- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։
Իր ուղերձը Պելեն հրապարակել է ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման Ուկրաինա-Շոտլանդիա խաղից հետո, որտեղ ուկրաինացիները 3։1 հաշվով հաղթանակ տոնեցին։
«Այսօր Ուկրաինան փորձում է գոնե 90 րոպեով մոռանալ այն ողբերգությունը, որը պատել է այդ երկիրը», - իր ուղերձը սկսել է Պելեն՝ շարունակելով․ - «Դադարեցրե՛ք ներխուժումը։ Բացարձակապես չկա որևէ արդարացում շարունակվող բռնությանը։ Այդ հակամարտությունը սարսափելի է, չարդարացված և ցավից, վախից ու ատելությունից բացի ոչինչ չի տալիս։ Այն կասեցնելու ունակությունը Ձեր ձեռքում է, որը ես սեղմել եմ մեր վերջին հանդիպման ժամանակ՝ 2017 թվականին Մոսկվայում»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը այսօր ասել է, որ Ուրաինային ժամանակակից սպառազինություններ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումը նշանակում է յուղ լցնել կրակի վրա։
«Մենք գտնում ենք, որ Միացյալ Նահանգները ուղղակի և միտումնավոր յուղ է լցնում կրակի վրա։ ԱՄՆ-ն ակնհայտորեն բռնել է Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին պայքարելու գիծը։ Նման զենքի մատակարարումները Ուկրաինայի ղեկավարությանը չեն քաջալերի վերսկսելու խաղաղ բանակցությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով այցելել է Սաուդյան Արաբիա, այնտեղ այսօր ասել է, թե Ուկրաինային արդիական սպառազինություններ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումը «ուղիղ սադրանք» է, և նրա խոսքերով՝ դա մեծացնում է հակամարտությունում երրորդ երկրի ներքաշվելու վտանգը։
Կիևը Արևմուտքին բազմիցս խնդրել է ժամանակակից զենք տրամադրել ռուսական ագրեսիային դիմակայելու համար։ Սպառազինության առավելություն ունեցող Ռուսաստանը անխնա հրետակոծում է Ուկրաինայի բնակավայրերը։
ՄԱԿ-ի տվյալներով` Ուկրաինայում մոտավորապես չորս հազար խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում` ավելի քան 250 երեխա։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովն ասել է, որ Ուրաինային ժամանակակից սպառազինություններ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումը նշանակում է յուղ լցնել կրակի վրա։
«Մենք գտնում ենք, որ Միացյալ Նահանգները ուղղակի և միտումնավոր յուղ է լցնում կրակի վրա։ ԱՄՆ-ն ակնհայտորեն բռնել է Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին պայքարելու գիծը։ Նման զենքի մատակարարումները Ուկրաինայի ղեկավարությանը չեն քաջալերի վերսկսելու խաղաղ բանակցությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ներառված են 17 ռուսաստանցիներ և 16 ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից։
Սահմանափակումները սառեցնում են ակտիվները, արգելում որևէ բիզնես վարել և գործարքներ կնքել այդ մարդկանց և ընկերությունների հետ։ Ցուցակում հայտնված անձանց արգելվում է նաև մուտք գործել Միացյալ Նահանգներ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտնել է, որ թագավորությունը պատրաստել է Ուկրաինային օգնության չորրորդ փաթեթը։ Այն կարող է ներառել հականավային հրթիռներ, հակատանկային զենքեր և այլ զինամթերք։
Շվեդիան նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային։ Օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 95 միլիոն եվրո, ասվում է Լինդեի հայտարարության մեջ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, ասել է, որ եթե Ուկրաինան ամերիկյան ժամանակակից հրետանային միջոցներով կրակի ռուսական տարածքի վրա, Մոսկվան հարվածով կպատասխանի որոշումների կայացման կենտրոններին։
Նրա խոսքով՝ «բոլորն էլ հասկանում են, թե դրանք ինչ կենտրոններ են՝ Պաշտպանության նախարարությունն է, Գլխավոր շտաբը, և ցանկացած այլ բան»։
«Բայց, իհարկե, պետք է հասկանալ, որ վերջնական որոշումների կայացման կենտրոններն այս դեպքում, ցավոք, նույնիսկ Կիևի տարածքում չեն գտնվում»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան Բրիջիթ Բրինքը խոստացել է աջակցել անվտանգության միջոցառումների իրականացմանը՝ ներառյալ Ուկրաինա զենքի հետագա մատակարարումը: Այս մասին ամերիկացի դիվանագետն ասել է հունիսի 2-ին Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավատարմագրերը հանձնելու ժամանակ
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նշում է՝ 100 օրվա պատերազմը Ուկրաինայում կործանարար ազդեցություն է թողել երեխաների վրա՝ այնպիսի մասշտաբներով և տեմպերով, որոնք չեն եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, 3 միլիոն երեխա բուն Ուկրաինայում և ավելի քան 2,2 միլիոն փախստականներ ընդունող երկրներում այժմ մարդասիրական օգնության կարիք ունեն: Ըստ էության, մարտերի հետևանքով երկրում երեք երեխաներից երկուսը տեղահանվել են
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուս անվանի լրագրող Ալեքսանդր Նևզորովը և նրա կլինը՝ Լիդիան, Ուկրաինայի քաղաքացիություն են ստացել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ լուրը հաստատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
«Ալեքսա՛նդր և Լիդիա՛, շնորհակալ ենք ձեր խիզախության և ազնվության համար, այս պատերազմը կանգնեցնելու և իրական վիճակը ճշմարիտ գնահատելու համար»,- հայտարարել է Գերաշչենկոն:
«Ես անչափ երախտապարտ եմ Ուկրաինայի տանջված, հուսահատված, արնաքամ մարդկանց, որ թույլ տվեցին տեղ գրավեմ նրանց շարքում»,- հայտարարել է Նևզորովը:
Լրագրողն իր Տելեգրամ ալիքում բացատրել է դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ:
«Եթե 140 միլիոն ռուսաստանցիներից յուրաքանչյուրն իրենով փակեր պատին կանգնեցված Ուկրաինան, չէր լինի Բուչայի սպանդը, չէր լինի Մարիուպոլը, չէին լինի հարյուր հազարավոր մահեր, և միլիոնավոր մահեր, որ դեռ կլինեն խելքը կորցրած բռնապետի պատճառով: Այո, դժվար է կանգնել գնդակահարման դատապարտվածների շարքը, երևի ավելի հեշտ է լինել գնդակահարողների շարքում: Ամեն մեկն իր ընտրությունն է անում: Պետք է հասկանալ, որ երրորդ տարբերակը գոյություն չունի: Ես կանգնում եմ զոհի կողքին»,- գրել է Նևզորովը:
Ուկրաինայի օրենքով երկքաղաքացիությունն արգելվում է, սակայն Նևզորովի պարագայում, հավանաբար, բացառություն է արվել:
Կրեմլի հայտնի քննադատ Նևզորովը պատերազմի առաջին իսկ օրվանից խստորեն դատապարտել է հարձակումն Ուկրաինայի վրա:
Ռուսաստանում նա հեռակա կարգով ձերբակալվել է և հայտարարվել է հետախուզման մեջ «բանակը վարկաբեկելու» հոդվածով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ համաչափ պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցների կապակցությամբ:
Նախօրեին Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների 6-րդ փաթեթը: Եվրոպացիները մասնակի էմբարգո են դրել ռուսական նավթի վրա, SWIFT համակարգից անջատել են Ռուսաստանի ամենախոշոր դրամատունը՝ Sberbank-ը:
Սև ցուցակում են հայտնվել «Օբորոնէքսպորտ», «Վոյենտելեկոմ», «Վոյենտորգ», «Կամազ», «Տատնեֆտ-Նեֆտեխիմ», «Սեմդիզել» ընկերությունները:
Եվրամիության տարածքում կարգելափակվի «Ռոսիա-24», «ՌՏՌ-Պլանետա», «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերությունների հեռարձակումը:
Սանկցիոն ցանկում են նաև ֆիզիկական անձինք, մասնավորապես, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ Օլիմպիական չեմպիոն գեղասահորդ Տատյանա Նավկան, Պեսկովի չափահաս երեխաները՝ Ելիզավետան և Նիկոլայը, «Յանդեքս» ընկերության հիմնադիր Արկադի Վոլոժը, նախկին մարմնամարզուհի, նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը համարվող Ալինա Կաբաևան:
Պատժամիջոց է սահմանվել նաև «Բելինվեստբանկ» բելառուսական դրամատան նկատմամբ: