- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ սենատորները, ովքեր հանդիպել են Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանի հետ, ասել են, որ նա երախտագիտություն է հայտնել և հասկացրել, որ իր երկիրը ապագայում ավելի շատ օգնության կարիք կունենա:
Երկու կուսակցությունների սենատորները հանդիպել են Օքսանա Մարկարովայի հետ՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմը։
Դեմոկրատ-սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ասել է. - «Դա երախտագիտության ուղերձ էր, կոչ՝ աջակցելու [Ուկրաինային] մինչև վերջ»:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Երեկ երեկոյան և անցած գիշեր Ռուսաստանի Զինված ուժերը շարունակել են ավիացիոն և հրթիռային հարվածներ հասցնել Ուկրիանայի տարածքին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ գիշերային հարվածների ընդհանուր թիվը հասել է 500-ի։
«Հարվածների հետևանքով ոչնչացվել է ուկրաինական բանակի 15 հրամանատարական կետ,17 զինապահեստ ինչպես նաև 280 ուկրաինացի զինվորական», - հայտարարել է Կոնաշենկովը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ներառյալ՝ ռազմական։ Դրագին կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել․ - «Մենք պետք է օգտագործենք բոլոր ուղիները՝ խաղաղության հասնելու, զինադադարի և լուրջ բանակցությունների համար»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Բուդապեշտը կրկին հայտարարում է, որ Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրումների լիակատար արգելքի սահմանումը «Հունգարիայի տնտեսության համար ատոմային ռումբի էֆեկտ կունենա»։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսաուղերձում՝ նշելով, որ երկրի ղեկավարությունը Բրյուսելից հստակ զիջումներ է ակնկալում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ազովստալ» գործարանում մնացող ուկրաինացի զինվորականները ծանր կորուստներ են կրում», - բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում գործող «Ազով» գնդի սպա Իլյա Սամոյլենկոն։
«Մենք ծանր կորուստներ ունենք և ամեն օրը մեզ համար կարող է վերջինը դառնալ։ Մեր պաշարները խիստ սահմանափակ են և սպառվելու եզրին են։ Այս պահին մեզ համար ելքը կարող է լինել կամ անխուսափելի մահը, կամ էլ գերեվարումը, ինչը ևս հավասարազոր է մահվան», - հայտարարում էր «Ազով» գնդի զինծառայողը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում գործադրած միջնորդական ջանքերի համար», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Կասկած չկա, որ մենք շատ բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ գործադրում էին մեր թուրք գործընկերները, որպեսզի Ստամբուլում կայացած հանդիպման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն», - նշել է Պեսկովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանը հավատարիմ է գազի մատակարարումների իր ստանձնած պարտավորություններին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցումը սահմանափակելու Կիևի որոշումը։
«Ռուսաստանը իր պայմանագրային պարտավորությունները միշտ էլ պատասխանատու կերպով է կատարել և հետագայում ևս պատրաստվում է նույնն անել։ Ուկրաինական կողմը հայտնել է ինչ-ինչ ֆորսմաժորային պայմանների մասին։ Մենք, սակայն, լսել ենք նաև «Գազպրոմի» բացատրությունները, որոնց համաձայն [Ուկրաինայի կողմից] ֆորսմաժորի վերաբերյալ որևէ ծանուցում կամ բացատրություն չի հնչել», - նշել է Պեսկովը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Մոտ ժամանակում Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորություն չկա», - երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Միաժամանակ, Անտոնիու Գուտերեշը խոստացել է, որ համաշխարհային կազմակերպությունը «երբեք չի հանձնվի» և «միշտ պետք է պատրաստ լինի անել հնարավոր ամեն բան՝ վերջ տալու համար այս անիմաստ պատերազմին»։
Գուտերեշը լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ն անում է ամեն ինչ՝ փրկելու կյանքեր և դյուրացնելու տարհանումն ու մարդասիրական օգնության տրամադրումը:
«Այս պատերազմը հավերժ չի տևի: Կգա խաղաղ բանակցությունների ժամանակը: Կգա պահը, երբ, հուսով եմ, հնարավոր կլինի ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան գտնել խնդրի լուծումը», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանական և համաշխարհային արդյունաբերության հսկա Siemens կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանից ամբողջովին դուրս գալու մասին։ Այսօր կոնցեռնը հայտարարություն է ուղարկել ռուսական մամուլին՝ տեղեկացնելով «բոլոր արդյունաբերական գործարքների դադարեցման մեկնարկի մասին»։
«Մենք կմիանանք միջազգային հանրությանը՝ դատապարտելու պատերազմը Ուկրաինայում: [...] Siemens-ը դուրս է գալիս ռուսական շուկայից ուկրաինական պատերազմի պատճառով», - ասվում է հայտարարությունում։
Ռուսաստանում Siemens-ը ներկայացված է երկու ընկերություններով՝ Siemens և Siemens Energy:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան կարող է հարյուր տարի զգալ Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքները, քանի որ շատ քաղաքներ լցված են չպայթած ռումբերով։
«Հետևաբար, մենք ստիպված կլինենք միասին աշխատել վերակառուցման վրա», - ասել է Օլաֆ Շոլցը երեկ Բեռլինում ասուլիսի ժամանակ։
Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիայում դեռ հաճախ են գտնում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբեր։