- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևը հաստատեց՝ փողոցային մարտերի ընթացքում ռուսական զորքերին հաջողվել է ուկրաինացի զինվորականներին դուրս մղել Սևերոդոնեցկի կենտրոնից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ քաղաքի տարածքի մոտ 70 տոկոսը անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինացի պաշտոնյայի վկայությամբ՝ այժմ ուկրաինացի զինվորականները վերահսկում են հիմնականում քաղաքի արևելքում գտնվող արդյունաբերական գոտու տարածքը, ուկրաինական աղբյուրների համաձայն՝ այդ շրջանում գտնվող «Ազոտ» գործարանում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են պատսպարվում։
Նախօրեին հաղորդվել էր Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը կապող՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած բոլոր կամուրջների ոչնչացման մասին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի տնօրեն Դեն Սմիթի կարծիքով՝ աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ամենաբարձրն է «սառը պատերազմից» ի վեր։ Այդ մասին ասվում է աշխարհում սպառազինության վիճակի մասին կառույցի ամենամյա զեկույցում:
«Չնայած վերջին տարում զգալի առաջընթաց է գրանցվել միջուկային սպառազինությունների վերահսկման և միջուկային զինաթափման ոլորտում, միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ ավելի մեծ է, քան երբևէ «սառը պատերազմից» ի վեր»,- նշել է SIPRI-ի տնօրենը:
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ 9 միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները, «ու թեև միջուկային զենքերի ընդհանուր թիվը փոքր-ինչ նվազել է 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվար, ամենայն հավանականությամբ հաջորդ տասնամյակում կաճի»:
2022 թվականի առաջին ամիսների դրությամբ 12 հազար 705 մարտագլխիկներից մոտ 9 հազար 440-ը գտնվում էին ռազմական պահեստներում՝ հնարավոր օգտագործման համար։ Դրանցից մոտ 2 հազար միավոր, որոնք պատկանում են Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին, գտնվում էին բարձր պատրաստության վիճակում:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը` պնդելով, որ դա հակասում է երկրի ազգային շահերին։
«Եվրամիությունը Ռուսաստանին ամեն օր մեկ միլիարդ դոլար է վճարում։ Պատերազմի սկզբից ի վեր 90 միլիարդ դոլար է մտել Ռուսաստան այն առևտրի արդյունքում, որը դեռևս Եվրոպան ունի Ռուսաստանի հետ», - հայտարարել է Ղարիբաշվիլին և հավելել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումը Վրաստանի համար կնշանակի «խզել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»։
Վրաստանի առաջնորդի խոսքով` դա անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանում բնակվող մեկ միլիոն վրացիների, այլև Վրաստանի չորս միլիոն քաղաքացիների վրա։
«Ինչ է` մենք ազգային շահեր չունե՞նք, թե՞ այստեղ մարդիկ չեն ապրում, թե՞ վրաց ժողովուրդը նորից ուզում է պատերազմ, ճնշում, տարածքների, պետականության կորուստ», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի ղեկավարը միևնույն ժամանակ հավելել է, որ Բրյուսելից «արդար որոշման» է սպասում Եվրամիության անդամ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Հունիսի 13-ի առավոտյան 18 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը հասել է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող նավահանգիստ: Երթուղին անցնում էր Բալթիկ ծովով։ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր սա հացահատիկի առաջին առաքումն է, որը ծովային ճանապարհով հասել է Եվրամիության երկիր, հայտնում է CNN-ը։
Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Դմիտրո Սենիկը նախօրեին Reuters-ին ասել է, որ Կիևը նոր երթուղի է մշակում՝ Ռումինիայի, Լեհաստանի և բալթյան երկրների տարածքով 22 միլիոն տոննա հացահատիկն արտահանելու համար։
Ուկրաինան հացահատիկ արտահանող չորրորդ երկիրն է աշխարհում, պատերազմի պատճառով արգելափակված են Ուկրաինայի նավահանգիստների մեծ մասը։ Անցած օրերին Թուրքիան պատրաստակամություն է հայտնել օգնելու Ուկրաինային նավահանգիստների ապաշրջափակման հարցում, սակայն ուկրաինական իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ծովային միջանցքը Օդեսայի վրա հարձակվելու համար, եթե նավահանգիստների մուտքը ականազերծվի։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ավելի քան 15 հազար քաղաքացիներ, որոնց անձնական կարողությունը մեկ միլիոն դոլար է կամ գերազանցում է այդ գումարը, կարող են այս տարվա ընթացքում հեռանալ Ռուսաստանից: Այդ մասին այսօր հայտնել է համաշխարհային տնտեսական միգրացիայի հարցերը լուսաբանող Henley&Partners վերլուծական կենտրոնը:
Henley&Partners-ը նշում է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան այսօրվա դրությամբ քիչ հարմար են ռուսաստանցիների համար, որոնց ֆինանսական միջոցների վերաբերյալ այդ երկրներում կարող են ծագել որոշակի իրավական հարցեր:
Այսօր, ըստ Henley&Partners-ի, ունևոր ռուսների համար արտագաղթի առումով ամենագրավիչ երկիրը հավանաբար Արաբական Միացյալ Էմիրություններն է: Ռուսական միգրացիայի մյուս հավանական ուղղություններն են Ավստրալիան, Սինգապուրը, Իսրայելը, Մալթան, Մոնակոն և Մավրիկիոսը:
Ուկրաինան, Henley&Partners-ի վերլուծաբանների գնահատմամբ, մինչև տարեվերջ կարող է լքել մոտ 2 հազար 800 դոլարային միլիոնատեր, ինչը միլիոն և ավելի գումար ունեցող քաղաքացիների 42 տոկոսն է:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Ուկրաինային Եվրամիության անդամի պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրամադրել, սակայն վերջնական որոշումը մնում է Եվրոպական խորհրդին, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների, որոնք ծանոթ են երեկ Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներին։
Քննարկումները հաջորդեցին հանգստյան օրերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի անսպասելի այցին Կիև, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկեց Ուկրաինայի անդամակցության հայտը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօրվանից Եվրամիությունը ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում SWIFT միջբանկային համակարգից անջատում է ռուսական խոշորագույն «Սբերբանկ» դրամատունը, ինչպես նաև «Ռոսսելխոզբանկ»-ը և Մոսկովյան վարկային բանկը։
Պատժամիջոցները համաձայնեցվել են մայիսի վերջին՝ եվրոպացի առաջնորդների երկարատև և ինտենսիվ խորհրդակցություններից հետո։ Մի քանի օր անց սահմանափակումների մեծ մասն ուժի մեջ է մտել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 288 երեխա, 527-ը՝ վիրավորվել, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Ըստ ամփոփագրի՝ երեխաների մեծ մասը տուժել են Դոնեցկի, Խարկովի, Կիևի, Չեռնիգովի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևի, Զապորոժիեի և Սումիի մարզերում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայում շարունակվող դաժան պատերազմի պայմաններում, որը հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուկրաինացիները կարողանում են նաև ծիծաղել այդ սարսափների վրա։ Անտոն Տիմոշենկոն կատակերգու գործընկերների հետ ելույթներ է ունենում Կիևի ակումբի նկուղում։
«Կարծում եմ՝ պատերազմում սա հոգեկան առողջությունը փրկելու միակ միջոցն է, քանի որ ես փող չունեմ պսիխոթերապևտի համար»,- ասել է կատակերգու Տիմոշենկոն՝ հավելելով, թե տոմսի արժեքը 8-10 դոլար է, շատ ավելի էժան, քան հոգեբանական օգնության ծառայությունը։
Կիևի ակումբի նկուղում յուրաքանչյուր շաբաթավերջին անցկացվող ներկայացումների մասին հաղորդում պատրաստած Associated Press-ը հիշեցնում է, որ Ուկրաինայի ամենահայտնի կատակերգուն հիմա երկրի նախագահն է։ Նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկին ընտրվեց 2019 թվականին։ «Ժողովրդի ծառա» կատակերգական հեռուստասերիալում նա խաղում էր դպրոցի ուսուցչի դեր, ով անսպասելիորեն դառնում է երկրի նախագահ։ Վլադիմիր Զելենսկին իսկապես դարձավ երկրի նախագահ, իսկ փետրվարի 24-ից հետո նա դարձել է պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդ։ Նրա ամենօրյա տեսաուղերձները հաճախ մռայլ են և ուժով առլեցուն, նշում է մեկնաբանը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) նախօրեին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը բարդացնում է պարենային գլոբալ ապահովությունը՝ բարձրացնելով սննդամթերքի գները և սպառնալով գալիք տարվա բերքահավաքին։
Կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն, ելույթ ունենալով Հռոմում բացված FAO-ի խորհրդի 170-րդ նստաշրջանում, ընդգծել է առկա հակամարտությունների ազդեցությունը պարենային ապրանքների գների և մատակարարման շղթաների վրա։
«Ուկրաինայի պատերազմը և աշխարհի այլ հակամարտությունների ազդեցությունը պարենային գլոբալ անվտանգության վրա պահանջում է մեր ամբողջական վերլուծությունը, տեխնիկական մոտեցումներ և համապատասխան գործողություններ։ Ուկրաինայի պատերազմը և այլ մարտահրավերներ նվազեցրել են պարենի, անասնակերի և վառելիքի արտահանումը, ինչը հանգեցրել է պարենային ապրանքների գների հետագա բարձրացմանը և վտանգի տակ դրել 2023 թվականի բերքը»,- ասել է Դոնգյուն։