- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»:
«Ռոսիա1»-ին տված հարցազրույցն առաջինն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի սկսած լայնածավալ հարձակումից հետո, որը Մոսկվայում անվանում են «հատուկ ռազմական գործողություն»: Նախօրեին հեռուստաալիքը սոսկ մեկ հատված է հեռարձակել հարցազրույցից, որն ամբողջությամբ այսօր կցուցադրվի:
Պուտինն իր այդ հնչեցրած սպառնալիքներով արձագանքել է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու Միացյալ Նահանգների որոշմանը:
Նա ասել է, թե այդ մատակարարման հարցում որևէ նոր բան չկա, քանի որ Ուկրաինան արդեն ունի խորհրդային արտադրության նման զինատեսակներ, սակայն եթե դրանց ավելացվեն հրթիռներ, որոնց հեռահարությունը 45-70 կիլոմետրից ավելին է, «ապա Ռուսաստանը եզրակացություններ կանի»:
Պուտինի խոսքով, «զենք տալով Ուկրաինային՝ Արևմուտքը փորձում է ձգձգել այս հակամարտությունը»:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի օդանավի համար։
Այդպիսով, Լավրովի՝ հունիսի 6-7-ը ծրագրված այցը Սերբիա մեծ հարցականի տակ է հայտնվել։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարչակազմը դեռ չի մեկնաբանում իրավիճակը: Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ վաղը Վուչիչի հետ հանդիպելու է Ռուսաստանի դեսպանը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայում Պոպասնայայի շրջանի ամենախոշոր ավանի՝ Պոպասնայայի մոտակայքում գտնվող Նիկոլաևկա գյուղի մոտ տեղի ունեցած մարտերում զոհվել է Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը:
Այդ մասին հայտնել են Ուկրաինայում ռուս անջատականներին սատարող գրող և հրապարակախոս Զախար Պրիլեպինը և մի շարք իշխանամետ ռազմական թղթակիցներ:
Հաղորդվում է, որ Լուգանսկի շրջանի տարածքը, որտեղ զոհվել է ռուս գեներալ-մայորը, գտնվում է ռուսական զորքերի հսկողության ներքո:
Ռոման Կուտուզովը 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի զորահանդեսի հրամանատարն էր, այն ժամանակ նա զբաղեցրել է 29-րդ համազորային բանակի շտաբի պետի պաշտոնը:
Ավելի վաղ լրատվամիջոցները, ներառյալ «Մեդիազոնա» ռուսական անկախ կենտրոնը, հայտնել են, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից ի վեր զոհվել է փոխգնդապետի և ավելի բարձր կոչումներ ունեցող շուրջ 60 ռուս բարձրաստիճան սպա:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «երկաթե վարագույր» ստեղծել, դա անում է Եվրամիությունը։
«Երկաթե վարագույր չի լինի, համենայն դեպս՝ մեր կողմից, պետք չէ անհանգստանալ, Եվրամիությունն է, որը շրջապատում է Ռուսաստանը վարագույրով: Ձեր սխալն այն է, որ չափից դուրս եսասեր եք, կարծում եք, թե աշխարհի կենտրոնում եք, թե ձեզնից բացի այլ ազգեր աշխարհում չկան։ Դուք ինչ -որ մեկին դաս տալու բարոյական իրավունք չունեք», - երեկ երեկոյան հայտարարել է Զախարովան։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Լոնդոնը M270 համազարկային հրթիռային կայաններ կուղարկի Ուկրաինա՝ չնայած Մոսկվայի նախազգուշացումներին։ Ըստ Ուոլեսի՝ սրանք այն զենքերն են, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիրակի օրը Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկշաբաթյա ռազմածովային զորավարժությունները։ Դրանց մասնակցում են ավելի քան 7 հազար ծովայիններ և օդաչուներ 16 երկրներից, այդ թվում՝ Ֆինլանդիայից և Շվեդիայից, որոնք դիմել են դաշինքին միանալու համար։
Շվեդիայի կողմից հյուրընկալված BALTOPS 22 զորավարժություններում ներգրավված է 45 նավ և 75 ինքնաթիռ։
Ռազմական դաշինքը նշել է, որ «Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցության շնորհիվ ՆԱՏՕ-ն օգտվում է անկանխատեսելի աշխարհում միացյալ ուժերի կայունությունն ու հզորությունը մեծացնելու հնարավորությունից»։
Զորավարժությունների նախօրեին ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին Շվեդիայում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար հատկապես կարևոր է Հելսինկիին և Ստոկհոլմին աջակցության ցուցադրումը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2022 թվականի մարտի 15-ից հետո կայացված վճիռները, մինչ այդ ուժի մեջ մտած վճիռներով նախատեսված փոխհատուցումները կվճարվեն միայն ռուբլով, փոխանցումները կիրականացնեն միայն ռուսաստանյան բանկային հաշիվներին, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
ՄԻԵԴ որոշումները չկատարելու մասին որոշումը, Վոլոդինի խոսքերով, Պետդուման կհաստատի առաջիկա օրերին։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դարձել է մեր երկրի դեմ քաղաքական պայքարի գործիք արևմտյան քաղաքական գործիչների ձեռքում: Որոշ վճիռներ ուղղակիորեն հակասում են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը, մեր արժեքներին և ավանդույթներին», - հայտարարել է Պետդումայի խոսնակը՝ շեշտելով, որ նոր օրենքի համաձայն այսուհետ ռուսական դատարանների որոշումները գերակա կլինեն ՄԻԵԴ որոշումներից։
Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին է միացել 1996 թվականին և դարձել է պատմության մեջ առաջին երկիրը, որը դուրս է մնացել կառույցից․ Մոսկվան պնդում է, որ ինքը դուրս է եկել Եվրախորհրդից։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Լատվիայի կառավարությունն արգելել է երկրում 80 ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Իշխանությունները հայտարարել են, որ որոշումն ընդունվել է նոր օրենսդրական նորմի հիման վրա, ըստ որի՝ Լատվիայում չեն կարող գործել այլ երկրի անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող երկրի հեռուստաալիքները։
Արգելքին զուգահեռ, Լատվիայի համապատասխան կառույցները որոշում են կայացրել հեռարձակման լիցենզիա տրամադրել ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքին։ Լրատվամիջոցը մարտից դադարեցրել է հեռարձակումը Ռուսաստանում, հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևայի խոսքով՝ «Դոժդ»-ի հետագա աշխատանքը կարող է հանգեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումների:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող բնապահպան ակտիվիստ Արշակ Մակիչյանին կարող են զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նման պահանջով դատարան է դիմել ռուսաստանյան դատախազությունը, հաղորդում է «Մեդիազոնա»-ն։
Դատախազությունը պնդում է, որ 2004 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում Մակիչյանը սուտ տեղեկություններ է ներկայացրել: Թե հատկապես ինչ է ստել ակտիվիստը, չի հաղորդվում։
Մակիչյանը գտնվում է Գերմանիայում, նա հայտարարել է, որ գործը քաղաքական է։
Արշակ Մակիչյանը 28 տարեկան է, ծնվել է Հայաստանում, Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2004 թվականին։ Բնապահպանական տարբեր խնդիրների լուծման պահանջով նա վերջին տարիներին տասնյակ ակցիաներ է կազմակերպել, պարբերաբար ելույթներ ունեցել կլիմայական հարցերով միջազգային համաժողովներում:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի կարծիքով՝ ռուս-ամերիկյան արդյունավետ հարաբերությունների վերականգնում և հաշտեցում մոտ ապագայում դժվար տեղի ունենա։
«Ես չէի կանխատեսի, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երբեք չեն ունենա ավելի արդյունավետ հարաբերություններ։ Բայց ես չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար։ Ներկայիս դրությամբ դա տեղի չի ունենա», - ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ամերիկացի դիվանագետը:
Դեսպան Սալիվանը հավելել է նաև, որ չնայած հարաբերությունների ճգնաժամին, Ռուսաստանը չպետք է փակի ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում: «Մենք պետք է պահպանենք միմյանց հետ խոսելու ունակությունը», - ասել է դիվանագետը՝ շեշտելով, որ «սխալ կլինի» փակել աշխարհի երկու ամենամեծ միջուկային երկրների դեսպանատները: