- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Լոնդոնում «Գաթվիք» միջազգային օդանավակայանում Բրիտանիայից հեռանալու փորձի պահին ձերբակալվել է մի տղամարդ, ով, ենթադրաբար, լրտեսել է հօգուտ Ռուսաստանի:
Ոստիկանները կասկածյալի անունը չեն հաղորդել, չկան տեղեկություններ նրա քաղաքացիության և զբաղմունքի մասին: Հայտնի է միայն, որ նա մոտ 40 տարեկան է:
The Times պարբերականի փոխանցմամբ, ձերբակալությունն իրականացրել է Անգլիայի ոստիկանության՝ «Սքոթլենդ Յարդ»-ի (Scotland Yard) հակաահաբեկչական ստորաբաժանումը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ևս 1 միլիարդ դոլարի զենք և զինամթերք։ Հերթական այս փաթեթը կներառի հաուբիցներ և դրանց համար նախատեսված զինամթերք, հրթիռային կայաններ։
Կիևին լրացուցիչ օգնության մասին երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հարցը նախապես քննարկելով ուկրաինացի պաշտոնակցի հետ:
«Ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ, որ Միացյալ Նահանգները ևս 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ ներառյալ լրացուցիչ հրետանային և առափնյա պաշտպանության միջոցներ, ինչպես նաև զինամթերք ու հրթիռային համակարգեր, որոնք անհրաժեշտ են ուկրաինացիներին Դոնբասում իրենց պաշտպանական գործողությունների համար», - ասվում է Բայդենի հայտարարությունում։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է նաև, որ բացի ռազմական օգնությունից, Վաշինգտոնը 225 միլիոն դոլար էլ հատկացրել է որպես հումանիտար օգնություն։ Այդ գումարը, ըստ ամերիկացի առաջնորդի, կուղղվի մարդկանց մաքուր ջրով, դեղորայքով, սննդով, փախստականներին ապաստաններով և ընդհուպ կարիքավորներին նպաստներով ապահովելու համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանին պատժամիջոցներով խեղդելու Միացյալ Նահանգների փորձերն արդյունք չեն տալիս, միջազգային փորձագետները, այդ թվում՝ Ամերիկայից, արդեն խոստավանում են դա, РИА "Новости" լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա հավաստմամբ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն չկա Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ սահմանելուց հետո։
Վլադիմիր Պուտինի խոսնակը նաև պնդել է, որ ամերիկյան ռազմական օգնությունը միայն վնաս է հասցնում Ուկրաինային։
«Միացյալ Նահանգներն Ուկրաինային զինելով երկարաձգում է նրա դժբախտությունները, ձգձգում է Ուկրաինայի, Ուկրաինայի ժողովրդի համար վատ այս շրջանը», - ասել է Պեսկովը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 4 հազար 452 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 5 հազար 531-ը՝ վիրավորվել։
Հատուկ ընդգծվում է, որ զոհերի թիվն ավելի մեծ է, քանի որ դեռևս հնարավոր չէ հաստատել Մարիուպոլում, Սևերոդոնեցկում և ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող այլ բնակավայրերում մահացածների մասին տվյալները։
Ուկրաինական պատերազմը հանգեցրեց նրան, որ առաջին անգամ ամբողջ աշխարհում իրենց տները հարկադրված լքածների թիվը գերազանցեց 100 միլիոնը։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ պատերազմի պատճառով սովը կարող է ստիպել ավելի շատ մարդկանց թողնել իրենց բնակավայրը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4,8 միլիոնը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ առաջիկա օրերին առաջընթաց է ակնկալում ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում։
Խոսքը Ռուսաստանի կողմից Սև և Ազովի ծովերի նավահանգիստների արգելափակման մասին է, ինչի պատճառով Ուկրաինան չի կարողանում արտահանել 22 միլիոն տոննա հացահատիկ։
Երեկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է նավերի անվտանգ անցում ապահովել ուկրաինական հացահատիկը ծովով արտահանելու համար, սակայն համապատասխան ջրային տարածքը պետք է մաքրվի ականներից։
Միաժամանակ, թուրքական TRT հեռուստաալիքը հայտարարել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան պաշտպանության նախարարությունների միջոցով արտակարգ կապի խողովակ են ստեղծել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր ժամանել են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Պետությունների ղեկավարներն Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել գնացքով։ Կիևում գնացքից իջնելով՝ Մակրոնն ասել է, որ այցելելու են նաև ռուսական զորքերի գործողություններից տուժած վայրեր։ «Սա կարևոր պահ է: Սա ուղերձ է ուկրաինացիներին եվրոպական միասնության մասին», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն ավելի ուշ կմիանա քաղաքական գործիչներին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի իշխանությունները սանկցիոն ցուցակում են ընդգրկել ռուս ուղղափառների առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին (Վլադիմիր Գունդյաև):
Պատժամիջոցները ենթադրում են մուտքի արգելք և ակտիվների սառեցում:
Ըստ Լոնդոնի, նման որոշում է կայացվել, քանի որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Պատրիարքը հրապարակավ բազմիցս հանդես է եկել Կրեմլի քաղաքականությունը սատարող հայտարարություններով:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրահանձնաժողովն այսօր վերջնական քննարկում կանցկացնի Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի դիմումի վերաբերյալ և կհայտարարի իր դիրքորոշման մասին, որն այնուհետև կներկայացվի ԵՄ առաջնորդներին՝ քաղաքական որոշում ընդունելու համար:
Նախօրեին Կիև էին այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը։ Նրանք բոլորն էլ կողմ արտահայտվեցին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։
Հարցը կքննարկվի հունիսի 23-24-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կիևից ստացվող հաղորդումները, НТВ հեռուստաալիքին ասել է, որ եթե ԵՄ-ն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տա, ապա կանտեսի նման կարգավիճակ տրամադրելու իր իսկ չափանիշները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց՝ փետրվարի 24-ից մինչև հունիսի 15-ը գրանցել է քաղաքացիական անձանց զոհվելու 4 հազար 481 և վիրավորվելու 5 հազար 565 դեպք, ընդհանուր՝ 10 հազար 46 տուժած խաղաղ բնակիչ։
Խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել կամ վիրավորվել է ծանր հրետանու և համազարկային հրթիռային կայանների, հրթիռային և օդուժի հարվածների հետևանքով։
ՄԱԿ-ը կարծում է, որ իրական թվերը շատ ավելին են, քանի որ որոշ վայրերից, որտեղ ինտենսիվ մարտեր են ընթանում, տեղեկատվության ստացումն ուշանում է, և շատ հաղորդումներ դեռ սպասում են հաստատման։ Դա վերաբերում է, օրինակ, Դոնեցկի մարզի Մարիուպոլ, Խարկովի մարզի Իզյում և Լուգանսկի մարզի Պոպասնայա բնակավայրերին, որտեղից ստացվել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի մասին հաղորդումներ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Coca-Cola Hellenic Bottling Company (HBC) ընկերությունը՝ Ռուսաստանում Coca-Cola-ի արտադրանքի դիստրիբյուտորը, հայտարարել է, որ դադարեցնում է արտադրությունն ու վաճառքը երկրում։
Ըստ Reuters լրատվական գործակալության՝ դա տեղի կունենա, երբ Ռուսաստանում սպառվեն ընկերության ապրանքի առկա պաշարները։
Դիստրիբյուտորի վկայությամբ՝ այս պահին պաշարներն արդեն ավարտվում են։