- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում շարունակվում են։ Հիմնական մարտերն ընթանում են Սևերոդոնեցկ քաղաքում և հարակից շրջաններում։
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունի խոսքով՝ ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել ռազմաճակատի մի շարք հատվածներում։
«Սևերոդոնեցկի ուղղությամբ ռուսաստանցի զավթիչները հարձակում են իրականացնում քաղաքի հյուսիսային, հարավային և արևելյան թաղամասերում։ Բախմուտի ուղղությամբ ռուսական զորքերը փորձում են հետ մղել ուկրաինական ստորաբաժանումները Բիլոհորովկա և Վրուբիվկա բնակավայրերի մոտ գտնվող դիրքերից։ Սլավյանսկի ուղղությամբ հակառակորդը վերախմբավորում է ուժերը», - -հայտարարում էր ուկրաինական Գլխավոր շտաբի խոսնակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Դանիան հայտարարել է, որ Մոսկվայում իր դեսպանատունն այլևս չի ընդունի դիմումներ վիզաների և բնակության թույլտվության համար։
Դիվանագիտական առաքելությունը որպես պատճառ նշել է անձնակազմի պակասը՝ մայիսին պաշտոնական Մոսկվայի կողմից դեսպանատան չորս դիվանագետի և երեք այլ աշխատակցի արտաքսելուց հետո:
Ըստ հաղորդագրության՝ որոշումը ժամանակավոր է, թեև չի նշվում, թե որքան ժամանակ է այն ուժի մեջ մնալու:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Գերմանիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի։ Այսօր Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում հնչեցրած ելույթում այդ մասին հայտարարել է դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք Ուկրաինային կտրամադրենք նաև հատուկ ռադարներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղորոշել հակառակորդի հրանոթներն ու հրթիռային համակարգերը։ Սա Ուկրաինայի անվտանգության ապահովմանն ուղղված ևս մեկ որոշում է։ Մենք ճշտությամբ անուն ենք այն ամենն, ինչ հնարավոր է։ Այնպես որ ընդդիմության՝ մեր հասցեին հնչեցվող մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում», - նշում էր Շոլցը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Երեքշաբթի օրն ու անցած գիշեր Ռուսաստանի բանակի կողմից ձեռնարկված օդային հարվածների հետևանքով 140 ուկրաինացի զինծառայող է սպանվել։ Այսօր, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Օպերատիվ-տակտիկական, բանակային և անօդաչու ավիացիայի կողմից վերջին մեկ օրում Ուկրաինայի բանակի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման 61 շրջան է խոցվել։ Ոչնչացվել է 9 տանկ և հետևակի մարտական մեքենա, «Գրադ» կայանք, վեց հրանոթ և ականանետ։ Ոչնչացվել է նաև «Օսա» տեսակի մեկ զենիթա-հրթիռային համակարգ», - հայտարարում էր Կոնաշենկովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Հունաստանը Ուկրաինային նախորդ դարի 70- 80-ական թվականներին արտադրված զենք կտրամադրի։ Այսօր հունական Skai հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն։
«Աթենքը Ուկրաինային 40-ից 50 տարվա վաղեմության հետևակի մարտական մեքենաներ կտրամադրի, որոնք այժմ անհրաժեշտ չեն Հունաստանի անվտանգության ապահովման համար», - նշել է հույն պաշտոնյան։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Թուրքիան օգնություն կտրամադրի ուկրաինական նավահանգիստների ականազերծման հարցում», - այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։
«Նախագահների զրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն թուրք գործընկերները կփորձեն օգնել ուկրաինական նավահանգիստների ականազերծումը կազմակերպելու հարցում։ Դա թույլ կտա ազատագրել այնտեղ, ընտ էության, պատանդառված նավերը՝ զարգացող պետությունների համար անհրաժեշտ բեռներով հանդերձ», - հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կարող է մեկնել Թուրքիա։
«Այցի ժամկետները ուրվագծվում են։ Կա այցի հրավեր, և ժամկետները վերջնականապես կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։ Առայժմ այցի հստակ սահմանված ժամկետ գոյություն չունի», - հայտարարել է Պեսկովը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
2021 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Մուրատովը մրցանակը ներկայացրել է աճուրդի, որը կիրականացնի Heritage Auctions տունը:
Մուրատովը վաճառքից ակնկալվող ամբողջ գումարը փոխանցելու է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին, որն իր խողովակներով օգնություն կտրամադրի ուկրաինացի փախստական-երեխաներին և նրանց ընտանիքներին:
Աճուրդը մեկնարկել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, և կավարտվի հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրը:
«Փողը կտրամադրվի փախստական երեխաներին՝ Եվրոպայում, Ուկրաինայում կամ Ռուսաստանում, աշխարհում այլևս չկան օտար փախստականներ», - ասել է Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Մուրատովն իր մրցանակը՝ մոտ 40 միլիոն ռուբլու չափով, փոխանցել է ռուսական բարեգործական հիմնադրամներին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները քննարկում է Ուկրաինային մեծ մարտական անօդաչու թռչող սարքերի վաճառքի հարցը: Այդ չորս անօդաչուները ԱՄՆ-ը լայնորեն կիրառել է Աֆղանստանում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
Grey Eagle անօդաչուները, ըստ փորձագետների, մոտ երեք անգամ հզոր են թուրքական Bayraktar-ներից, որոնք ակտիվորեն օգտագործվում են այսօր: Gray Eagle-ը կարող է համալրվել ավելի հզոր զենքերով, մասնավորապես՝ Hellfire հրթիռներով: Բացի այդ, Gray Eagle-ը կարողանում է շատ ավելի երկար մնալ օդում և ավելի շատ հետախուզական տվյալներ հավաքել թռիչքի ժամանակ:
Ուկրաինային այս անօդաչուները վաճառելու որոշումը դեռ կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից, նաև կարող է լինել «քաղաքականության փոփոխություն» Բայդենի վարչակազմում, ասել են Reuters-ի աղբյուրները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այս գիշեր Լվովի մարզը հրթիռակոծվել է Սև ծովից: Մարզի ղեկավար Մաքսիմ Կոզիցկու վկայությամբ՝ հարված է հասցվել երկաթուղային ենթակառուցվածքին։ Վիրավորվել է հինգ մարդ։
Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ գիշերը ռուս զինվորականները հրետակոծել են Խարկովի Կիևի և Սլոբոդսկոյ շրջանները։ Նրա խոսքով՝ արկերից մեկն ընկել է դպրոցի վրա: Հրետակոծության հետևանքով մի կին է մահացել։
Սումիի մարզային վարչակազմի ղեկավարի վկայությամբ՝ գիշերը Ռուսաստանը երեք հրթիռային հարված է հասցրել Կրասնոպոլսկի համայնքի տարածքին։ Ավերվել է մեկ տուն, ևս մի քանիսը վնասվել են։ Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն երեք մարդ։