- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումներին:
«Ակնհայտ է, որ մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահի մամլո խոսնակ Ջեն Սաքին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլից և «Ազովստալ» գործարանի տարածքից մոտ 500 մարդ է դուրս բերվել, առավոտյան հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Մարիուպոլից, բայց դեռ ոչ կոնկրետ «Ազովստալ»-ից տարհանումը շարունակելու մասին լուրը հաստատել է նաև Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նա հորդորել է ցանկացողներին այսօր մինչև կեսօր հավաքվել համապատասխան կետում։
Բացի այդ, Վերեշչուկը գրել է, որ երեկ Մարիուպոլից, ինչպես նաև Բերդյանսկից և մի քանի այլ բնակավայրերից դուրս է բերվել ավելի քան 340 մարդ՝ կանայք, երեխաներ և ծերեր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ Անվտանգության խորհրդին հայտնել է Մարիուպոլից և պաշարված «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչներին տարհանելու երրորդ մարդասիրական օպերացիայի մասին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապախորհրդայնացման մասին օրինագիծ է ստորագրել։ Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի խոսքերով` փաստաթուղթը չեղարկում է ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ պետական մարմինների և վարչակազմի 1200 ակտ:
Բացի այդ, ուկրաինական օրենսդրությունից կհեռացվեն կոմունիստական կուսակցության ծրագրերի բոլոր վկայակոչումները։
Գերագույն Ռադան ավելի վաղ ընդունել էր Ուկրաինայում ռուսամետ կուսակցություններն արգելող օրենք, որը կարող է տարածվել օրինակ` այն քաղաքական միավորումների վրա, որոնց ծրագրերը, գործողություններն ուղղված են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան արդարացնելուն կամ հերքելուն, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը որպես «ներքին հակամարտություն» ներկայացնելու միջոցով։ Բացի այդ, արգելքը կվերաբերի նաև այն կուսակցություններին, որոնք պաշտպանում, արդարացնում են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա կատարած կամ իրականացնող անձանց կամ կառուցներին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության անդամ մի շարք երկրների առարկություններից հետ Եվրահանձնաժողովը մի շարք փոփոխություններ է կատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթում։
Նոր առաջարկում, որը ԵՄ անդամ պետությունների դեսպանները ուրբաթ օր քննարկում են Բրյուսելում, ավելի երկար անցումային շրջան է սահմանում՝ մինչև ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո կիրառելը։
Եվրահանձնաժողովի անդամ Պաոլո Ջենտիլոնիի խոսքով՝ նոր առաջարկի համաձայն՝ էմբարգոն ուժի մեջ կմտնի 9 ամսից, այլ ոչ թե տարեվերջին, ինչպես նախապես ծրագրված էր։ Բացի այդ, մի շարք երկրների՝ Հունգարիայի, Սլովիակիայի, ամենայն հավանականությամբ նաև Չեխիայի համար բացառություն կարվի մինչև 2024 թվականը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր մոտ 3 հազար 300 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 3 հազար 500-ը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։
231 մահացածները մինչև 18 տարեկան երեխաներ են։ Սպանված 73 երեխաների մարմիններն այնպիսի վիճակում են եղել, որ անգամ նրանց սեռը չի հաջողվել հստակեցնել։
ՄԱԿ-ն առանձին տվյալներ է հրապարակել նաև ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքում զոհերի և վիրավորների մասին՝ զոհվել է 105 մարդ, վիրավորվել՝ 417-ը։
Զեկույցում նշվում է, որ խաղաղ բնակիչները զոհվել են հիմնականում պայթուցիկ սարքերի, այդ թվում՝ ծանր հրետանու և հրթիռային կայանքների, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների կիրառման հետևանքով։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Չնայած հրադադարի ռեժիմի շուրջ պայմանավորվածությանը, ռուս զինվորականները թիրախավորել են «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակիչների տարհանման համար նախատեսված մեքենան, այս մասին հայտնում են ուկրաինական աղբյուրները։
Հաղորդումների համաձայն` հրթիռային հարձակման հետևանքով մեկ հոգի զոհվել է, վեցը` վիրավորվել։ Անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվում հաստատել այս տեղեկությունները։
Մարիուպուլ քաղաքը, բացի «Ազովստալ» հսկայական գործարանից, գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Գործարանի տարածքում, ըստ հաղորդումների, հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ են պատսպարված։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի ՊՆ հաղորդում է անցած գիշեր Ուկրաինայի տարածքին հասցված նոր հարվածների մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակ Իգոր Կոնաշենկովի պնդմամբ՝ գիշերային հրթիռակոծությունների հետևանքով Օդեսայի մարզի Դաչնոե բնակավայրի մերձակայքում «Ուկրաինայի Զինված ուժերին պատկանող վառելիքի և սպառազինության երեք պահեստ է ոչնչացվել»։
Ընդհանուր առմամբ, ըստ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի, գիշերային հարվածների հետևանքով «ուկրաինական 18 ռազմական օբյեկտ է ոչնչացվել, շարքից հանվել է 50 միավոր զրահատեխնիկա, զոհված ուկրանացի զինվորականների թիվը հասնում է 280-ի»:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ երկրի հյուսիս-արևելքում տեղակայված ռուսական ստորաբաժանումները շարունակում են հրետակոծել Կիևից հետո մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի արվարձանները։ Դրա հետ մեկտեղ, ըստ պաշտոնական Կիևի, ուկրաինական բանակն այս ուղղությամբ հակահարձակման փորձեր է ձեռնարկում։
«Թշնամին շարունակում է հրետակոծել Խարկովի մերձակայքում գտնվող բնակավայրերը։ Իզյումի ուղղությամբ ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառում՝ ուկրաինական ստորաբաժանումների տեղակայման վայրերը հայտնաբերելու նպատակով։ Հակառակորդը պայթեցրել է նաև Խարկովի մարզի Ցիրկունի և Ռուսկիա Տիշկի գյուղերի մերձակայքում գտնվող ավտոմոբիլային կամուրջները՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերի հակահարձակումը դանդաղեցնելու նպատակով», -այսօր հայտարարում էր Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Պավել Կովալչուկը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մերձդնեստրի իշխանությունները հաղորդում են ինքնահռչակ հանրապետության տարածքին անօդաչու թռչող սարքերից հասցված նոր հարվածների մասին։ Մերձդնեստրի ներքին գործերի նախարարությունն այսօր իր Տելեգրամ ալիքում հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանի անմիջական հարևանությամբ։
Ինքնահռչակ հանրապետության իշխանությունների տեղեկություններով՝ հարձակումների հետևանքով տուժածներ չկան։ Տեղական իշխանությունները չեն հաղորդում նաև, թե ով կարող էր կանգնած լինել պայթյունների հետևում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Իտալիայի իշխանությունները կալանք են դրել Մարինա Դի Կարարա նավահանգստում խարիսխ գցած «Շահրազադ» շքեղ զբոսանավի վրա: Այն, ենթադրաբար, պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Իտալիայի իշխանությունների փոխանցմամբ, «ֆինանսական ոստիկանությունը պարզել է, որ նավն առնչություն ունի Ռուսաստանի ղեկավարության շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր Եվրամիության կողմից ենթարկվել են պատժամիջոցների»:
140 մետր երկարությամբ նավի գինն, ըստ անկախ աղբյուրների, հասնում է մոտ 700 միլիոն եվրոյի: Նավն անցած ամիսներին վերանորոգման նպատակով գտնվել է նավահանգստում: Այդ աշխատանքը պետք է ավարտվեր հաջորդ տարեսկզբին, սակայն այս շաբաթասկզբին «Շահրազադը» փորձել է դուրս գալ նավահանգստից:
Իտալիայի իշխանությունները դա կանխել են և հայտնել, որ նավը կմնա կալանքի տակ մինչև դատարանի վերջնական որոշումը: