- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական հրետանու կողմից Կիևի շրջանի Շևչենկովե գյուղի գնդակոծության ժամանակ սպանվել է ուկրաինացի լրագրող Օքսանա Գայդարը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն։
Վերջինիս խոսքով՝ գնդակոծության հետևանքով մահացել է նաև լրագրողի մայրը։ Գայդարը ամուսնու և ընտանիքի հետ բնակվում էր Մոսկվայում, Ուկրաինա էր վերադարձել պատերազմի ընթացում։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր շուրջ երկու տասնյակ տեղացի և արտասահմանցի լրագրողներ են սպանվել։ Ապրիլի 28-ին Կիևում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Վերա Գիրիչը։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Եվրամիության գործադիր մարմինը հաջորդ ամիս իր կարծիքը կհայտնի Ուկրաինայի անդամակցության հայտի վերաբերյալ, ինչը կարևոր քայլ է մինչև 27 անդամ երկրների կողմից հարցի քննարկումը։ Այս մասին երեկ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Թվիթերում նա գրել է, որ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և անհամբեր սպասում է Ուկրաինայի անդամակցության հարցաշարի պատասխաններին։
Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ֆոն դեր Լայենն ասել էր՝ Եվրոպայի ապագան նաև «Ուկրաինայի ապագան է»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Լիտվայի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել, որը Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ճանաչում է ցեղասպանություն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է լիտվական խորհրդարանի կայքէջը։
Ըստ այդ փաստաթղթի՝ Ռուսաստանը, որի զինվորականները «գիտակցաբար և համակարգված կերպով ընտրում են քաղաքացիական թիրախները ռմբակոծության համար, ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է»։
Լիտվայի Սեյմասը կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին, օտար պետությունների խորհրդարաններին և կառավարություններին՝ ճանաչել և դատական կարգով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած հանցագործությունները մարդկության դեմ։
Կանադայի, Լատվիայի, Էստոնիայի խորհրդարանները ևս ավելի վաղ բանաձևեր և հայտարարություններ են ընդունել, որոնցում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պուլիտցերյան մրցանակի կոմիտեն Ուկրաինայի բոլոր լրագրողներին հատուկ մրցանակ է շնորհել «Հատուկ հիշատակում» անվանակարգում։
Սովորաբար այդ մրցանակը հանձնվում է այն լրագրողներին, որոնք ներկայացված չեն որևէ անվանակարգում, բայց արժանի են հատուկ ուշադրության։
«Պուլիտցերյան հանձնաժողովը Ուկրաինայի լրագրողներին շնորհում է հատուկ մրցանակ Վլադիմիր Պուտինի անողոք ներխուժման և Ռուսաստանում նրա քարոզչական պատերազմի ժամանակ քաջություն, տոկունություն դրսևորելու և ճշմարտացի լուսաբանմանը նվիրված լինելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Պուլիտցերյան մրցանակը լրագրության և գրականության ամենահեղինակավոր պարգևն է, որը շնորհվում է միայն ամերիկացի լրագրողներին։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ուկրաինայի արևելյան որոշ շրջաններում՝ Լուգանսկում, Խարկովում և Դնեպրում այսօր վաղ առավոտյան օդային հարվածների ձայներ են լսվել:
Այդուհանդերձ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այսօր իր ամենօրյա հետախուզական տեղեկագրում նշել է, որ Ռուսաստանի սխալ գնահատականը հանգեցրել է մարտի դաշտում անհաջողությունների։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսական օդուժը Օդեսայի վրա յոթ հրթիռ է արձակել, վերջին հրթիռն արձակվել է Մոսկվայում մայիսի 9-ի հրավառությունից հետո։ Այն հարվածել է քաղաքի մոտ գտնվող Ֆոնտանկա գյուղի առևտրի և ժամանցի կենտրոնին։
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը, ժամանելով հրթիռակոծության ենթարկված պահեստներ, ասել է, որ դրանք գործող էին, աշխատող մարդիկ կային։ Նա նշել է, որ պահեստները ոչ մի կապ չեն ունեցել ռազմական ենթակառուցվածքների հետ, այդտեղ զինամթերքի պահեստներ չկան և չեն էլ եղել։
Ուկրաինայի արևելքում ծանր մարտերը շարունակվում են։ Լուգանսկի մարզում շաբաթներ տևած մարտերից հետ ուկրաինական ուժերը դուրս են եկել Պոպասնայա բնակավայրից։ Ռազմաճակատային գիծն արդեն անցնում է Բելոգորովկայի շրջանում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները իրար ետևից այցելում են Ուկրաինայի մայրաքաղաք ու Կիևի մարզի ազատագրված բնակավայրեր, որտեղից ռուսական ուժերը դուրս են եկել։
Այսօր այնտեղ են Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարները։ Ռուսական ներխուժումից մեծապես տուժած Իրպենի մասին Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրան Թվիթերի իր էջում գրել է․ «Ռմբակոծված տներն ու շինությունները ցույց են տալիս, թե ինչպես է պատերազմն ազդել այստեղ ապրող տղամարդկանց, կանանց ու երեխաների վրա։ Այդ գործողությունները չեն կարող անպատիժ մնալ։ Նիդերլանդները լի է վճռականությամբ` պարզելու ճշմարտությունն ու հասնելու արդարության»:
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը գերմանական կառավարության առաջին ներկայացուցիչն է, որ Ռուսաստանի ներխուժումից հետո այցելում է Ուկրաինա։ Նա եղել է Բուչայում, որտեղ ռուսական ուժերի հեռանալուց հետո հայտնաբերվել էին խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների վկայություններ։
«Մենք պարտավոր ենք ոչ միայն հարգել զոհերի հիշատակը, այլև պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Դա այն է, ինչ մենք պետք է անենք որպես միջազգային հանրություն։ Սա խոստում է, որը մենք կարող ենք և պետք է տանք այստեղ՝ Բուչայում», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Պենտագոնի խոսնակՋոն Քիրբին այսօր ասել է, թե ռուսական հրթիռային հարվածները չեն խոչընդոտում արևտյան զենքի փոխադրումն Ուկրաինա:
«Չի եղել ոչ մի ազդեցություն զենքի և տեխնիկայի մատակարարման վրա: Ռուսական հրթիռների հարվածներն Օդեսայի և ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքներին Արևմուտքին չեն խանգարում զենք ուղարկել Ուկրաինա, փոխադրումներն ամեն օր են իրականացվում»,- ասել է Քիրբին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 3 հազար 459 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 238 երեխա։ Վիրավորվել է մոտ 3 հազար173 խաղաղ բնակիչ։
Պատերազմի սկսվելուց հետո՝ փետրվարի 24-ից ի վեր, մոտ 6 միլիոն մարդ է լքել երկիրը։ Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ճնշող մեծամասնությամբ, հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթին:
Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրեց Կոնգրեսին՝ հաստատել Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ 33 միլիարդ դոլարի օգնությունը, սակայն օրենսդիրները որոշեցին ավելացնել ռազմական և հումանիտար օգնությունը:
Օրինագիծը հավանության է արժանացել 368 կողմ և 57 դեմ ձայներով և անցել Սենատ: