Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

22:23 2.5.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի փոխանցմամբ, Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարող չեղարկվել, եթե Կիևը և Մոսկվան չգան համաձայնության: Այդ մասին կանցլերն այսօր ասել է CDF հեռուստակայանի եթերում:

«Մենք սանկցիաները չենք հանի, նա {Վլադիմիր Պուտինը} նախ պետք է պայմանավորվի Ուկրաինայի հետ, ընդ որում դա չպետք է լինի «պարտադրված» համաձայնություն»,- ասել է Շոլցը:

Կանցլերը նշել է, որ Գերմանիան կշարունակի սատարել Ուկրաինային, այդ թվում` պաշտպանության բնագավառում, բայց անխոհեմություն այդ հարցում թույլ չի տա:

«Յուրաքանչյուր որոշում մենք լրջորեն քննարկում ենք, փորձում ենք պատկերացում կազմել դրա հնարավոր հետևանքների մասին»,- նշել է Օլաֆ Շոլցը:

23:56 2.5.2022

ՈւԵՖԱ-ի վճռով Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի մասնակցի Ազգերի լիգայի 2022-23 թվականների մրցաշարին:

Ռուսաստանի թիմը պետք է հանդես գար Ազգերի լիգայի երկրորդ դիվիզիոնի В խմբում, որում ընդգրկված են Իսլանդիայի, Իսրայելի և Ալբանիայի ընտրանիները:

Հաջորդ մրցաշարում, եթե Ռուսաստանին տրվի մասնակցության իրավունք, թիմը հանդես կգա երրորդ դիվիզիոնում:

Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվել է նաև ֆուտբոլի աշխարհի 2024 թվականի ընտրական մրցումներին մասնակցելու իրավունքից:

11:19 3.5.2022

Միացյալ Նահանգները Ռուսաստանի ագրեսիային ենթարկված Ուկրաինային փոխանցել է ավելի քան 5 հազար միավոր Javelin տեսակի ամերիկյան հակատանկային հրթիռանետ:

Այդ մասին, ըստ Foreign Policy հանդեսի թղթակից Ջեք Դեչի, հայտնել է Պենտագոնի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

11:20 3.5.2022

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի մայսիս 10-ի նիստում Եվրամիությունը հույս ունի հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը։

Նոր փաթեթը կարող է սահմանափակել Ռուսաստանի էներգակիրների արտահանումը, նաև ռուսական նավթի գնման էմբարգոն, քայլ, որը Մոսկվային կզրկի եկամտի հիմնական հոսքից:

11:21 3.5.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր տեսակապով ելույթ կունենա Ուկրաինայի Գերագույն Ռադայի առջև։

Ջոնսոնը կդառնա աշխարհի առաջին ղեկավարը, ով ելույթ կունենա Գերագույն Ռադայում պատերազմի սկզբից ի վեր։ Սպասվում է, որ նա կհայտարարի Ուկրաինային բրիտանական ռազմական օգնության ևս 375 միլիոն դոլարի փաթեթի մասին։

13:47 3.5.2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև մայիսի 1-ը Ուկրաինայում մահացել է առնվազն 3 հազար153 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 226 երեխա։

Կազմակերպությունն ընդգծում է, որ զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել։

«Քաղաքացիական զոհերի կամ վիրավորների մեծամասնությունը պայմանավորված է լայն ազդեցության պայթուցիկ սարքերի կիրառմամբ՝ ներառյալ ծանր հրետանու և հրթիռային համակարգերով հրթիռակոծումը, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածները», - ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

16:10 3.5.2022

Ավելի քան 50 օր պաշարված Մարիուպոլից երկուշաբթի օրը մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց տարհանելուց հետո ռուսական ուժերը «Գրադ» կայանքներից կրկին սկսել են ռմբակոծել «Ազովստալի» տարածքը։

«Ազովստալը» շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինական զինվորականներից բացի, հսկա գործարանի տարածքում պատսպարվել էին նաև քաղաքացիական անձինք։

16:12 3.5.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը մայիսի 3-ին ասել է, որ գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից իրականացվում էր սպառազինությունների ներմուծում։

Նրա ասելով՝ ոչնչացված անգարներում կային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և զինամթերք, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից և Եվրոպական երկրներից։

Կոնաշենկովը նաև ասել է, թե անցած գիշերվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել ուկրաինական զինված ուժերի վեց օբյեկտների։

22:12 3.5.2022

«Planet Labs PBC»-ի կողմից արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռուսական ուղղաթիռների կուտակումներ Ուկրաինայի սահմաններից ոչ հեռու ընկած Ռուսաստանի օդանավակայանում։

Խարկովից հյուսիս-արևելք` մոտավորապես 175 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստարի Օսկոլի քաղաքացիական օդանավակայանում, մոտավորապես 50 ուղղաթիռներ են տեղակայված թռիչքուղու վրա ու հարակից տարածքում։ Նկատելի է նաև օժանդակ զինտեխնիկա։

Ռուսաստանը ուկրաինական պատերազմում հաճախ է ուղղաթիռներ օգտագործում, որոնք ցածր բարձրության թռիչքների դեպքում աննկատ են մնում ռադարների համար։

22:13 3.5.2022

«Այս անորոշության, ապագայի հանդեպ շարունակվող վախի և կասկածների պահին ես այսօր մի մեսիջ ունեմ ձեզ համար՝ Ուկրաինան կհաղթի, Ուկրաինան կլինի ազատ», - այսօր ասել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը` տեսակապով ելույթ ունենալով Ուկրաինայի խորհրդարանում։

Նա խոստացել է ևս 300 միլիոն ֆունտի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ջոնսոնը գովաբանել է ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարը. «Պուտինի ռազմական մեքենայի, այսպես կոչված, անդիմադրելի ուժը կոտրվել է Ուկրաինայի հայրենասիրության և Հայրենիքի հանդեպ սիրո առաջ»։

Նա ողջունել է Ուկրաինայի խորհրդարանի անդամների քաջությունը գործունեությունը շարունակելու համար՝ չնայած նրանց ազատությունների վրա բարբարոսական հարձակմանը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG