- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերման համար, գրում է Reuters-ը։
Գումարը գրեթե կրկնակի է, քան նախկինում տրամադրված օգնությունը։ Բրիտանական կառավարությունը նշել է, որ սա Իրաքի և Աֆղանստանի պատերազմներից ի վեր ֆինանսական աջակցության ամենաբարձր մակարդակն է, մինչդեռ հաշվարկների մանրամասները չեն ներկայացվել։
«Պուտինի դաժան հարձակումը ոչ միայն անասելի ավերածություններ է առաջացնում Ուկրաինայում, այլև սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը ողջ Եվրոպայում»,- ասվում է Ջոնսոնի հայտարարության մեջ։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը կիրակի ժամանել է Կիև: Նա պատերազմի ընթացքում Ուկրաինա այցելած Գերմանիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:
Բասն Ուկրաինայում է՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետի հետ քննարկելու Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ոգեկոչելու Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բունդեսթագին՝ Ուկրաինա ծանր սպառազինություն ուղարկելու օգտին քվեարկելու համար և ասել, որ ծանր սպառազինության հասանելիությունն այս պահին «գլխավոր առաջնահերթություն է»:
Սպասվում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ավելի ուշ կմասնակցի G7-ի հեռավար քննարկմանը, որը նվիրված է Ուկրաինայի դեմ պատերազմին: Քննարկմանը նախատեսված է նաև Զելենսկու մասնակցությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, նախապես չհայտարարված կարճատև այցով ժամանել է Ուկրաինա:
Առաջին տիկնոջ ավտոշարասյունը Սլովակիայից հատել է Ուկրաինայի սահմանը և հասել է Ուժգորոդ, որտեղ քաղաքի թիվ 6 դպրոցում Ջիլ Բայդենին դիմավորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսյա Զելենսկայան:
Ըստ ամերիկյան մամուլի, սա առաջին հանրային միջոցառումն է, որին Ուկրաինայի դեմ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի մեկնարկից ի վեր մասնակցել է Օլեսյա Զելենսկայան:
Երկու առաջին տիկնանց հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, ինչից հետո Ջիլ Բայդենի ավտոշարասյունը վերադարձել է Սլովակիայի տարածք:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Մեծ յոթնյակի» լիդերները հեռավար կարգով քննարկել են Ուկրաինայի պատերազմի հարցը:
Յոթ երկրների ղեկավարները հայտարարել են, որ միանշանակ սատարում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ցանկանում են ապագա Ուկրաինան տեսնել որպես բարգավաճ ու դեմոկրատական պետություն՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Յոթի խումբը միասնական է այս դժվար ժամանակաշրջանում Ուկրաինայի դեմոկրատական, բարգավաճ ապագայի կայացմանը նպաստելու և Ուկրաինայի դեմ պատերազմում նախագահ Պուտինի հաղթանակը թույլ չտալու հարցերում»,- ասվում է յոթ երկրների լիդերների հեռավար համաժողովի ամփոփիչ հռչակագրում:
Յոթ լիդերների համաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կիրակի օրը Կիև չնախատեսված այցից հետո հայտարարեց Ուկրաինա նոր սպառազինությունների և սարքավորումների մատակարարման մասին։
Թրյուդոն, ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում, նաև ասել է, որ Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում անհատների և ռուսական կազմակերպությունների դեմ՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։
Վարչապետը հայտնել է, որ Կանադան վերաբացում է իր դեսպանատունը Ուկրաինայի մայրաքաղաքում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր Ռուսաստանի զինված ուժերը շարունակեցին հարձակումն Ուկրաինայում, զուգահեռ Մոսկվան սկսեց Հաղթանակի օրվա տոնակատարությունները նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ՝ հսկայական ռազմական շքերթով՝ նշելով Խորհրդային Միության դերը 1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտության մեջ:
Պուտինը ելույթում կրկնեց իր հին թեզը, որ հրաման է տվել հարձակվել Ուկրաինայի վրա, քանի որ վախենում է, որ Ուկրաինան կհարձակվի Ռուսաստանի վրա։
Նա ասաց, որ Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ Ղրիմի վրա։
Երեկ1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտությունը նշանավորող իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Ռուսաստանը կրկնում է նացիստական վայրագությունները իր երկրի դեմ պատերազմում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ելույթ է ունեցել նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրվա առթիվ: Նա հավաստիացրել է, որ Ուկրաինան կհաղթի իր վրա հարձակված Ռուսաստանին և ոչ մի տարածք չի զիջի:
«Հաղթանակի օրը մենք կռվում ենք հանուն նոր հաղթանակի: Ճանապարհը ծանր է, բայց մենք կասկած չունենք, որ կհաղթենք: Ո՞րն է մեր առավելությունը թշնամու նկատմամբ: Մեր պատմության դասագիրքն է, մենք ոչ մի վիշտ չէինք ապրի, եթե մեր թշնամիները ժամանակին կարդային մեր պատմությունը»,- ասել է Զելենսկին:
Նրա փոխանցմամբ, փետրվարի 24-ին հարձակվելով Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանը կոպիտ սխալ է գործել, նման սխալ են կատարել բոլոր թշնամիները:
«Մեր հողը փամփուշտներով և արկերով է ցանված, բայց ոչ մի թշնամի այստեղ արմատ չի գցել»,- ասել է Զելենսկին:
Նա հայտարարել է, որ ուկրաինացիները կշարունակեն պայքարն իրենց երեխաների ազատության համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա զորահանդեսի ընթացքում խոսել է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակի ցուցաբերած հերոսության մասին և դատապարտել, իր ձևակերպմամբ, «արտաքին ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել և մասնատել Ռուսաստանը»:
Խոսելով Ուկրաինայում այսպես կոչված՝ «հատուկ ռազմական օպերացիայի» մասին՝ նա ասել է, որ այն Ռուսաստանի համար անխուսափելի էր. «Ռուսաստանը կանխարգելիչ հարվածով ետ է մղել ագրեսիան, Ռուսաստանը հարկադրված էր ճիշտ ժամանակին դա անել, դա միակ ճիշտ որոշումն էր»:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն հենց Ռուսաստանի սահմանների մոտ վտանգավոր ակտիվություն է ծավալել, և դա մեծ սպառնալիք է Ռուսաստանի համար:
Դիմելով Դոնբասում ռազմական գործողությանը մասնակցող Ռուսաստանի զինծառայողներին՝ Պուտինն ասել է, որ նրանք հիմա հայրենիքն են պաշտպանում: Ուկրաինայի դեմ պատերազմի 75-րդ օրը հնչեցրած ուղերձում նա ոչ մի անգամ չի արտասանել Ուկրաինայի անունը և չի խոսել ռազմական գործողության ընթացքի կամ դրա հնարավոր տևողության մասին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում անպատվում է ռազմական անցյալը և կրկնում է 77 տարի առաջ գերմանացի ֆաշիստների գործադրած մարտավարությունը: Ուոլեսի ելույթը համընկել է Ռուսաստանում Հաղթանակի օրվա զորահանդեսի և Պուտինի ուղերձի հետ:
Ուոլեսն ասել է, թե ռուս գեներալները և նրանց գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը պատերազմի հանցագործներ են, և նրանց պետք է դատել:
«Ռուս զինծառայողներն Ուկրաինայում ցուցաբերում են մարդկային կյանքի, ազգային ինքնիշխանության և օրենքների վրա խարսխված միջազգային համակարգի նկատմամբ նույն արհամարհանքը, որը ցուցաբերել են ֆաշիսները, ոտնատակ է արվում աշխարհակարգը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որը բոլորս ստեղծել ենք և որի համար պայքարել ենք և հաղթանակել ենք, հուսալով, որ ապագա սերունդներին կփրկենք պատերազմի պատուհասից»,- ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա մայիսի 9-ին կարմիր ներկ են լցրել, երբ նա գերեզմանոցում ծաղկեսպակով մոտեցել է Երկրորդ աշխարհամարտում զոհված Կարմիր բանակի զինծառայողների հուշարձանին:
Ըստ ականատեսների, միջոցառման ընթացքում գերեզմանոցում հավաքվել են Ուկրաինայի դրոշներով մարդիկ, ովքեր ռուսների հասցեին վանկարկել են «ֆաշիստներ»:
Մոսկվան խստորեն դատապարտել է միջադեպը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքն ընտրել է ֆաշիզմը վերակենդանացնելու ուղին: «Մեզ չի կարելի վախեցնել, պետք է հայելում իրենց արտացոլանքից վախենան Եվրոպայի բնակիչները»,- Տելեգրամում գրել է Զախարովան:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Զբիգև Ռաուն ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ և ասել է, որ «դիվանագետները պետք է ունենան հատուկ պաշտպանություն անկախ նրանց երկրների վարած քաղաքականությունից»: