- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Կիևի Սոլոմյանի շրջանի դատարանը ցմաh ազատազրկման է դատապարտել 21-ամյա ռուսաստանցի զինծառայող Վադիմ Շիշիմարինին՝ նրան մեղավոր ճանաչելով Սումիի մարզի բնակիչ Ալեքսանդր Շելիպովի սպանության համար։
Դատարանի վճռի համաձայն՝ տանկի հրամանատար Շիշիմարինը «Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից չորս օր անց՝ փետրվարի 28-ին, հանցավոր հրաման է կատարել՝ սպանելով Սումիի մարզի 62-ամյա բնակչին»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Անկարան և Մոսկվան բանակցությունների նոր փուլ են սկսում՝ նվիրված Ռուսաստանը լքած արևմտյան բրենդերը թուրքականներով փոխարինելու հարցին», - Hurriyet թերթի հետ զրույցում նշել է Ռուսաստանի առևտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն։
«Մեր կանխատեսումներով՝ այս տարվա աշնանն արդեն Ռուսաստանի առևտրային սեկտորում շուրջ 3 միլիոն քառակուսի մետր թափուր տարածք կլինի։ Դա հավասարազոր է 420 ֆուտբոլային դաշտերի», - նշել է Մոսկալենկոն՝ հավելելով, որ այն թուրքական ընկերությունները, որոնք դեռ ներկայացված չեն Ռուսաստանում, առաջիկա ամիսներին հնարավորոթյուն կստանան ծանոթանալ երկրի լավագույն առևտրի կենտրոններին, այդ թվում՝ Մոսկվայում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` երկրի տնտեսությունը կարողանում է հաջողությամբ հաղթահարել այն բարդությունները, որ ծագել են Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով։
«Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների հարվածին դիմանում է և դիմանում է շատ արժանապատվորեն։ Դա են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Խոսելով այն մասին, որ ռուսական ռուբլին, չնայած առկա բարդություններին, ոչ միայն չի արժեզրկվել, այլև զգալիորեն ամրապնդել է դիրքերը, Պուտինը նշել է. - «Մի շարք ապրանքատեսակների առևտրի ընթացքում մենք անցնում ենք ռուբլու, և դա ևս նպաստում է ազգային տարադրամի ամրապնդմանը»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսական զորքերի ներխուժումից՝ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում զոհվել է մոտ 4 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 257 երեխա։ Այս մասին հերթական զեկույցում հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Վիրավորվել է, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, 4 հազար 532 քաղաքացիական անձ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի ռուսական նավթի ներմուծման էմբարգոյին «մի քանի օրվա ընթացքում», երեկ հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը: «Մի քանի օրից մենք բեկում կունենանք», - ասել է Ռոբերտ Հաբեկը:
Այնուամենայնիվ, նախարարը զգուշացրել է, որ էմբարգոն ինքնաբերաբար չի թուլացնի Կրեմլը։ Նավթի համաշխարհային գների աճը ռուսական նավթի վրա ԱՄՆ-ի կողմից էմբարգո սահմանելուց հետո թույլ տվեց Ռուսաստանին ավելի շատ եկամուտներ ստանալ ավելի փոքր ծավալներ վաճառելով:
Հաբեկի խոսքով՝ Եվրահանձնաժողովը և Միացյալ Նահանգներն աշխատում են առաջարկի վրա, որ այլևս չվճարեն «ցանկացած գին» նավթի համար, այլ սահմանափակեն համաշխարհային գները:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ Starbucks-ը հայտարարել է, որ Ռուսաստանում 15 տարի աշխատելուց հետո ապրանքանիշն այլևս ներկայացված չի լինի ռուսական շուկայում:
Ընկերությունը, որն առաջին կետը Ռուսաստանում բացել էր 2007 թվականին, հայտարարել է, որ կշարունակի աջակցել իր աշխատակիցներին՝ նաև վեց ամսվա ընթացքում նրանց աշխատավարձ կվճարի:
Starbucks-ն ուներ 130 կետ Ռուսաստանում. դրանց աշխատանքն ապահովում էր գրեթե 2 հազար աշխատակից։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինան դեռևս զենքի և զինամթերքի պակաս ունի, Թվիթերում գրել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
«Դեռ վաղ է եզրակացնել, որ Ուկրաինան արդեն ունի իրեն անհրաժեշտ բոլոր զինատեսակները», - գրել է Կուլեբան անգլերենով, - «Ռուսական հարձակումը Դոնբասում անողոք մարտ է, ամենամեծը եվրոպական հողում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ես գործընկերներին կոչ եմ անում արագացնել զենքի և զինամթերքի, հատկապես՝ համազարկային հրթիռային համակարգերի, հեռահար հրետանու, զրահափոխադրիչների մատակարարումը»։
Նախօրեին կայացավ ռազմական օգնության համակարգման վերաբերյալ Ուկրաինայի դաշնակից երկրների ամենամսյա հանդիպումը, որից հետո հայտարարվեց, մասնավորապես, որ շուտով Ուկրաինային կտրամադրվեն Harpoon թևավոր հրթիռները։ Այնուամենայնիվ, համազարկային հրթիռային համակարգերի մասին ոչինչ չհաղորդվեց, թեև ուկրաինացի պաշտոնյաները վերջին օրերին խոսում էին դրանց անհրաժեշտության մասին՝ նշելով, որ առանց դրանց ուկրաինական բանակին դժվար կլինի լայնածավալ հակահարձակում սկսել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում ռուսական զորքերի հարձակումը գիտակցաբար դանդաղեցվում է, որպեսզի խաղաղ բնակիչները տարհանվեն, և բնակչության շրջանում զոհեր չլինեն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Շոյգուի խոսքերով` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կիևին արևմտյան երկրների ռազմական օգնությունը չեն խանգարի Մոսկվային կատարել Ուկրաինայում բոլոր առաջադրանքները։ Պաշտոնական Կիևը պնդում է` ուկրաինական զինված ուժերի համառ դիմադրությունը խաթարել է արագ հաղթանակի Ռուսաստանի պլանները։
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից երեք ամիս անց կողմերի կրած մարդկային, տնտեսական, տարածքային կորուստների մասին ճշգրիտ պաշտոնական տվյալներ չկան։ Forbes պարբերականի ուկրաինական տարբերակի համաձայն` «ռուսական վերահսկողության տակ է Ուկրաինայի տարածքի գրեթե 20 տոկոսը՝ 125 հազար քառակուսի կիլոմետր»:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայից Ռուսաստան հացահատիկի տեղափոխման մասին տեղեկությունների ֆոնին` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զուգահեռներ է անցկացրել խորհրդային անցյալի հետ:
«Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում բանակը բռնագանձում է հացահատիկը և գյուղատնտեսական տեխնիկան: Սա ինչ-որ առումով հիշեցնում է մութ անցյալը՝ խորհրդային կոլեկտիվացման օրերը և 1930-ականների աղետալի սովը», - ասել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը։
Նրա խոսքով` Մոսկվան միայն էներգամատակարարումները չէ, որ որպես զենք է օգտագործում, նմանատիպ իրավիճակ է նաև պարենային անվտանգության հետ կապված։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան պնդում է, որ Ռուսաստանը միտումնավոր ռմբակոծում է Ուկրաինայում հացահատիկների պահեստները և արգելափակում Սև ծովում ուկրաինական նավերը, որոնք բեռնված են հացահատիկով ու արևածաղկի սերմերով։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայում Լուգանսկի շրջանում ուկրաինացիները խոցել և վայր են գցել Су-25 մարտական օդանավը, որի ղեկին Ռուսաստանի օդուժի պահեստի գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևն էր:
BBC ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդագրության համաձայն, Բոտաշևն ամենաբարձրաստիճան ռուս օդաչուն է, որի զոհվելու մասին հայտնի է դարձել:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ուկրաինական ՀՕՊ-ը Բոտաշևի գրոհային ինքնաթիռը մայիսի 22-ին է խոցել:
Կանամատ Բոտաշևը 63 տարեկան էր, նա թոշակի է անցել 2012 թվականին:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է պաշտոնաթող գեներալ-մայորը մեկնել Ուկրաինա: Նրա նախկին ենթակաները, որոնց անունները BBC-ն չի հայտնում, ասում են, թե «երևի Բոտաշևը պարզապես չէր կարող կողքից հետևել այս պատերազմին»: