- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների համատեղ այցը Ուկրաինա, ինչպես նաև Ռումինիայի նախագահի ժամանումը Կիև պատմական իրադարձություններ էին։ Ուկրաինայի ղեկավարն այս մասին հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում՝ նշելով, որ Եվրամիության առաջատար պետությունները կողմ են Կիևին դաշինքի անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակի շնորհմանը։
«Ուկրաինան զգաց եվրոպական չորս ազդեցիկ պետությունների աջակցությունը՝ մասնավորաբար Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Բոլոր չորս առաջնորդներն էլ՝ պարոնայք Դրագին, Յոհաննիսը, Մակրոնը և Շոլցը, աջակցում են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Բնականաբար, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պետք է պահպանվեն, սակայն մեր այսօրվա հանդիպումը մի մեծ քայլ էր առաջ», - նշում էր Զելենսկին։
«Ինձ համար շատ կարևոր էր նաև մեկ այլ հիմնարար հայտարարություն, որ հնչեց այսօրվա հանդիպման ընթացքում։ Եվրոպացի առաջնորդները համակարծիք են, որ պատերազմի ավարտն ու խաղաղությունը պետք է համապատասխանեն Ուկրաինայի պատկերացումներին», - նաև ասել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ֆրանսիայի նախագահը չի բացառում, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում կարող է այցելել Մոսկվա։ Այս մասին Էմանյուել Մակրոնը նշել է ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես իհարկե նման այցը չեմ բացառում, բայց դա հենց այնպես չպետք է տեղի ունենա։ Նման այցը Ռուսաստանի նախագահից որոշակի քայլեր և ժեստեր է պահանջելու», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիական մեկ այլ հեռուստաընկերության՝ BFM-ի հետ զրույցում Մակրոնը նշել է, որ շփման մեջ կմտնի Վլադիմիր Պուտինի հետ ամեն անգամ, «երբ դա օգտակար լինի»։
Դրա հետ մեկտեղ, Մակրոնը նշել է, թե Փարիզը շարունակելու է անել հնարավորը, որ «Ուկրաինան հաղթի այս պատերազմում»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Այս մասին քիչ առաջ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լայենը։
«Ուկրաինան հստակորեն ի ցույց է դրել եվրոպական արժեքների և չափանիշներին համապատասխան ապրելու իր ցանկությունն ու վճռականությունը», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախապես չհայտարարված այցով մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Դա պատերազմի մեկնարկից հետո Ջոնսոնի արդեն երկրորդ այցն է Ուկրաինա: Անցած անգամ նա ապրիլի 9-ին է մեկնել Կիև:
«Ուրախ եմ վերստին գտնվել Կիևում», - Թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:
Նախագահ Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինային ծանր սպառազեն տրամադրելու, տնտեսական աջակցություն ցույց տալու, անվտանգության երաշխիքներ ապահովելու և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունները:
Ջոնսոնն առաջարկել է ծրագիր, որով 4 ամիսների ընթացքում Բրիտանիայում կկարողանան հատուկ ուսումնական պատրաստություն անցնել մինչև 10-ը հազար ուկրաինացի զինծառայողներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Սանկտ Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովում ասել է, որ Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները «քվազիպետություններ են», և Ղազախստանը դրանց անկախությունը չի ճանաչի:
«Ընդհանրապես կա գնահատական, ըստ որի եթե ամենուր իրականացվի ազգերի ինքնորոշման սկզբունքն, ապա աշխարհում ներկայիս ՄԱԿ-ին անդամակցած 193 երկրների փոխարեն կլինի 500 կամ 600 երկիր: Դա քաոս կառաջացնի, այդ պատճառով էլ մենք չենք ճանաչում Թայվանը, Կոսովոն, Հարավային Օսիան և Աբխազիան: Եվ, ամենայն հավանականությամբ, նույն սկզբունքը կգործադրվի այնպիսի քվազիպետությունների նկատմամբ, ինչպիսիք են Լուգանսկը և Դոնեցկը»,- հայտարարել է Տոկաևը:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Մեծ Բրիտանիան ուկրաինացի զինծառայողների մարզման լայնածավալ ծրագիր է սկսում», - Միացյալ թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն այս մասին հայտարարել է ուրբաթ երեկոյան՝ Կիևի կատարած այցի ընթացքում։
Ջոնսոնի խոսքով՝ բրիտանացի զինվորականները ամեն 120 օրը մեկ 10 հազարական ուկրաինացի զինծառայողների համար արևմտյան սպառազինության տիրապետմանն ուղղված արագացված վարժանքներ կկազմակերպեն։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ այցելել է Նիկոլաև։ Սա Ուկրաինայի ղեկավարի առաջին այցն է այս քաղաք՝ պատերազմի սկզբից ի վեր։
Նիկոլաևում նրան ուղեկցել է նահանգապետ Վիտալի Կիմը, որի հետ նախագահ Զելենսկին այցելել է ռուսական հրթիռակոծության հետևանքով փլուզված մարզային վարչակազմի շենքի մերձակա տարածք։
Ապրիլին տեղի ունեցած այդ հարվածի հետևանքով, ըստ ուկրաինական աղբյուրների, մարզային վարչակազմի 34 աշխատակիցներ և շենքը հսկող ուժայիններ էին զոհվել։
Սոցցանցերում կատարված գրառման մեջ Զելենսկին նշել է, որ այցի ընթացքում մարզային ղեկավարության հետ քննարկել է մարզի առջև ծառացած հիմնական սպառնալիքները և տիրող տնտեսական կացությունը։
Այցի ընթացքում նահանգապետ Կիմին և քաղաքի պաշտպանության գործում ներգրավված մի շարք զինվորականներին պետական պարգևներ են շնորհվել։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զգուշացրել է, որ պետք է պատրաստվել Ուկրաինայում երկարատև պատերազմին, ինչպես նաև հայտարարել է Ռուսաստանի հետ առճակատման հարցում Կիևին աջակցելու երկարաժամկետ ռազմավարության անհրաժեշտության մասին:
Նա չորս կետից բաղկացած ծրագիր է առաջարկել, որին, իր կարծիքով, պետք է հետևեն արևմտյան երկրները, որպեսզի օգնեն Ուկրաինային խաղաղություն հաստատել իր պայմաններով։
«Մենք գիտենք, որ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայի մասնատման վրա: Անցյալ շաբաթ նա իրեն համեմատեց Պետրոս Առաջինի հետ և Ռուսաստանին տվեց «տարածքները վերադառնալու հավերժական իրավունք», տարածքներ, որոնք երբևէ բնակեցված են եղել «սլավոններով», դա դոկտրին է, որն արդարացնում է Եվրոպայում հսկայական տարածքների բռնագրավումը, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքները»,- նշել է Ջոնսոնը։
Ջոնսոնի խոսքով՝ Պուտինն այժմ անցել է քայքայման պատերազմի, սակայն ժամանակը նրա դեմ է աշխատում։
Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի` Արևմուտքը որպեսզի օգնի Ուկրաինային վերցնել նախաձեռնությունը, պետք է ապահովի Ուկրաինային բոլոր անհրաժեշտ զենքերով, զինամթերքով, ինչպես նաև մարզի նրա զինվորականներին։ Մասնավորապես, Բրիտանիան առաջարկել է 120 օրով 10000 զինվոր պատրաստել:
Արևմուտքը, նրա համոզմամբ, պետք է օգնի Ուկրաինային պահպանել իր պետական ինստիտուտների կայունությունը,
ապահովի ցամաքային երթուղիներ ուկրաինական սննդամթերքի արտահանման համար, նպաստի Ուկրաինայի ծովային նավահանգիստների ապաշրջափակմանը: Դրա համար Ջոնսոնն առաջարկել է համապատասխան զենք տրամադրել Ուկրաինային և դիվանագիտական ջանքեր գործադրել, այդ թվում՝ ՄԱԿ-ում։
Ջոնսոնի խոսքով՝ արևմտյան երկրների նպատակը պետք է լինի այն, որ Ուկրաինան «կարողանա ավարտել այս պատերազմը այն պայմաններով, որոնք կառաջարկի նախագահ Զելենսկին»։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Ռուսաստանը կհայտարարվի անվտանգության, խաղաղության և կայունության համար սպառնալիք, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Բացի այդ, հավելել է գլխավոր քարտուղարը, նոր ռազմավարական հայեցակարգում նշվելու է նաև Չինաստանը, որի ամրապնդումը «մարտահրավեր է նետում դաշինքի շահերին, արժեքներին և անվտանգությանը»։
Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն այնտեղ իր զորքերը չի ուղարկի։ Նա վստահություն է հայտնել, որ զենքի մատակարարումների ավելացման հետ մեկտեղ մեծանում է հավանականությունը, որ Ուկրաինան կկարողանա դուրս բերել ռուսական զորքերը Դոնբասից, սակայն հորդորել է պատրաստ լինել, որ հակամարտությունը կձգձգվի տարիներով։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի վերջին Մադրիդում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ սըր Փեթրիք Սանդերսի համոզմամբ, ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ բրիտանական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին:
Ըստ Սանդերսի, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ Եվրոպայում մեկնարկել է «անապահովության նոր դարաշրջան»:
Գեներալն ասել է, որ նախկինում բրիտանական բանակի հիմնական առաքելությունը բուն Բրիտանիայի պաշտպանությունն էր, բայց եթե առճակատումը Ռուսաստանի հետ թեժանա, ապա բրիտանական ուժերը պետք է պատրաստ լինեն դաշնակիցների հետ միասին կռվել նաև Եվրոպայի մայրցամաքում:
«Մեզ հրատապ կարգով անհրաժեշտ է ստեղծել բանակ, որն ի զորու կլինի հարկ եղած դեպքում դաշնակիցների հետ ուս ուսի տված կռվել և հաղթել Ռուսաստանին»,- ասել է Բրիտանիայի բանակի գլխավոր շտաբի նոր պետը: