Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:07 30.4.2022

Ուկրաինայի Ազգային գվարդիան այսօր տեսանյութ է տարածել, հաղորդելով, որ Իզյում քաղաքի մոտ ռուսական զինտեխնիկայի շարասյուն է ոչնչացվել։

Տեսանյությում շարասյունն ընկնում է հրետանային նշանառու կրակի տակ, զինտեխնիկայի տասնյակ մեքենաներ են պայթում, որոնց վրայից ծխի քուլաներ են բարձրանում։ Ըստ հաղորդագրության, ոչնչացվել են 30 տանկեր, զրահամեքենաներ և մարտական մեքենաներ։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը ամենօրյա հաղորդագրությամբ այսօր հայտնել է, որ ռուսական ուժերը Դոնեցկի մարզում փորձել են գրավել Լիման, իսկ Լուգանսկի մարզում Սևերոդոնեցկ և Պոպասնայա բնակավայրերը, բայց նրանց գրոհները հետ են մղվել, մարտերը շարունակվում են։

11:28 1.5.2022

Կինոաստղ և ՄԱԿ-ի Փախսստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան Անժելինա Ջոլին մարդասիրական առաքելությամբ այցելել է Լվով:

Երկաթուղային կայարանում Ջոլին շփվել է Դոնեցկի շրջանից տարհանվածների, նրանց ուղեկցող կամավորների և բժիշկների հետ:

ՄԱԿ-ում նշել են, որ Անջելինա Ջոլին մասնավոր նպատակով է մեկնել Ուկրաինա, նրա բարեգործական առաքելության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Պատերազմի առաջին օրվանից Ջոլին դատապարտել է Ռուսաստանի հարձակումը և արևմտյան երկրներին կոչ է արել օգնել ուկրաինացի փախստականներին:

14:50 1.5.2022

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ ռուսական զորքերն այսօր առավոտյան փորձել են գրոհել ուկրաինական զորքերի դիրքերը Դոնեցկի ուղղությամբ, սակայն «Սարմատ» գումարտակի մարտիկները հետ են մղել հարձակումը։ Ոչնչացվել է ռուսական տանկ, կրակային միջոցներ և կենդանի ուժ, ասված է հաղորդագրությունում։

Ըստ նույն աղբյուրի՝ գրոհի նախօրեին ռուսները ականանետներից, տանկերից, հրետանուց և նռնականետներից հրետակոծել էին Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը։

Գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում Իզյում-Բարվենկովո և Իզյում-Սլավյանսկ ուղղություններով և շարունակում են ուժեղացնել հարվածային զորախումբը։ Դոնեցկի և Տավրիայի ուղղություններում հակառակորդը ակտիվ գործողություններ է իրականացնում շփման գծի ամբողջ տեղամասի երկայնքով, ասված է հաղորդագրությունում։

14:51 1.5.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է, որ ռուսական զինված ուժերը բարձր ճշգրտության «Օնիքս» հրթիռներով Օդեսայի շրջանում ոչնչացրել են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված սպառազինությամբ ու զինամթերքով լի անգարը և ռազմական օդակայանի թռիչքուղին։

Ըստ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի՝ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական օդուժի երկու Су-24М օդանավ, 12 անօդաչու թռչող սարք և երկու “Точка-У” հրթիռ։ Օդուժի հարվածներով ոչնչացվել են երկու С-300 զենիթահրթիռային համալիրներ, զինամթերքի և վառելիքի պահեստներ, հարվածներ են հասցվել զորքերի և սպառազինության կուտակումների տասնյակ վայրերի։

14:52 1.5.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանին հարող տարածքի բնակելի շենքերից քաղաքացիական անձանց երկու խումբ է դուրս եկել՝ համապատասխանաբար 25 և 21 հոգի։

18:39 1.5.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր երեկոյան հաղորդեց, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից հաջողվել է տարհանել «ուկրաինացի ազգայնականների կողմից պահվող» 80 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների։ Տարհանումը, ըստ գերատեսչության, իրականացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։

Բոլոր տարհանվածներին տեղավորել են Բեզիմեննոյե գյուղի վրանային ավանում, ուկրաինական կողմի վերահսկած տարածք մեկնել ցանկացողներին հանձնել են Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, փոխանցում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկնարկել է «Ազովստալ»-ի ապաստարանում պատսպարված քաղաքացիական բնակչության տարհանումը, մոտ 100-հոգանոց առաջին խումբը մեկնում է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածք և վաղը կժամանի Զապորոժիե։

Ժամեր առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Ազովստալ»-ին հարող տարածքից այսօր ևս 40 քաղաքացիական անձ է դուրս բերվել՝ 18 տղամարդ, 14 կին և 8 երեխա։ Առավոտյան էլ հաղորդվել էր համապատասխանաբար 25 և 21-հոգանոց երկու խմբերի տարհանման մասին։

Տարհանվածներից մեկը ТАСС լրատվական գործակալությանը հայտնել էր, որ «Ազովստալ»-ի բունկերներում կարող են դեռ լինել շուրջ 300 քաղաքացիական անձինք։

13:18 2.5.2022

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Վարշավայում ընդունել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին։

Reuters գործակալության փոխանցմամբ, Փելոսիի և Դուդայի հանդիպման օրակարգային գլխավոր թեման Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են։

Հանդիպման ավարտին Փելոսիի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար նշված է․ - «Մենք Լեհաստան ենք ժամանել աշխարհին աներկբա ուղերձ հղելու նպատակով՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում Ամերիկան հաստատակամորեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողքին է»։

13:20 2.5.2022

Հունգարիան պնդում է, որ կարգելափակի ռուսական էներգակիրների վրա պատժամիջոցներ սահմանելու ցանկացած փորձ, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով՝ վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար-նախարար Գերգեյ Գույաշի զրույցը լրատվամիջոցների հետ։

«Քանի որ նման որոշումները միաձայն են ընդունվում, մենք կարծում ենք, որ Եվրահանձնաժողովը ընդհանրապես չպետք է հանդես գա Ռուսաստանում արդյունահանված բնական գազի և նավթի ներկրման վրա արգելք սահմանելու առաջարկով։ Նման որոշումը կարող է սահմանափակել Հունգարիայի՝ էներգակիրներ ձեռք բերելու հնարավորությունները», - պարզաբանել է հունգարացի պաշտոնյան։

14:12 2.5.2022

Ռազմական գործողություններն Ուկրաինայի տարածքում շարունակվում են։

Ռուսական կողմի փոխանցմամբ` այսօր առավոտյան ՀՕՊ ուժերը Դոնեցկից հյուսիս-արևմուտք գտնվող Սլավյանսկ քաղաքի մերձակայքում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Միգ-29 ինքնաթիռ են ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանցի զինվորականի խոսքով` վերջին մեկ օրում ռուսական բանակը ուկրաինական զորքերին պատկանող տասը անօդաչու թռչող սարք, «Տոչկա Ու» համակարգից արձակված երկու և «Սմերչի» մեկ հրթիռ է խոցել։

Պաշտոնական Կիևը հաղորդում է թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու սարքերի հաջող կիրառման մասին։ Telegram-ի իր ալիքում այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին։ Նրա պնդմամբ` թուրքական արտադրության անօդաչու սարքերի հարվածների հետևանքով Սև ծովի Զմեինի կղզու մերձակայքում Raptor տեսակի ռուսական պարեկային երկու մոտորանավ է ոչնչացվել։

18:07 2.5.2022

Ուկրաինայի ռազմական հետախուզությունն այսօր հրապարակված հայտարարության մեջ պնդում է, որ Ռուսաստանը փորձում է իր դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները շրջանցել հարավկովկասյան երեք պետությունների միջոցով։

«Մոսկվան բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ միջազգային շուկաներ ռուսական ապրանքների վերաարտահանման շուրջ։ Մատակարարումները նախատեսվում են իրականացնել վրացական, հայկական և ադրբեջանական ծագում ունեցող արտադրանքի տեսքով՝ առաքելով դրանք երրորդ երկրներ», - պնդում է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասի երեք պետություններում ռուսական կապիտալի մասնակցությամբ արդեն իսկ 200 համատեղ ձեռնարկություն է ստեղծվել։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը նաև պնդում է, որ Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծել պատժամիջոցներ խուսափել ցանկացող ռուսական բիզնեսի համար։

«Խոսքը նախևառաջ IT (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի ընկերությունների մասին է։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ հարձակման մեկնարկից ի վեր Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի 85 հազար քաղաքացի և IT ոլորտի 113 ընկերություն։ Այս ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում հազարից ավելի մասնավոր ընկերություններ և 250 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են ստեղծել՝ հարկեր մուծելով Հայաստանի և Ռուսաստանի բյուջեներ», - պնդում են ուկրաինացի ռազմական հետախույզները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG