- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունի խոսքով, ռուսական զորքերը մասնակի հաջողությունների են հասել Բախմուտի ուղղությամբ։
Ըստ ուկրաինացի զինվորականի, այստեղ նրանց հաջողվել է ամրանալ Կլիոնովեյե գյուղի հարավային հատվածում և դեպի Բախմուտ տանող E-40 ավտոճանապարհի մերձակայքում՝ Ուկրաինայի խոշորագույն Ուգլեդարի ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից հայտարարված պատժամիջոցների նոր փաթեթը խաթարում է միջազգային տնտեսական կայունությունը և խախտում է խաղի կանոնները բոլոր տնտեսությունների համար, ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Նոր խոչընդոտները, որոնք ազդում են այդ թվում ոսկու շրջանառության և արդյունաբերական արտահանման վրա, խախտում են սահմանված խաղի կանոնները բոլոր տնտեսությունների համար»,- ասել է Անտոնովը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է նախաձեռնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացում:
Բորիս Ջոնսոնի կարծիքով՝ դաշինքի անդամ երկրները պետք է իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսից ավելին ծախսեն ռազմական կարիքների վրա։ Նա Մադրիդի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ կանի մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման, հայտնել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Խերսոնում ռուսական զորքերի կողմից նշանակված իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի այդ մարզը Ռուսաստանին միացնելու հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։
«Մենք պատրաստվում է հանրաքվեի, և մենք այն կանցկացնենք։ Խերսոնի մարզը որոշում կընդունի Ռուսաստանի Դաշնությանը միանալու՝ դառնալով լիարժեք սուբյեկտ», - հայտարարել է ռուսամետ ժամանակավոր վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը՝ ենթադրելով, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ աշնանը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ օկուպացված Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ապագա կարգավիճակի հետ կապված որոշումները կկայացնեն այդ տարածքների բնակիչները։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգները մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան կառավարությունը պլանավորում է Իսպանիայում տեղակայված կործանիչների թիվը 4-ից հասցնել 6-ի, Գերմանիայում և Իտալիայում ուժեղացնել ամերիկյան հակաօդային պաշտպանությունը, Մեծ Բրիտանիա ուղարկել F-35 ռազմական ինքնաթիռների երկու լրացուցիչ էսկադրիլիա, Լեհաստանում տեղակայել 5-րդ բանակի մշտական շտաբը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Սիրիան պաշտոնապես ճանաչել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, տեղեկացնում է պետական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։
Սա ՄԱԿ-ի երկրորդ անդամ երկիրն է Ռուսաստանից հետո, որը ճանաչում է ուկրաինական շրջանները` որպես անկախ պետություններ։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Դամասկոսի պատրաստակամության մասին հաղորդվել է դեռևս փետրվարին։
Սիրիայի դիվանագիտական գերատեսչության SANA-ի աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Բաշար ալ-Ասադի կառավարությունը բանակցություններ կսկսի երկու այսպես կոչված` հանրապետությունների հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և փոխադարձ համագործակցության շրջանակներում։
Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը ալ-Ասադի կառավարության առանցքային դաշնակիցներն են, որոնք անցած տասնամյակի ընթացքում Սիրիայի իշխող ռեժիմին օգնել են պահպանել իշխանությունը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ուկրաինա են վերադարձել 144 զինվորականներ, այդ թվում` 23 սպա և 69 սերժանտ։ Ուկրաինական կողմը նշում է, որ գերությունից վերադարձած զինվորականներից 95-ը Մարիուպոլում գտնվող Ազովստալի պաշտպաններն են, նրանց թվում «Ազով» գումարտակի տասնյակ զինյալներ կան: Կիևը պնդում է, որ շատերը ծանր վնասվածքներ ունեն։
Ինքնահռչակ Դոնեցսկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Դենիս Պուշիլինը, իր հերթին, հայտարարել է, որ փոխանակումն իրականացվել է 144-ը 144-ի դիմաց։ Սա ամենախոշոր փոխանակումն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր։
Թե Ռուսաստանը, թե Ուկրաինան գերիների մասին թվային տվյալներ չեն հաղորդում, հայտնի է, որ մայիսին ուկրաինական Մարիուպոլում ռուսական կողմին են հանձնվել ավելի քան 2 հազար զինվորականներ, որոնք շուրջ երեք ամիս պաշտպանում էին այդ քաղաքը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Բրիտանիան հայտարարել է ևս 1 միլիարդ ֆունտ ստերլինգ (1,2 միլիարդ դոլար) Ուկրաինայի զինված ուժերին տրամադրելու մասին: Այդ մասին ասված է չորեքշաբթի երեկոյան Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
«Բրիտանական զենքը, տեխնիկան և ռազմական ուսուցումը փոխում են Ուկրաինայի պաշտպանությունը այս ներխուժումից», - ասել է Ջոնսոնը՝ շարունակելով. - «Եվ մենք կշարունակենք ամուր կանգնել ուկրաինացի ժողովրդի թիկունքում՝ ապահովելու Պուտինի պարտությունը Ուկրաինայում»:
Այսպիսով, տարվա սկզբից Բրիտանիայից Ուկրաինային տրամադրվող տնտեսական ու ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 3,8 միլիարդ ֆունտ ստերլինգ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ապացույցները ցույց են տալիս, որ ռուսական օդուժը դիտավորյալ հարվածների թիրախ է դարձրել Մարիուպոլ քաղաքի թատրոնը, որն օգտագործվում էր որպես ապաստարան, ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում:
Զեկույցում հարձակումը որակվել է որպես ռազմական հանցագործություն:
Մարտի 16-ի ավիահարվածի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր առնչությունը Մարիուպոլի դրամատիկական թատրոնի վրա ավիահարվածին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները Մադրիդի գագաթնաժողովի ժամանակ հաստատել են դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որտեղ «ռուսական ագրեսիան», «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից բխող համակարգային մարտահրավերները» և «ռազմավարական գործընկերության խորացումը» այդ երկու երկրների միջև համարվում են ՆԱՏՕ-ի հիմնական առաջնահերթությունները:
Արևմտյան ռազմական դաշինքի փաստաթղթում Ռուսաստանը բնութագրվում է որպես «ամենաէական և ուղղակի սպառնալիք», ինչպես նաև առաջին անգամ ուշադրություն է դարձվում ՆԱՏՕ-ի անվտանգությանը, շահերին և արժեքներին Պեկինից բխող մարտահրավերներին: