Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

13:49 23.6.2022

Մեծ յոթնյակի (G7) և ՆԱՏՕ-ի ղեկավարները կհավաքվեն հաջորդ շաբաթ՝ մշակելու Ռուսաստանի վրա Ուկրաինայում պատերազմի պատճառով ճնշումն ուժեղացնելու նոր ուղիներ, միաժամանակ ընդգծելու իրենց շարունակվող մտահոգությունները Չինաստանի վերաբերյալ, երեկ հայտարարել են ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը կմեկնի Վաշինգտոնից՝ հանդիպելու Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ Գերմանիայի հարավում, հետո կուղևորվի Մադրիդ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին:

13:50 23.6.2022

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 4,5 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 5,7 հազարը՝ վիրավորվել, հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

ՄԱԿ-ը նշում է, որ իրական կորուստները կարող են շատ ավելի մեծ լինել՝ պայմանավորված նրանով, որ ակտիվ ռազմական գործողությունների վայրերից լիարժեք տեղեկատվություն չի ստացվում:

13:53 23.6.2022

Ուկրաինայի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրել է ստախոսության մեջ։

Վրաստանի կառավարության ղեկավարը նախօրեին պնդել է, որ Արախամիան ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից պահանջել է Վրաստանին չտրամադրել Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այդ տեղեկություններն իրեն փոխանցել են եվրոպացի և ամերիկացի գործընկերները։

«Խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք վրացական կառավարության, մասնավորապես՝ վարչապետի բացահայտ արտանետումներին և ֆեյքերին, ով սուտ տեղեկություններ է տարածում օլիգարխի հրամանով», - հայտարարել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչը:

13:54 23.6.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շատ լրջորեն է վերաբերվում լուրերին, թե Ռուսաստանը հացահատիկ է գողանում Ուկրաինայից։ Թուրք պաշտոնյան հավելել է, որ Անկարան հետաքննում է այդ պնդումները:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանի կամ այլ պետության կողմից գողացված հացահատիկը երկիր մտնի։

Իր հերթին, բրիտանացի նախարարը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարումների հետ կապված ճգնաժամը պետք է կարգավորվի հաջորդ ամսվա ընթացքում:

«Մենք միանգամայն հստակ հայտարարում ենք՝ հացահատիկի ներկայիս ճգնաժամը արտակարգ իրավիճակ է, և այն պետք է լուծվի հաջորդ ամսվա ընթացքում, հակառակ դեպքում մենք կարող ենք կործանարար հետևանքների բախվել», - ասել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը։

08:21 24.6.2022

Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման ֆոնին Գերմանիայում սահմանվել է երկրորդ աստիճանի վթարային պլան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Վթարային պլանի առաջին աստիճանը՝ վաղ նախազգուշացման ռեժիմը, հայտարարվել է մարտի վերջին՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ Տագնապային ռեժիմի երկրորդ մակարդակն ակտիվանում է գազի մատակարարման ընդհատման կամ գազի չափազանց մեծ պահանջարկի դեպքում: Միաժամանակ, այս փուլում ենթադրվում է, որ շուկան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրները՝ առանց ոչ շուկայական բնույթի միջոցներ ձեռնարկելու։

Արդեն մեկ տարի է, ինչ Ռուսաստանը աստիճանաբար կրճատում է գազի մատակարարումները ԵՄ, սակայն այս շաբաթ դրանք իջել են տասնամյակների ընթացքում աննախադեպ մակարդակի։

08:23 24.6.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուս-բելառուսական ՀՕՊ համակարգը անհապաղ ամրապնդման կարիք ունի։

«Հանգամանքները թելադրում են հրատապ համատեղ միջոցներ ձեռնարկել Միութենական պետության պաշտպանունակության ամրապնդման, զորքերի խմբավորումների մարտունակության բարձրացման և ՀՕՊ-ի միասնական տարածաշրջանային համակարգի համար», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Մոսկվայում բելառուս պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է նախարար Շոյգուն։

Ռուսաստանյան ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր այդ հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում, և Մոսկվան պատրաստ է «ցանկացած աջակցություն ցուցաբերել բելառուս ընկերներին»։

08:25 24.6.2022

Եվրամիության առաջնորդները Բրյուսելում շարունակվող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային և Մոլդովային դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել, երեկ երեկոյան հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Համաձայնություն: Եվրոպական խորհուրդը հենց նոր որոշեց ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ է: Այսօր դուք կատարել եք ամենակարևոր քայլը դեպի Եվրամիություն ճանապարհին», - Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ շնորհավորելով Ուկրաինայի ու Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիին և Մայա Սանդուին։

16:33 24.6.2022

Եվրամիության առաջնորդները Բրյուսելում գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են, որ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային, միևնույն ժամանակ ուժեղացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պատերազմը դադարեցնելու համար։ Դա արձանագրված է Եվրամիության 27 երկրների ղեկավարների կողմից երեկ Բրյուսելում ընդունված եզրակացությունում։

«Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն է՛լ ավելի է մեծացնում ճնշումը Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայի դեմ պատերազմը: [...] Պատժամիջոցների հետ կապված աշխատանքը կշարունակվի...: Եվրոպական խորհուրդը կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես՝ թեկնածու երկրներին, միանալ ԵՄ պատժամիջոցներին», - ասված է հայտարարության մեջ։

Եվրամիությունը նաև մինչև այս տարվա վերջ Ուկրաինային կտրամադրի մինչև 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։ Միության երկրները կշարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:

«Եվրամիությունը հաստատակամորեն հավատարիմ է հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելուն՝ օգնելու Ուկրաինային իրացնել ռուսական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանության իր անօտարելի իրավունքը և պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - ասված է փաստաթղթում:

16:35 24.6.2022

Ուկրաինայի կառավարության Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գրասենյակի ղեկավար Նատալյա Ֆորսյուկի խոսքով՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ակնկալվող ժամկետը 2029 թվականն է։

«Ավելի շուտ դա քիչ հավանական է, քանի որ հսկայական քանակությամբ օրենսդրություն պետք է ընդունվի և ուժի մեջ մտնի: Մենք պետք է ապրենք եվրոպական օրենքներով», - ասել է Ֆորսյուկը:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նախապատրաստման շուրջ բանակցությունների մեկնարկը սպասվում է հաջորդ տարվա սկզբին։

16:36 24.6.2022

Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայն ուրբաթ առավոտյան գրել է, որ ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սևերոդոնեցկը։

«Ցավոք, մենք ստիպված կլինենք դուրս բերել մեր զինվորականներին Սևերոդոնեցկից, քանի որ անիմաստ է լինել ջախջախված դիրքերում. զոհերի թիվն աճում է», - գրում է Գայդայը։

Ըստ շրջվարչակազմի ղեկավարի՝ Սևերոդոնեցկում, որը ռուսներն ամեն օր ռմբակոծում են արդեն չորս ամիս, շենքերի 90 տոկոսը ավերվել կամ վնասվել է։

Բացի այդ, Գայդայը հայտնել է, որ ռուսները գրավել են նաև Նիկոլաևկա գյուղը՝ Լիսիչանսկի հարավ-արևմուտքում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG