Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:22 10.6.2022

Le Parisien օրաթերթի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է մեկնել Կիև:

Ըստ պարբերականի, դա կարող է տեղի ունենալ Մակրոնի Ռումինիա կատարելիք այցից հետո: Մակրոնը ցանկանում է հանդիպել Ռումինիայում տեղակայված ֆրանսիացի զինծառայողների հետ:

Հունիսի 9-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:

Վերջերս Մակրոնն ասել է, թե պատրաստ է մեկնել Կիև, «եթե այդ այցը որևէ կերպ նպաստի ռուս-ուկրաինական համակարտության կարգավորմանը»:

16:29 10.6.2022

Ուկրաինայի դեմ սկսած պատերազմից ավելի քան երեք ամիս անց՝ երեկ երեկոյան, նախագահ Պուտինը կրկին խոսել է հարևանների դեմ Ռուսաստանի նախորդ պատերազմներից ու պնդել, թե իրենց ճակատագիրն է կռվել՝ տարածքներ վերադարձնելու համար։

Այցելելով Պետրոս Առաջինի 350-ամյակին նվիրված ցուցահանդես, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը սեփական մեկնությունն է տվել նրա օրոք տեղի ունեցած դեպքերին ու պնդել է, թե 18-րդ դարի սկիզբին Շվեդիայի դեմ 21 տարի շարունակված պատերազմում Ռուսաստանի կայսրը սեփական տարածքների համար էր կռվում. - «Վերադարձնում էր տարածքներ, ամրապնդում էր պետությունը: Ըստ էության, մեր ճակատագիրն էլ է սա՝ վերադարձնել, ամրապնդել մեր տարածքները»:

Հայտնի պատմաբան Անդրեյ Զուբովը, «Ազատության» "Настоящее Время" ծրագրի եթերում մեկնաբանելով Պուտինի երեկվա խոսքը, այն որակել է «կատարյալ աղետ Ռուսաստանի համար»:

18:48 10.6.2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Կիև կատարած այցի ընթացքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ:

Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Ուոլեսը, Զելենսկին և Ռեզնիկովը պայմանավորվել են «սերտ համագործակցել Ուկրաինայի տարածքը ռուսների ապօրինի գրավումից ազատելու համար»:

«Զենք, փող, սանկցիաներ, ահա այս երեք հարցերում Մեծ Բրիտանիան մշտապես առաջնորդողի դերում է», - ասել է Զելոենսկին, շնորհակալություն հայտնելով Լոնդոնին այս պատերազմում ցուցաբերվող աջակցության համար:

19:59 10.6.2022

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին այսօր Վատիկանում ընդունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Զրույցի թեման եղել է Ուկրաինայի պատերազմը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակել է իր և Հռոմի պապի հանդիպման լուսանկարը և գրել, որ նրանք սատարում են ավերածություններից տառապող Ուկրաինային:

«Այս պատերազմը պետք է դադարեցնել և խաղաղությունը վերադարձնել Եվրոպա»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպել է նաև Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին: Այդ հանդիպման ընթացքում հիմնական թեման վերստին Ուկրաինան էր, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հացահատիկի մատակարարումների համաշխարհային խափանման վտանգը:

20:02 10.6.2022

Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Միխայիլ Պոգրոբինսկուն լրատվամիջոցներում արտահայտած ռուսամետ մեկնաբանությունների և փորձագիտական գնահատականների համար հեռակա կարգով ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք:

Կիևի քաղաքային դատախազությունն այսօր հայտնել է, որ «Պոդոլսկի շրջանային դատախազությունը քաղտեխնոլոգ և ակտիվ քաղաքական մեկնաբան Պոգրեբինսկիին մեղադրում է պետական դավաճանության մեջ»:

Ըստ մեղադրող կողմի, Պոգրեբինսկին, հանդիսանալով Ուկրաինայի քաղաքացի, տարիներ շարունակ սատարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայքայիչ գործողություններին:

Դատախազությունը նշում է, որ հեռուստաբանավեճերում, վերլուծական ծրագրերում և հարցազրույցներում՝ ներկայանալով իբրև «փորձագետ», Պոգրեբինսկին մշտապես և հետևողականորեն տարածել է Կրեմլի գաղափարները, հնչեցրել է Ուկրաինայի հանրային-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը, բանակում բարոյալքությանը և միջազգային ասպարեզում Ուկրաինայի վարկանիշի իջեցմանն ուղղված գաղափարներ:

Ուկրաինայի հատուկ ծառայությունները նշել են, որ Պոգրեբինսկին սերտ հարաբերություններ ունի պետական դավաճանության մեղադրանքով վերջերս ձերբալալված ընդդիմադիր քաղաքական գործիչ և մեծահարուստ Վիկտոր Մեդվեդչուկի հետ:

20:03 10.6.2022

Եվրամիության խորհրդարանը միանշանակ սատարում է Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու գաղափարը: Այդ մասին այսօր Կոպենհագենում գումարված Դեմոկրատիայի գագաթնաժողովում ասել է Եվրոպական խորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեցոլան:

Նա նշել է, թե ամեն օր է լրագրողներից լսում Ուկրաինայի անդամակցության մասին հարցը և մշտապես պատասխանում է, որ «Ուկրաինան արդեն եվրոպական ընտանիքի անդամ է», բայց արդեն եկել է նաև Եվրոպական ծրագրին միանալու հույս Ուկրաինային տալու ժամանակը:

«Թույլ տվեք հստակ ասել՝ Եվրոպական միության խորհրդարանը, որում ես ունեմ նախագահելու պատիվ ու պատասխանատվություն, Ուկրաինային անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու վճռական աջակից է»,- ասել է Եվրոպական միության օրենսդիր մարմնի ղեկավարը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդամակցության լրացված հարցարանն ապրիլի 18-ին պաշտոնապես հանձնել է Կիև այցելած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին:

Այդ հարցարանի լրացումը համարվում է կարևոր քայլ անդամակցության շուրջ բանակցային գործընթացը սկսելու ուղղությամբ:

10:04 11.6.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները միանգամից չեն հանվի Ուկրաինայում զինված առճակատման ավարտից հետո:

Այդ մասին Շոլցն ասել է Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Կանցլերի խոսքով, պատժամիջոցների չեղարկման համար անհրաժեշտ կլինեն իրավիճակի կայունացում և Մոսկվայի ու Կիևի հարաբերությունների այնպիսի կարգավորում, որը կերաշխավորի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

«Պարտադիր պայման կլինի Ռուսաստանի ըմբռնումը, որ նա ոչ թե պետք է խաղաղության պայմաններ թելադրի Ուկրաինային, այլ երկխոսի այդ երկրի հետ», - ասել է Շոլցը:

Կանցլերը նաև կոչ է արել Եվրամիությանն անդամակցելու ցանկություն ունեցող երկրներին միանալ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:

13:20 11.6.2022

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների կարծիքով, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած պարենի մատակարարման խափանումները կարող են աշխարհի տարբեր շրջաններում սովամահության մատնել 11 միլիոնից մինչև 19 միլիոն մարդկանց:

Պատերազմի պատճառով շեշտակի աճել են հացահատիկի, բուսական յուղի, վառելիքի և պարարտանյութի գները:

13:21 11.6.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի օգնական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի հարձակմամբ մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 10 հազար ուկրաինացի զինծառայող: Այդպիսով, պաշտոնական Կիևն առաջին անգամ է հրապարակել տվյալներ կորուստների մասին:

Զրուցելով իրավապաշտպան Մարկ Ֆեյգինի հետ, Արեստովիչը նշել է, որ պատերազմի սկզբնական փուլում ուկրաինական բանակն օրական կորցրել է միջինը 100 զինծառայող: Նրա պնդմամբ, ռուսների օրական միջին կորուստը 1000 մարդ էր: Հիմա, ըստ Արեստովիչի, Ռուսաստանն օրական 200-300 մարդ է կորցնում:

Անկախ աղբյուրները նշում են, որ կորուստների, վիրավորների կամ գերիների մասին Ռուսաստանի և Ուկրաինայի հայտնած տվյալները չի կարելի արժանահավատ համարել:

15:20 11.6.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան Արևմուտքին դիմել է հրատապ կարգով զենք և զինամթերք տրամադրելու կոչով:

Իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին հայրենակիցներին հաղորդել է Դոնբասում ընթացող «ծանրագույն մարտերի» մասին: Նրա խոսքով, ռուսները փորձում են ավերել Դոնբասի ամեն մի քաղաք, սակայն ուկրաինացիները շարունակում են դիմադրությունը:

«Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Սլովյանսկ, Վոլնովախա, Մարիուպոլ, շատ ուրիշներ, ժամանակին դրանք երջանիկ, կյանքով լի քաղաքներ էին, իսկ հիմա՝ ավերակներ: Դա է միակ բանը, որ Ռուսաստանը կարող է տալ հարևաններին և աշխարհին»,- ասել է նախագահը:

Զելենսկու խոսքով, Ուկրաինային այսօր նախևառաջ հրետանի է պետք, քան որ ուկրաինական հրետանու 1 միավորի դիմաց կա 10-15 ռուսական հրետանային միավոր:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG