա մեկնաբանել է, մասնավորապես, Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումը դադարեցնելու Մոսկվայի որոշումը:

«Նման գործողություններն ապացուցում են, որ էներգակիրները ոչ միայն հումք են, ապրանք, որը Ռուսաստանը վաճառում է ուրիշներին, այլ զենք, որը Մոսկվան կիրառում է իր ագրեսիային ընդդիմացողների նկատմամբ: Ես հստակ փաստում եմ՝ մենք թույլ չենք տա Ռուսաստանին նրա նավթն ու գազն օգտագործել իր ագրեսիայի հետևանքներից խուսափելու համար: Մենք աշխատում ենք այլ երկրների՝ Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Քաթարի և մյուսների հետ, որ էներգետիկ պահանջարկի հարցում օգնենք Ռուսաստանի կողմից շանտաժի ենթարկվող մեր եվրոպացի գործընկերներին»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

20:41 28.4.2022

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ այսօր Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել:

«Տեղի ունեցավ գերիների հերթական փոխանակումը: Մերոնցից ազատվել է 45 մարդ՝ 13 սպա և 20 զինվոր: Բացի այդ, տուն ենք վերադարձնում 12 քաղաքացիական անձանց»,- ասել է Վերեշչուկը:

Ուկրաինայի փոխվարչապետը չի հայտնել, թե քանի ռուսաստանցի է վերադարձվել ռուսական կողմին:

20:41 28.4.2022

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել են, թե վճռական դիրքորոշում են որդեգրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման նկատմամբ:

Տոկիոյում տեղի ունեցած ասուլիսում նրանք նշել են, որ Ճապոնիան և Գերմանիան համատեղ ջանքերով պատասխանատվություն են ստանձնում Ուկրաինային սատարելու համար:

«Գերմանիան և Ճապոնիան աննախադեպ խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ և օգնություն կտրամադրեն Ուկրաինային: Մենք համաձայնել ենք, որ դա շատ կարևոր է միջազգային համայնքի, ներառյալ «Մեծ յոթնյակի» համար, մեր երկու կառավարություններն անվերապահորեն սատարում են Ուկրաինայի կառավարությանը և ժողովրդին»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

20:42 28.4.2022

Արևմուտքն Ուկրաինային դրդում է հարձակվել Ռուսաստանի վրա: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նրա փոխանցմամբ, Արևմուտքը պետք է ամենայն լրջությամբ ընդունի Մոսկվայի նախազգուշացումն այն մասին, որ Ռուսաստանը կարձագանքի, եթե հարձակման ենթարկվի:

Այդ մեկնաբանությամբ Զախարովան անդրադարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինան ունի Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներին ՆԱՏՕ-ից ստացած զենքով հարվածներ հասցնելու իրավունք:

Ըստ Զախարովայի, այդպիսի հայտարարություններով Արևմուտքը Կիևին հորդորում է հարվածել Ռուսաստանին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG