Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:04 20.5.2022

Երեկ ամերիկացի սենատորները կողմ են քվեարկել Ուկրաինային 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին։ Նախագահ Ջոզեֆ Բայդենը շեշտել է. Կոնգրեսը, հավանություն տալով նման օգնությանը, «աշխարհին հստակ ազդանշան է ուղարկել»՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ միասին «պաշտպանում է ժողովրդավարությունն ու ազատությունը»։

Բայդենի գրավոր հայտարարությունում նշված է նաև, որ ԱՄՆ-ն արդեն պատմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում և մտադիր է արագացնել լրացուցիչ զենքի և սարքավորումների մատակարարումը: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ օգնությունը կներառի մարտի դաշտում արդեն արդյունավետ օգտագործվող հրետանի և այլ սարքավորումներ:

12:08 20.5.2022

Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու պատմական որոշմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Երեկ Բայդենն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը շրջադարձային են եվրոպական անվտանգության մեջ, և մայրցամաքի հյուսիսում գտնվող երկրների միացումը կամրապնդի ամբողջ դաշինքի դիրքերը։

«Ես ուղիղ կասեմ՝ ՆԱՏՕ նոր անդամների մուտքը վտանգ չի ներկայացնում ոչ մի երկրի համար: ՆԱՏՕ-ի նպատակը ագրեսիայից պաշտպանվելն է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

12:10 20.5.2022

Եվրամիությունն ուսումնասիրում է ռուս օլիգարխներին պատկանող և պատժամիջոցների արդյունքում սառեցված ակտիվների՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար օգտագործման հնարավորությունը։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ այժմ այս հարցով զբաղվում են փաստաբանները։ «Իմ կարծիքով՝ Ռուսաստանը պետք է իր ներդրումը կատարի [Ուկրաինայի վերականգնման գործում]», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է ֆոն դեր Լայենը:

Ապրիլի սկզբին Եվրամիությունը հայտնել էր, որ պատերազմի սկսվելուց հետո եվրոպական երկրները սառեցրել են ռուսական ակտիվները՝ 29,5 մլրդ եվրոյի չափով։ Կրեմլը դա անվանել էր «օրինական ձեռնարկատերերի կողոպուտ»։

12:12 20.5.2022

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա տրամադրելու մասին՝ ի հավելումն հինգշաբթի օրը Կոնգրեսի կողմից հաստատված 40 միլիարդ դոլարի օգնության:

Նոր փաթեթը ներառում է 18 հաուբից և հակահրետանային ռադիոտեղորոշիչ համակարգեր։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ զինտեխնիկան հասանելի կլինի ուկրաինական զորքերին «շատ, շատ շուտով»:

12:21 20.5.2022

Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հեռահար հրետանի, անօդաչու թռչող սարքեր և հականավային հրթիռներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Թվիթերում գրել է. - «Ես նախագահին տեղեկացրեցի Ուկրաինայի պաշտպանությանը տրամադրվող աջակցության մասին՝ ներառյալ հեռահար հրետանի, «ափ-նավ» հրթիռներ և անօդաչու սարքեր: Սա մեր լրացուցիչ ռազմական օգնության փաթեթի մի մասն է՝ 1,3 մլրդ ֆունտ ստերլինգի չափով»:

16:01 20.5.2022

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որին քննադատում են Ռուսաստանի հետ սերտ կապերի համար, պետք է հրաժարվի Բունդեսթագի իր գրասենյակից։ Գերմանական աղբյուրների համաձայն՝ նման որոշում է ընդունել օրենսդիր մարմնի աշխատակազմը։

Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ, այդուհանդերձ, 78-ամյա նախկին կանցլերը կշարունակի թոշակ ստանալ, օգտվել թիկնապահների ծառայությունից, ինչը նախատեսված է կառավարության նախկին ղեկավարների համար։

Ռուսական «Ռոսնեֆտ»-ն էլ հաղորդում է, որ Շրյոդերը լքում է ընկերության տնօրենների խորհուրդը:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, ով կանցլերի պաշտոնում աշխատել է 1998-ից մինչև 2005 թվականները, հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական կապերով:

16:02 20.5.2022

Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները։

Վալերի Գերասիմովը և Մարկ Միլին հեռախոսազրույցի ընթացքում «քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ այդ թվում իրավիճակը Ուկրաինայում», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Անցած շաբաթավերջին էլ հեռախոսազրույց էր կայացել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների միջև՝ նույնպես առաջին անգամ Ուկրաինայում պատերազմի ընթացքում:

16:58 20.5.2022

Ռուսաստանի հարևան Ֆինլանդիան դադարեցնում է ռուսական գազի ներկրումը։

«Վաղվանից ամառային ամիսներին Gasum-ը իր բաժանորդներին բնական գազ կմատակարարի այլ աղբյուրներից՝ Balticconnector խողովակաշարի միջոցով», - հայտարարել է ֆիննական ընկերությունը, որը հրաժարվում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։

Ֆինլանդիան գազի ներքին պահանջարկի մեծ մասը ապահովում է Ռուսաստանից մատակարարվող գազով, սակայն գազն ապահովում է երկրում տարեկան սպառվող էներգիայի մոտ 5 տոկոսը:

17:01 20.5.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ի պատասխան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու քայլին, Մոսկվան մինչև տարեվերջ 12 նոր զորամաս և ստորաբաժանումներ կստեղծի Արևմտյան ռազմական օկրուգում։

«Լարվածությունը շարունակում է աճել Արևմտյան ռազմական օկրուգի պատասխանատվության գոտում: Մենք համարժեք հակաքայլեր ենք ձեռնարկում», - ասել է Շոյգուն։

19:44 20.5.2022

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր սպանվել է 11 վրացի կամավորական։

Անցած օրերին ուկրաինական Իզյում քաղաքի մարտերի ժամանակ սպանված վրացին 38-ամյա Ռատի Շուրգայան է: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` նրա մարմինը տեղափոխվել է Վրաստան, հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը։

Վրաստանի իշխանությունները փետրվարի 24-ից ի վեր փորձում են կանխել վրաց կամավորականների խմբերի Ուկրաինա մեկնումը։ Ի պատասխան՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից մի քանի օր անց հետ կանչեց Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին՝ վրացական իշխանություններին քննադատելով Կիևին բավարար աջակցություն չցուցաբերելու համար։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG