- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մայիսի 27-ին հունգարացի պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու հնարավորությունը:
«Վարչապետն ընդունել է, որ որոշ պետություններ կհայտնվեն բարդ պայմաններում, փորձելով ապահովել էներգակիրների մատակարարումը, սակայն հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը կկարողանա հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, քանի որ այն չափազանց մեծ նշանակություն ունի Ուկրաինայում պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար», - ասվում է Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Բրիտանիայի վարչապետն ընդգծել է Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:
«Երկու ղեկավարները համաձայնել են, որ Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը և ներքին կայունությունը կենսական նշանակություն ունեն, իսկ Ուկրաինայում անվերջանալի առճակատումը սոսկ կհանգեցնի նոր տառապանքների»,- ասվում է հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ներկա պահին Լուգանսկի մարզի միայն 5 տոկոսն է մնացել Ուկրաինայի վերահսկողության տակ։ Ռուսական ուժերը երեկ հայտնել են Լիման քաղաքի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու մասին։
Փոքր քաղաք Լիմանը կարևոր է Սլովյանսկի ու Կրամատորսկի ուղղությամբ գրոհներ զարգացնելու համար, որոնք գտնվում են համապատասխանաբար 30 և 40 կիլոմետր դեպի արևմուտք։ Լիմանի մոտ մարտական գործողությունների շրջանն ընկած է արևելյան ճակատի խորը թիկունքում՝ Սևերոդոնեցկից 60 կիլոմետրի վրա, հաջողության դեպքում ռուսները կարող են կաթսայի մեջ առնել ուկրաինական բանակի արևելյան խմբավորումը։ Ռազմաճակատի արևելյան գիծը հիմա անցնում է Սևերոդոնեցկ ու նրանից գետով բաժանված Լիսիչանսկ քաղաքների մոտով, որոնք ռուսական ուժերի անդադար հրետակոծությունների տակ են։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, քննարկումները կողմերին չեն մոտեցրել խնդրի լուծմանը։ Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն, սակայն ժամկետները հստակ չեն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկիրը սկսել է Դանիայից ստանալ «Հարպուն» հականավային հրթիռներ, իսկ ԱՄՆ-ից՝ ինքնագնաց հաուբիցներ։
Ռեզնիկովի խոսքով՝ «Հարպուն»-ների շնորհիվ Կիևը հույս ունի ամրապնդել երկրի առափնյա պաշտպանությունը, ամերիկյան զենքով էլ՝ հարվածել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախներին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ, հայտարարել, որ Մոսկվան «պատրաստ է» քննարկել Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը:
«Ռուսաստանը պատրաստ է օգնելու գտնել հացահատիկի անարգել արտահանման տարբերակներ, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը սևծովյան նավահանգիստներից», - Էմանյուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ զրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ աշխարհում պարենային լարվածության նվազեցմանը կարող է օգնել նաև ռուսական պարարտանյութերի և գյուղմթերքների մատակարարումների ավելացումը, սակայն դա «պահանջում է վերացնել համապատասխան պատժամիջոցները»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հույս է հայտնել, որ դաշնակիցները կտրամադրեն անհրաժեշտ զենք ու զինամթերք, ինչը թույլ կտա կասեցնել ռուսական ուժերի հուժկու գրոհները երկրի արևելքում:
Նա նշել է, որ ռազմական կացությունն աներևակայելի ծանր է Դոնբասում, որտեղ ուկրաինական ուժերը փորձում են պահել Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ ավանները՝ Կիևի հսկողության տակ դեռևս գտնվող վերջին երկու խոշոր տարածքները Լուգանսկի շրջանում:
«Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր հիմա դիմակայում են այս կատաղի գրոհներին, մենք զօրուգիշեր աշխատում ենք դիրքերն ամրապնդելու համար, առաջնահերթությունն, իհարկե, զենքն է, ամեն օրով մենք մոտենում ենք այն վիճակին, երբ մեր բանակը կկարողանա տեխնոլոգիայի և հարվածային ուժի տեսակետից գերազանցել զավթիչներին: Իհարկե, շատ բան կախված է մեր դաշնակիցներից: Ես գալիք շաբաթ լավ լուր եմ սպասում զենք ստանալու հարցում»,- ասել է Զելենսկին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերլուծաբանների համոզմամբ, ռուսները փորձում են ամեն գնով գրավել Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը, քանի որ Կրեմլը դա կարող է իբրև նվաճում հրամցնել Ռուսաստանի ժողովրդին և արդարացնել «հատուկ ռազմական օպերացիան» սկսելու նախաձեռնությունը:
Այդ դեպքում, ըստ բրիտանացի վելուծաբանների, ռազմաճակատում կհաստատվի կարճատև հարաբերական դադար, որը ռուսները կօգտագործեն շունչ քաշելու և հաջորդ գրոհներին նախապատրաստվելու համար:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին։
Նա ասել է, որ երազում են` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի խաղաղ ճանապարհով, բայց կարծես թե ամեն օր իրադարձությունները ավելի բացասական ուղղվածությամբ են զարգանում:
Էրդողանը տեղեկացրել է, որ վաղը` երկուշաբթի օրը, հեռախոսազրույցներ կունենա և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նախագահների հետ, կողմերին կոչ կանի երկխոսության:
Քիչ ավելի ուշ Կրեմլը հաստատել է, որ սպասվում է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ռուսական ուժերը շարունակում են հարձակումը Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ մոտենալով կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերին և անդադար հրետակոծելով Խարկովը, որից նահանջել են նախորդ շաբաթներին:
Հաղորդվում է, որ ռուսական ուժերը մեծացրել են ճնշումը Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքների ուղղությամբ՝ այդ բնակվայրերից արևմուտք ընկած Լիման քաղաքը գրավելուց հետո։
Լուհանսկի նահանգապետ Սերհի Հայդայի խոսքով՝ նախորդ ժամերին իրադրությունը Լիսիչանսկում «էապես վատացել է»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հարձակում են ձեռնարկել Սևերոդոնեցկի ուղղությամբ, մինչդեռ ըստ Հայդայի՝ Սևերոդոնեցկում մարտերը քաղաքի փողոցներում են։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լուգանսկի մարզի ուկրաինական վարչակազմի նստավայր Սևերոդոնեցկ քաղաքի ուղղությամբ ռուսական հարձակման ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իրադրությունը քաղաքում իրոք օրհասական է։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է կիրակի ուշ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում։
«Ռուսական հարվածների հետևանքով Սևերոդոնեցկի կենսական նշանակություն ունեցող ենթակառույցները վնասված են։ Շենքերի 90 տոկոսը վնասված է, երկու երրորդը վերականգնման ենթակա չէ։ Կապի միջոցները քաղաքում չեն աշխատում, հրետակոծությունը չի դադարում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ Սևերոդոնեցկը պաշտպանելու համար։ Չկա մի օր, երբ մենք չփորձենք հավելյալ սպառազինություն, ժամանակակից սպառազինություն հայթայթել՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին պաշտպանելու համար», - հայտարարում էր Զելենսկին։
Այսօր առավոտյան Սևերոդոնեցկում ստեղծված ծանր դրության մասին հայտնել է նաև Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը (Սերհի Հայդայ)։ Նրա խոսքով՝ «ռուսական ուժերը շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, իրադրությունը շատ ծանր է»։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Փետրվարի 24-ից՝ ռուսական հարձակման մեկնարկից ի վեր առաջին անգամ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել Կիևից՝ այցելելով Խարկով, ուր խորհրդակցություն է անցկացրել նահանգապետի, քաղաքագլխի և ռազմական հրամանատարության տեղական ներկայացուցիչների հետ։
Խորհրդակցության արդյունքում Զելենսկին պաշտոնանկ է արել Անվտանգության ծառայության Խարկովի ղեկավարին՝ նրան մեղադրելով նախորդ ամիսներին երկրի մեծությամբ երկրորդ և ռազմակաճակատի գծին հարող քաղաքի անվտանգության ապահովման ուղղությամբ պատշաճ չաշխատելու համար։ «Ինչ մոտիվներով է նա շարժվել՝ իրավապահները կպարզեն», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։