Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

13:50 21.5.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ ուկրաինացի 2439 զինվոր, որոնք գտնվում էին գործարանի տարածքում, հանձնվել են։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ գործարանի «ամբողջական ազատագրման» մասին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին։

11:52 22.5.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շաբաթ օրը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից քարոզվող «բաց դռների» քաղաքականությունը։

Նրանք քննարկել են նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ներկայացված անդամակցության հայտերը:

«Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր դաշնակցի մտահոգությունները, իսկ լուծում գտնելու համար բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է Ստոլտենբերգը:

Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելուն, քանի դեռ այդ երկրները հիմնարար հարցերի շուրջ բացահայտ համերաշխություն չեն ցուցաբերել Թուրքիայի հետ, ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի` այս հեռախոսազրույցի ժամանակ ասել է Էրդողանը:

17:10 22.5.2022

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Կիև կատարած այցի ընթացքում ելույթ է ունեցել Գերագույն ռադայում։ Նա դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարն, ով ելույթ ունեցավ ուկրաինացի պատգամավորների առջև Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։

Դուդան աջակցություն է հայտնել Կիևին և խոստացել ամեն ինչ անել, որ Ուկրաինան դառնա ԵՄ անդամ։ Նա նաև քննադատել է եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր կողմ են Ռուսաստանի հետ փոխզիջմանը։

«Բուչայից, Բորոդյանկայից, Մարիուպոլից հետո անհնար է Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես նախկինում էր, պարոնա՛յք նախագահներ և վարչապետներ»,- ասել է Դուդան։

Անջեյ Դուդան Ուկրաինա է ժամանել մայիսի 22-ին։

13:04 23.5.2022

Գերագույն Ռադան որոշել է ևս 90 օրով` մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգել ռազմական դրությունը և մոբիլիզացիան Ուկրաինայի տարածքում։

Նախորդ անգամ խորհրդարանը ռազմական դրությունը երկարաձգել էր 30 օրով՝ ապրիլի 25-ից, իսկ մինչ այդ՝ մարտի 26-ից, ևս 30 օրով։

Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարվել ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման օրը՝ փետրվարի 24-ին։

13:05 23.5.2022

Ուկրաինայի և Լեհաստանի նախագահները, կիրակի օրը հանդիպելով Կիևում, պայմանավորվել են համատեղ մաքսային հսկողություն և միասնական երկաթուղային ընկերություն ստեղծելու մասին՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը հեշտացնելու և Ուկրաինայի տնտեսության արտահանման ներուժը մեծացնելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միասնական մաքսային հսկողության գաղափարը «հեղափոխական քայլ» է անվանել։

13:09 23.5.2022

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, Խարկովի փրկարարները, որոնք հակամարտության սկզբից ապամոնտաժում են ռուսական ռմբակոծության հետևանքով ավերված շենքերը, փլատակներից դուրս են բերել ավելի քան 150 դի։

Հաղորդվում է, որ զանգվածային ռմբակոծության են ենթարկվել հատկապես Խարկովի հյուսիսային և արևելյան շրջանները, որոնք ամենամոտն են առաջնագծին։

13:14 23.5.2022

Փարիզում հայտարարում են, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացը կարող է տասնամյակներ տևել։ Նախօրեին այս մասին, ֆրանսիական ռադիոկայաններից մեկի եթերում, նշել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը։

«Եթե մենք պնդում ենք, որ Ուկրաինան ԵՄ անդամ է դառնալու վեց ամսից, մեկ կամ երկու տարի հետո, ապա մենք ստում ենք։ Դա շատ ժամանակատար պրոցես է, և ես չէի ցանկանա, որ մենք զբաղվենք պատրանքներ ներշնչելով։ Նման սուտը կարող է հիսաթափություն առաջացնել ուկրաինացիների մի ողջ սերնդի մոտ», - հայտարարում էր ֆրանսիացի պաշտոնյան՝ հավելելով, որ Կիևի անդամակցությունը եվրոպական ընտանիքին կարող է տևել 15-ից 20 տարի։

13:16 23.5.2022

Լեհաստանի կառավարությունը ժամկետից շուտ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը: Այդ մասին Լեհական ռադիոյի եթերում հայտարարել է ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների գծով երկրի կառավարության լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին։

1993 թվականին ստորագրված «Յամալ» համաձայնագրով, որն ուժի մեջ էր մինչև 2022 թվականի վերջը, Լեհաստանը տարեկան մինչև 10 միլիոն խորանարդ մետր գազ էր ստանում Ռուսաստանից։

Ապրիլի 27-ին «Գազպրոմ»-ը դադարեցրել է գազի արտահանումը բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG ընկերություններին՝ գազի դիմաց ռուսական ռուբլով վճարել հրաժարվելու պատճառով։

13:18 23.5.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, վերջին 24 ժամերին Դոնբասում ռազմական ավիացիան մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել ուկրաինական բանակի դիրքերին։

«Օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի կողմից [հակառակորդի] կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման 39 շրջան է խոցվել։ Լուգանսկի Կրասնի Լիման բնակավայրի մերձակայքում զինապահեստ է ոչնչացվել», - այսօր հայտարարում էր Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ԶՈւ հրթիռային ստորաբաժանումների կողմից 33 միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել։

Վերջին մեկ օրում ռուսական կողմի հարվածների հետևանքով զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը, ըստ Կոնաշենկովի, հասնում է 230-ի։

16:15 23.5.2022

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության ամենօրյա ամփոփագրի համաձայն՝ Ուկրաինայում կռվող ռուսական ստորաբաժանումները շարունակում են ծանր կորուստներ կրել։

«Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ծավալված պատերազմի երեք ամիսների ընթացքում նույնքան կորուստներ են կրել, որքան Խորհրդային բանակը Աֆղանստանում՝ 9 տարում», - պնդում են բրիտանացի ռազմական հետախույզները։

Խորհրդային Միության փլուզումից հետո գաղտնազերծված պաշտոնական տվյալների համաձայն` 1979 թվականի դեկտեմբերից 1989-ի փետրվար ընկած ժամանակահատվածում խորհրդային զորքերը Աֆղանստանում 14 հազար 453 զոհ էին տվել։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG