- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Մեծ յոթնյակի հռչակագրի նախագծում ասվում է․ աշխարհի ամենազարգացած երկրները Ուկրաինային ռազմական, հումանիտար, դիվանագիտական աջակցություն կտրամադրեն այնքան, որքան անհրաժեշտ է։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մտադիր է այցելել Ռուսաստան և Ուկրաինա։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վիդոդոն իր այցն անվանում է «խաղաղապահ առաքելություն» և մտադիր է կոչ անել երկու երկրների նախագահներին հնարավորություն ստեղծել երկխոսության համար։ Ինդոնեզիայի նախագահն ասիական առաջին ղեկավարն է, ով այցելելու է Ռուսաստան և Ուկրաինա ռազմական գործողությունների սկսվելուց հետո:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները ծրագրում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար միջին և մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության արդիական համակարգեր գնելու մասին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով Գերմանիայում մասնակցում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, վերջերս հաստատել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք:
Ուկրաինայի նախագահն Արևմուտքին կոչ է արել հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային:
«Մեզ անհրաժեշտ է հզոր հակաօդային պաշտպանություն՝ ժամանակակից, լիովին արդյունավետ, որը կարող է ապահովել ամբողջական պաշտպանություն այդ հրթիռներից: Մենք այդ մասին ամեն օր խոսում ենք գործընկերների հետ», - երեկ երեկոյան իր հեռուստաուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ակնկալվում է, որ այսօր կայանալիք G7-ի գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաշխարհային առաջնորդներին կոչ կանի՝ հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ուկրաինայից հիմնական սննդամթերքի արտահանումը, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:
Ռուսաստանի կողմից ուկրաինական խոշոր նավահանգիստների շրջափակումը և այլ լուրջ կառուցվածքային խնդիրներ, որոնք առաջացել են ռուսական ներխուժման հետևանքով, այս տարի հանել են ուկրաինական արտադրանքը համաշխարհային շուկայից:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինան մատակարարում է համաշխարհային ցորենի 10 տոկոսը, եգիպտացորենի 12-17 տոկոսը, արևածաղկի ձեթի կեսը։ 25 միլիոն տոննա եգիպտացորեն և ցորեն չի կարող արտահանվել և ներկայումս ուկրաինական պահեստներում փտելու վտանգի տակ է: Այս խնդիրը հուլիսյան բերքահավաքի հետ կապված կտրուկ կսրվի։
Ռուսաստանի գործողությունների հետևանքով բարձրացրել են գները մի շարք երկրներում, նաև Մեծ Բրիտանիայում, թեև Մեծ Բրիտանիան ուղղակիորեն կախված չէ ուկրաինական հացահատիկի արտահանումից:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի թուրքական տնտեսությանը, քան՝ ռուսականին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Փաստորեն, Անկարան, պաշտպանելով իր շահերը, չմիացավ այն սահմանափակումներին, որոնք շատ երկրներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակումից հետո։ Ըստ Քալընի՝ Արևմուտքը հասկացել է այս դիրքորոշումը։
Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան կախված է էներգակիրների արտասահմանյան աղբյուրներից, ուստի «Ռուսաստանի հետ նույնպես զարգացնում է հարաբերությունները, ինչպես Իրանի հետ»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Հազարավոր ցուցարարներ երեկ դուրս էին եկել Մադրիդի փողոցներ՝ բողոքելով այս շաբաթ Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ։
ՆԱՏՕ-ի առաջնորդները հունիսի 29-30-ը կհանդիպեն Մադրիդում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման աննախադեպ մարտահրավերի ֆոնին, որին բախվում է դաշինքը:
Ցուցարարները պնդում էին, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ավելացումը սպառնալիք է խաղաղության համար:
Ըստ կազմակերպիչների՝ երթին մասնակցել է 5 հազար մարդ, սակայն Մադրիդի իշխանությունները մասնակիցների թիվը գնահատել են 2,2 հազար։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Reuters գործակալության փոխանցմամբ, աշխարհի առավել զարգացած յոթ պետությունները, Գերմանիայում ընթացող գագաթաժողովի շրջանակներում, պատրաստվում են Մոսկվայի դեմ համակարգված ճնշման նոր միջոցներ մշակել։ Այս մասին համաժողովին հավատարմագրված լրագրողներին հայտնել է ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկը։
«Խոսքը, մասնավորաբար, Ռուսաստանից ներկրվող նավթի առավելագույն գնի սահմանման մասին է», - հաղորդում են Reuters-ի աղբյուրները՝ ընդգծելով, որ նման քայլը կարող է զգալիորեն սահմանափակել այն ֆինանսական միջոցները, որ Ռուսաստանի կառավարությունը ծախսում է Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու համար։
Սպիտակ տան հայտարարության համաձայն, աշխարհի առավել զարգացած յոթ պետությունները մտադիր են նաև սահմանափակել Ռուսաստանում արդյունահանված ոսկու ներկրումը։
«Հարկ է նկատել, որ ոսկին ռուսական բյուջեի ամենաշահութաբեր հոդվածն է, էներգակիրների արտահանումից հետո», - նշված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այսօր դիմելով Գերմանիայում ընթացող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցներին, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը հարկավոր է ավարտել մինչև տարեվերջ, մինչև ձմեռային ցուրտ եղանակի հաստատումը։ ԵՄ-ն ներկայացնող երկու բարձրաստիճան դիվանագետներին վկայակոչելով՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Զելենսկին առաջատար արևմտյան պետությունների ներկայացուցիչներին նաև կոչ է արել Կիևին ՀՕՊ արդիական համակարգեր տրամադրել, ինչպես նաև էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Արտարժութային պարտավորություններով տեղի ունեցած դեֆոլտի մասին պնդումներին Մոսկվայում համաձայն չեն», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Bloomberg գործակալության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, ռուսական պարտատոմսերի արևմտյան սեփականատերերը հերթական վճարումները չեն ստացել։
«Դեռ մայիս ամսին այդ վճարումները կատարվել են։ Եթե այդ միջոցները ինչ-որ տեղ սառեցվել են և չեն հասել հասցեատերերին, դա արդեն մեր խնդիրը չէ», - հայտարարել է Պեսկովը։
Bloomberg -ը պնդում է, որ «Ռոսիա 2026» և «Ռոսիա 2036» պարտատոմսերով վճարումների վերջնաժամկետն այսօր էր, և քանի որ դրանք չեն իրականացվել, դեֆոլտը կարելի է կայացած փաստ համարել։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր ժամանել է Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաք՝ ծանոթանալով այստեղ փետրվար-մարտ ամիսներին՝ ռուսական ուժերի զավթման ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։
«Մոլդովան խոցելի և փխրուն երկիր է, և Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ևս մեկ անգամ վկայեց, որ վտանգը չի վերացել», - նշել է Սանդուն։
Մոլդովայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը վկայեց, որ պետք է անել հնարավորը՝ ինքնիշխան պետություններ ներխուժող երկրներին զսպելու համար։