- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկելու է երկրի վերականգնման և եվրոպական ինտեգրման հարցերը:
«Ուրախ եմ վերադառնալ Կիև և նախագահ Զելենսկու հետ ամփոփել մեր համատեղ աշխատանքը [Ուկրաինայի] վերականգնման գործում, գնահատել առաջխաղացումը, որն Ուկրաինան արձանագրել է եվրոպական ինտեգրման ճանապարհին», - Թվիթերի էջում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը պետք է քննարկի Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու առաջարկը:
Այդ հարցի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի եզրակացությունը կքննարկվի հունիսի 23-ից 24-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների գրավված տարածքներում բնակիչներին այսօրվանից սկսել են տրամադրել Ռուսաստանի Դաշնության անձնագրեր: Այդ մասին հայտնել են Կրեմլի կողմից գրավված տարածքների ղեկավարներ նշանակված պաշտոնյաները:
Զապորոժիեի շրջանի «ռազմական-քաղաքական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ» Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ ռուսական անձնագրեր ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 70 հազար բնակիչ:
Պատերազմից առաջ Զապորոժիեի շրջանում ապրել է ավելի քան 1 միլիոն 600 հազար մարդ:
Խերսոնում նոր անձնագրեր ստանալու համար ռուսական գրասենյակ է դիմել 23 մարդ, այդ թվում շրջանի «ռազմական-քաղաքացիական վարչակազմի» ղեկավար Վլադիմիր Սալդոն, ով մինչ այդ հայտնվել է Եվրամիության կազմած պատժամիջոցների ցանկում:
Ուկրաինայի իշխանությունները ռուսական անձնագրերի տրամադրումը համարում են «ռուսական քարոզարշավի բաղադրիչ, որը թույլ կտա ներկայացնել մի փոքրիկ հեռուստաշոու ռուսների հետ համագործակցող մի քանի տասնյակ դավաճանների մասնակցությամբ»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պնդել է, որ իր երկիրն անպայման կհաղթի արդեն մոտ չորս ամիս տևող պատերազմում, որը Ռուսաստանն է սկսել:
Այս օրերին ռազմաճակատում առանցքային զարգացումները Սևերոդոնեցկի շրջանում են, որտեղ ծանրագույն մարտերում հիմնական զինատեսակը հրետանին է դարձել: Ռուսները փորձում են ամեն կերպ տիրանալ Սևերոդոնեցկին, որը վերածվել է ավերակների:
Դոնեցկի և Լիսիչանսկի գրավումը ռուսներին կընձեռի ամբողջ Դոնբասի վրա հսկողություն սահմանելու հնարավորություն:
Զելենսկին խոսել է նաև պարենի համաշխարհային ճգնաժամի մասին: Նա նշել է, որ Ռուսաստանն արգելափակել է Սև ծովի և Ազովի ծովի նավահանգիստները, և դրա հետևանքով Ուկրաինան չի կարողանում արտահանել հացահատիկ ու կենսական նշանակության այլ արտադրանք, որի կարիքն ունեն մեծ թվով երկրներ:
«Պարենի պակասը քաոս է առաջացնելու, սովը սպառնալու է Ասիայի և Աֆրիկայի երկրներից շատերին, տեսեք, թե ինչպես են այսօր շեշտակի աճում գները, և սա Ռուսաստանի գործողությունների ուղիղ հետևանքն է»,- ասել է Զելենսկին:
ՄԱԿ-ի վերլուծաբանների կարծիքով, եթե չվերականգնվի հացահատիկի, եգիպտացորենի, բուսական յուղի և պարարտանյութերի համաշխարհային մատակարարումը, որը խափանվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով՝ մոլորակի 11-ից 19 միլիոն բնակիչներ կդատապարտվեն սովամահության:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանը դուրս է եկել ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունից:
Այդ առաջարկով կառավարությանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Մինչդեռ, կազմակերպությունը դեռ ապրիլին ինքն է վճիռ կայացրել Ռուսաստանի անդամությունը չեղարկելու մասին:
Դրանից հետո Մոսկվան հայտարարել է, թե այդ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունում գերիշխող դիրքեր գրաված Եվրամիության երկրները քաղաքականացնում են իրենց գործունեությունը և Ռուսաստանի նկատմամբ խտրական որոշումներ են ընդունում:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
2022 թվականի Բորիս Նեմցովի անվան մրցանակը շնորհվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Բորիս Նեմցովի ազատության հիմնադրամը։
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, այս տարի հիմնադրամը որոշել է մրցանակի համար առաջադրել միայն Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Հիմնադրամի հիմնադիրների և խորհրդի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Ուկրաինայի նախագահը։
«Նեմցովի հիմնադրամը դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ինքը՝ Բորիս Նեմցովը, միշտ դեմ է եղել Ուկրաինայի դեմ պատերազմին»,- ասել է հիմնադրամի համահիմնադիր Ժաննա Նեմցովան:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ երեկ ժամանել է Կիև, հույս է հայտնել, որ ԵՄ երկրների ղեկավարները կկարողանան ընդհանուր դիրքորոշում գտնել կազմակերպությանն անդամակցելու Կիևի դիմումի վերաբերյալ։
«Նպատակն այն է, որ Եվրոպական խորհրդի արդյունքներով մենք ունենանք ընդհանուր դիրքորոշում, որը կարտացոլի իրավիճակի պատմական նշանակությունը», - ասել է նա:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրն ասել է, որ գալիք շաբաթվա ընթացքում մտադիր է հեռախոսով զրուցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ:
Նա հայտնել է, որ ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ ուզում է քննարկել Ուկրաինայից ցորենի անվտանգ արտահանման խնդիրը, որը լուծելու համար պետք կլինի հատուկ միջանցք ապահովել:
«Մեր շտեմարաններում կա մոտ 5 միլիոն տոննա հացահատիկ, մենք առանձնապես անհանգստացած չենք, բայց կցանկանայինք ավելացնել պաշարը», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ապահով միջանցքով ցորենի արտահանումը կարևոր է նաև երրորդ երկրների համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Խարկովում իրավիճակի վերաբերյալ նոր զեկույցում Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել քաղաքի ռմբակոծության ժամանակ կասետային զինամթերքի կիրառման հետևանքով։ Amnesty-ն պնդում է, որ անհերքելի ապացույցներ ունի ռուսական բանակի կողմից կասետային ռումբերի և հակահետևակային ականների բազմակի օգտագործման մասին, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով:
Մոսկվան ավելի վաղ հերքել է արգելված զինամթերքի օգտագործումը ռուսական կողմից։
Իրավապաշտպաններն ասում են, որ Խարկովի բնակելի թաղամասերը հրետակոծվել և ռմբակոծվել են պատերազմի առաջին իսկ օրից, և երկու ամսվա շարունակական հարվածների ընթացքում 1,5 միլիոնանոց քաղաքին հսկայական վնաս է հասցվել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր Եվրահանձնաժողովը մտադիր է քննարկել Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին ու Մոլդովային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում, Ուկրաինայի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացվի ոչ ուշ, քան մինչև այս շաբաթվա վերջը։
Սակայն եթե նույնիսկ հարցը դրական լուծվի, դա կլինի միայն առաջին քայլը շատ երկար գործընթացում։ Նախ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է համաձայնություն տան Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, ինչից հետո սկսվելու են մանրամասն բանակցություններ բարեփոխումների շուրջ, որոնք Կիևը պետք է իրականացնի ԵՄ անդամի բոլոր չափանիշներին համապատասխանելու համար։
Ֆոն դեր Լայենը, ով պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ է այցելում Ուկրաինայի մայրաքաղաք, ասել է, որ չնայած վարչական և այլ բարեփոխումների հաջող ընթացքին՝ դեռ շատ բան կա անելու:
Զելենսկին, իր հերթին, ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հիշեցրել է, որ «Ռուսաստանի նպատակն ամբողջ Եվրոպան է, իսկ Ուկրաինան այդ ագրեսիայի միայն առաջին փուլն է»։
«Այդ իսկ պատճառով, Եվրամիության դրական պատասխանը Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումին կարող է նաև դրական պատասխան լինել այն հարցին, թե արդյոք եվրոպական նախագիծն ապագա ունի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է, սակայն գլխավոր հարցն այն է, թե դրա համար Կիևն ինչ գին է վճարելու։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` հավելելով, որ Արևմուտքի խնդիրն է անել այնպես, որ Կիևը ստիպված չլինի տարածքային զիջումների և անկախության կորստի գնալ։
Նրա խոսքերով` Ուկրաինան պատրաստ չէ խաղաղության ամեն գնով։
«Ես չէ, որ պետք է դատեմ, թե որքան բարձր գին է վճարելու Ուկրաինան։ Մենք նույնպես գին ենք վճարում, որովհետև աջակցություն ենք ցուցաբերում ու պատժամիջոցներ սահմանում, սակայն կասկած չկա, որ հենց ուկրաինացիներն են ամեն օր ամենաբարձր գինը վճարում»,- ընդգծել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը։
Ստոլտենբերգի կարծիքով` ռազմական գործողությունների դադարեցման ամենալավ ուղին Ռուսաստանի նախագահի կողմից պատերազմից հրաժարվելն է, քանի որ միայն Կրեմլն է պատասխանատու պատերազմի համար։